Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 77-րդ եւ կանանց 72-րդ առաջնություններում խաղացվել է հինգ տուր:
Տղամարդկանց առաջնությունում մրցաշարային աղյուսակը 3,5 միավորով գլխավորում է հանրապետության գործող չեմպիոն, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Նրանից կես միավոր պակաս են վաստակել եւ առաջատարների եռյակում են միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը եւ մինչեւ 16 տարեկանների աշխարհի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը:
Տղամարդկանց առաջնությունում սահմանված է գրոսմայստերական նորմա՝ 5,0 միավոր: Թե Տիգրանը, թե Հայկը եւ թե առաջնության մասնակից երրորդ միջազգային վարպետը՝ առայժմ 2,0 միավոր վաստակած մինչեւ 18 տարեկանների աշխարհի չեմպիոն Մանուել Պետրոսյանը, գրոսմայստերական բալ վաստակելու իրական հնարավորություն ունեն, քանի որ առջեւում դեռ չորս տուր կա:
Կանանց առաջնությունում առաջատարը Հայաստանի նախկին չեմպիոն, կանանց միջազգային վարպետ Աննա Հայրապետյանն է, որն իր անվան դիմաց գրանցել է 4,0 միավոր: Ներկայիս գործող չեմպիոն, նույնպես կանանց միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը 3,5-ական միավորով ընթանում են, համապատասխանաբար, 2-րդ եւ 3-րդ հորիզոնականներում:
Կարդացեք նաև
2017 թվականի երկու չեմպիոնները համալրելու են տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականների մեկական թափուր տեղերը եւ թիմային պաշտոնական մրցաշարերում Հայաստանը ներկայացնելու իրավունք են վաստակելու:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
17.01.2017