Այսօր տեղի է ունեցել էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով հերթական դատական նիստը, որի մասին Aravot.am-ին մանրամասներ հայտնեց գործով տուժողի իրավահաջորդ ճանաչված՝ Անի Մաջնունյանի մոր շահերի ներկայացուցիչը՝ փաստաբան Թամարա Բաղդասարյանը:
«Ներկայացվեց դատահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովի նախագահի՝ դատարանին հասցեագրված միջնորդությունը, որը քննարկվեց: Միջնորդեցի, որպեսզի «Նուբարաշեն» ՔԿՀ-ից դատարանը պահանջի համապատասխան փաստաթղթեր՝ գործով ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանի տվյալների մասին, որովհետեւ վերջին տեղեկանքում, որի հիման վրա նշանակվել էր դատահոգեբուժական փորձաքննությունը, նշված է «վիճակ՝ տրավմայից հետո»:
Նախնական դատահոգեբուժական փորձաքննության մեջ, որը նախաքննության ժամանակ էր իրականացվել, նման ախտորոշում նշված չէ:
Ստացվում է, որ այդ «տրավման» Մուշեղ Մխիթարյանը ստացել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որից հետո հոգեկան խնդիրներ են առաջացել: Ինձ հետաքրքրում էր՝ եթե նման տրավմա ստացել է, արդյո՞ք այդ մասին կան համապատասխան փաստաթղթեր: Բժիշկը գրել էր, որ հոգեկան առողջության խնդիրը հետեւանք է իր կողմից ստացած «տրավմայի», այսինքն, գուցե հարված է, կամ վայր է ընկել՝ պարզ չէ»,-մեզ հետ զրույցում ասաց Թամարա Բաղդասարյանը:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ Մուշեղ Մխիթարյանի մեղսունակությունը կասկածի տակ է, քանի դեռ պարզ չէ՝ նա ի վիճակի՞ է մասնակցել դատաքննչական գործողություններին: «Եթե փորձագիտական հանձնաժողովը հանկարծ արձանագրեց, որ անձն անմեղսունակ է, նրա հանդեպ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի: Կարծում եմ՝ նման բան չի լինի: Սա իր կողմից պատժից ու պատասխանատվությունից խուսափելու հույս է»,-նկատեց փաստաբանը:
Հավելենք, որ այդ գործով հաջորդ նիստի օրը դեռեւս պարզ չէ: Հիշեցնենք նաեւ, որ առանցքային վկա համարվող Աննա Միսակյանը մահացել է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