Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվաբնակ ռեժիսորն անդրադարձել է տատին՝ մեծանուն Վերջալույս Միրիջանյանին

Հունվար 18,2017 15:00

«Վերջալույս» ֆիլմը նվիրված է դերասանուհու 100-ամյա հոբելյանին

Օրերս Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում կայացավ ռեժիսոր եւ սցենարիստ Տիգրան Իսկուդարյանի «Վերջալույս» ֆիլմի պրեմիերան՝ նվիրված դերասանուհի Վերջալույս Միրիջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին:
Հայ թատրոնի ու կինոյի պատմությունից հայտնի են սիրված շատ դերասանների անուններ, բայց համաձայնենք, որ այսօրվա մեր սերնդին նրանցից քչեր են հայտնի, ինչի մեջ մեղքի բաժին ունի նաեւ հեռուստատեսությունը: Այս միտքը բազմիցս հայտնել են «Առավոտի» հետ զրուցած անվանի մի շարք արվեստագետներ:

Մյուս կողմից, կասկած անգամ չկա, որ Վերջալույս Միրիջանյանին ճանաչում ու սիրում է այսօրվա դպրոցահասակ երեխան: Պատճառը բազմաթիվ դերերով փայլած դերասանուհու անկրկնելի խաղն է, մասնավորապես՝ կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանի «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմում (1975թ.), որի շատ մտքեր թեւավոր խոսքեր են դարձել: Այնքան տպավորիչ է դերասանուհու խաղը այդ ֆիլմում, որ այսօրվա երիտասարդը, բնականաբար՝ նրան երբեք բեմում չտեսած, երբ դիտում է տիկին Միրիջանյանի մասնակցությամբ նույնպես հայտնի նկարներ, ասենք՝ «Հին օրերի երգը», «Երջանկության մեխանիկա», «Տղամարդիկ», «Մորգանի խնամին», «Ժայռը» եւ այլն (շուրջ 30 ֆիլմ), արտիստին անվանում է Արուսյակ Վարդանյան՝ հերոսուհու անուն-ազգանունով: Իսկ թատերարվեստի մարդիկ՝ եւ միջին, եւ ավագ հանդիսատեսը, առիթի դեպքում հիացմունքով են արտահայտվում Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դերասանուհու կերտած կերպարների մասին՝ նրան համարելով Մայր թատրոնի մեծ տիկին:

Վերջալույս Միրիջանյանն ու Գեւորգ Ասլանյանը:

Չառանձնացնելով ոչ մի դեր, միայն նշենք, որ դերասանուհին բեմ է բարձրացել մեծանուն իր գործընկերների հետ, այդ թվում՝ Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Ավետ Ավետիսյանի, Արուս Ասրյանի, Դավիթ Մալյանի, Բաբկեն Ներսիսյանի, Մետաքսյա Սիմոնյանի, Վարդուհի Վարդերեսյանի եւ այլն: Իհարկե, իսկապես մեծ տիկինը կյանքի օրոք վայելելով համընդհանուր սեր եւ հարգանք, արժանացավ միայն վաստակավոր արտիստի կոչման: Ժամանակին երբ զրուցում էինք Խորեն Աբրահամյանի հետ, նա առանձնացնելով Մայր թատրոնի մի քանի անվանի դերասանուհու, որոնք վաղուց վայելում էին ժողովրդականի կոչումը, մեզ խորհուրդ տվեց, իր խոսքերով՝ Վերջալույս Միրիջանյանին չներկայացնեք իբրեւ վաստակավոր, ամոթ է…

Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝ Հ1-ը նկարահանել է ֆիլմ դերասանուհու մասին՝ նվիրված նրա 100-ամյա տարեդարձին, բայց դեռեւս էկրանին չենք հանդիպել: Ասենք նաեւ, որ մինչ օրս չի նշվել սիրված դերասանուհու ոչ մի հոբելյան:

