Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոմպոզիտորների միությունը չի օտարի Դիլիջանի ստեղծագործական տունը

Հունվար 18,2017 14:30

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը
մտահոգ է շենքի վերանորոգման ճակատագրով

Հայաստանի կոմպոզիտորների միությունն ամենաակտիվ գործող կառույցներից է, սակայն, ինչպես մյուս ստեղծագործական միությունները, այն եւս խնդիրներ ունի: Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանին այսօր մտահոգում է Կոմպոզիտորների միության Դիլիջանի ստեղծագործական տան ճակատագիրը: «Առավոտի» հետ զրույցում պարոն Սաթյանն ասաց, որ նախագահի հետ մտավորականների հանդիպման ժամանակ եւս բարձրաձայնել է այդ մասին:

«Ներկայացրել ենք իրավիճակը, ասել ենք, որ արդեն այնտեղ գործողություն է կատարվում, վերանորոգվել են քոթեջները, բայց անհրաժեշտ են ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ: Կոմպոզիտորների միությունը փորձել է գնալ այն ճանապարհով, որ այդ գոհարը, որտեղ հանգստացել են բազմաթիվ ճանաչված երաժիշտներ, արվեստագետներ, տիեզերագնացներ, բանաստեղծներ ու նկարիչներ, նորից ծաղկի, ու մենք կարողանանք ունենալ մի տեղ, որ դառնալով պատմաճարտարապետական հուշարձան, ունակ լինի ընդունել արվեստի բոլոր նվիրյալներին»,-նշեց մեր զրուցակիցը:
Իմիջիայլոց, ժամանակին այստեղ են հանգստացել Առնո Բաբաջանյանը, Ռոստրոպովիչը, Շչեդրինը, Գերգիեւը, Պլիսեցկայան, Դիլիջանի Կոմպոզիտորների տանն է Շոստակովիչը գրել «Համլետ» ֆիլմի երաժշտությունը:

Հայաստանի կոմպոզիտորների միության ներկայիս նախագահն ասում է, որ առաջարկներ են հնչել` Դիլիջանի ստեղծագործական տունը օտարելու վերաբերյալ, սակայն միության վարչությունը միաձայն որոշել է պահել այն: «Մենք վարչությունով նստեցինք եւ միաձայն որոշեցինք, որ չպետք է օտարվի, որովհետեւ սա այն աստվածային կտորն է, որտեղ արվեստագետն իրեն զգում է վերելքի մեջ եւ ստեղծագործում է աստվածային շողի տակ: Աստված տա՝ հնարավորություն լինի շարունակել վերանորոգումը, համենայնդեպս, Կոմպոզիտորների միության ղեկավարությունն ամեն ինչ անում է, որ այն վերանորոգվի, ուղղակի կողքից պետք է օգնություն լինի, ներդրումներ լինեն»,-հավելում է Սաթյանը:
«Առավոտի» հետ զրույցում նա փաստեց, որ վերանորոգման կարիք ունի Կոմպոզիտորների միության երեւանյան շենքը նույնպես, այն չի ջեռուցվում եւ տեսքի է բերված միայն շենքի երկրորդ հարկը:

«Փորձել ենք վերանորոգել միության շենքի երկրորդ հարկը, բայց միության հիանալի դահլիճի համար հնարավորություններ չունեցանք: Դրա համար անհրաժեշտ են լրացուցիչ գումարներ: Մեր դահլիճում Հայաստանում առաջին երգեհոնն է տեղադրված, Մարտիրոս Սարյանի պանոն է կախված: Մենք պետք է գնահատենք մեր մշակութային արժեքները, արժեւորենք անցյալը, չէ՞ որ երկրի պատիվը պահում են մշակույթի մարդիկ եւ պատմական կոթողները»,- ասում է ՀՀ կոմպոզիտորների միության նախագահը: Նա նաեւ մի ցանկություն ունի` մշակույթի մարդիկ համախմբվեն, որպեսզի երկրի կայացման վերաբերյալ կարծիքները տեղ հասնեն:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի:

 

«Առավոտ»

17.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031