«Առավոտի» հետ զրույցում «Վերջալույս» ֆիլմի մոսկվաբնակ ռեժիսորը՝ Տիգրան Իսկուդարյանը (լուսանկարում), առանց չափազանցնելու, երկար ժամանակ հիշում ու թվարկում էր տատիկի՝ Վերջալույս Միրիջանյանի՝ իր հանդեպ ունեցած անսահման ջերմ վերաբերմունքը, իհարկե, զրույցի ընթացքում մշտապես դա զուգահեռելով պապիկի՝ ՀՀ ժողովրդական արտիստ Գեւորգ Ասլանյանի մասին հիշողություններով: Մեր զրուցակիցը պատմեց, որ Վերջալույս Միրիջանյանը ծնվել է դեկտեմբերի 22-ին, Վանից Իգդիր գաղթի ճանապարհին: Պապը, իր խոսքերով՝ քաղցր տատիկին հանդիպել է Սունդուկյանի անվան թատրոնին կից ստուդիայում ընդունելության քննության ժամանակ, որտեղ պապը հանձնաժողովի անդամ էր: «Հետո շատ երկար է եղել նրանց ստեղծագործական ուղին, նաեւ՝ խորդուբորդերով: Միայն հիշում եմ, որ տատս միշտ ակնածանքով էր հիշում Գուլակյանին, Վարդան Աճեմյանին եւ ընդհանրապես իր խաղընկերներին: Ասեմ, որ տատիկս իմ կյանքի ցանկացած շրջանում մեծ լումա ունի: Նշեմ գոնե մեկը. 1991թ. երբ ընտանիքով տեղափոխվեցինք Մոսկվա, որտեղ պարզապես ընդհատվեց իբրեւ ստեղծագործողի կարիերաս (իսկ ռեժիսորի դեռեւս ուսանողական տարիներին Երեւանում իրականացրած Ջոն Պատրիկի «Տարօրինակ միսիս Սեւիջ» բեմադրությունը ժամանակին արժանացել է համամիութենական մրցույթի առաջին մրցանակին եւ բազմաթիվ կերպարներ է մարմնավորել Մալյանի անվան թատրոնում, որտեղ հրավիրվել է հենց Հենրիկ Մալյանի առաջարկով: Հետագայում ներկայացումներ է բեմադրել Պատանի հանդիսատեսի թատրոնում) տարիներ անց, 2008թ. միայն Ներսես Հովհաննիսյանի միջնորդությամբ Արմեն Ջիգարխանյանն ինձ ընդունեց իր ղեկավարած թատրոն… Մինչ այդ տարբեր աշխատանքներ եմ արել, «հանդես» գալով դիզայներ, ճարտարապետ եւ այլն: (Ժամանակին ռեժիսորը վերապատրաստվել է Գալինա Վոլչեկի հիմնած ու ղեկավարած «Սովրեմեննիկ» թատրոնում)…»:

Անդրադառնալով «Վերջալույս» ֆիլմին (երաժշտությունը՝ գերմանաբնակ կոմպոզիտոր Գրիգոր Հովսեփյանի)՝ մեր զրուցակիցն ասաց, որ այդ աշխատանքում իր կողքին է գտնվել կինը՝ մասնագիտությամբ արթմենեջեր Անահիտ Խաչատրյանը, ընկերները՝ ռեժիսորներ Ալեքսանդր Գյանջումյանը, Էդուարդ Գրիգորյանը եւ, իհարկե, հովանավորները՝ մոսկվաբնակ հայրենակիցները՝ գործարարներ Գագիկ եւ Տիգրան Մաթեւոսյանները:
Քանի որ հաճախ են նշվում մեծանուն արվեստագետների հոբելյանները, հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է ցանկից «սպրդել» դերասանուհու 100-ամյակը, մեր զրուցակիցը առանց մանրամասնելու պատասխանեց. «2015թ. վերջին Արմեն Ջիգարխանյանն ու Ներսես Հովհաննիսյանը այդ առիթով նամակ էին հղել ՀՀ մշակույթի նախարարին, բայց ինչ-ինչ պատճառներով արձագանք չեղավ»:

Հետաքրքրվեցինք նաեւ Արմեն Ջիգարխանյանի թատրոնում ռեժիսորի գործունեությամբ: «Երկու-երեք նախագիծ փորձեցի իրականացնել, բայց դրանք չիրականացան: Մի բան հաստատ եմ որոշել. ապրելով Մոսկվայում, տատիկիս նվիրված ֆիլմից հետո գործընկերներիս հետ այսուհետ իրականացնելու եմ աշխարհում սփռված հայ անվանի արվեստագետների մասին պատմող ֆիլմեր»,-հայտնեց Իսկուդարյանը:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

17.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031