Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմազավակ ընտանիքների գումարները՝ բանկերում, իրենք կարիքների մեջ են

Հունվար 17,2017 22:44

Իջեւան քաղաքի բնակիչ, մասնագիտությամբ իրավաբան Դավիթ Սահակյանը 7 զավակների՝ 6 տղայի եւ աղջկա հայր է: Նրա 6 տղաները ծնվել են զույգերով: 5-րդ, 6-րդ տղաների եւ դստեր՝ Ռոզայի ծնվելուց հետո պետական բյուջեից, յուրաքանչյուր նորածնի հաշվով, հատկացվել է 1.5 միլիոն դրամ:

Սակայն 1.5 միլիոնական դրամից միայն 500 հազարական դրամն է Սահակյաններին կանխիկ տրվել: Մնացած գումարները տարեկան 13.5 տոկոս եկամտաբերությամբ գտնվում են բանկում: 2016թ. նոյեմբերին ՀՀ կենտրոնական բանկը փոխել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որի պատճառով բանկն այդ գումարի տարեկան եկամտաբերության տոկոսադրույքը նվազեցրել է 7.25-ի:

Դ. Սահակյանն ասաց, որ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունը 2016թ. առաջին նիստում մեկ տարի ժամկետով որոշում է ընդունել, որպեսզի պետության կողմից նորածնին հատկացված գումարից  ընտանիքը կարող է ամսական 25 հազար դրամ իր բանկային հաշվեհամարից հանել:

2017թ. կառավարությունը նման որոշում չի ընդունել: Դ. Սահակյանը դժգոհեց. «Իմ երեխաներին հատկացված գումարներից 2.5 միլիոն դրամ ունեմ բանկում, սակայն դրանից չեմ կարող օգտվել: Որպեսզի երեխաներիս համար սնունդ, հագուստ, տակդիրներ գնեմ, ստիպված եմ լինելու բանկերից 24 տոկոսով սպառողական վարկ վերցնել»:

Տավուշի մարզի Արճիս գյուղից Մարինե Ներսիսյանն ասաց, որ իր զույգ երեխաների համար, ընդհանուր առմամբ Ԡ միլիոն դրամ կանխիկ է ստացել, եւս 1 միլիոն դրամ բանկում է: 2016թ.ընտանիքը 1 միլիոնից ամսական մինչեւ 50 հազար դրամ կանխիկացնում էր, տնօրինում,այժմ այդ հնարավորությունը չունի: Մ. Ներսիսյանը դժգոհեց. «Ձմռան կեսին բազում խնդիրներ ունենք, իսկ բանկից գումար չենք կարողանում հանել»:

Իջեւան քաղաքի բնակիչ Գրիգոր Սարհատյանը 5 զավակների հայր է, որից մեծը՝ 11 տարեկան է, ամենափոքրերը զույգ են՝ տղա եւ աղջիկ, մեկ տարեկան, մեկ ամսական: Գ. Սարհատյանի կինը 3-րդ, մայրը՝ 2-րդ խմբի հաշմանդամ է: Գյուղատնտեսական բարձրագույն կրթություն ունեցող Գ. Սարհատյանը նամակներ է գրել Հովիկ Աբրահամյանին եւ Կարեն Կարապետյանին, որպեսզի իր երեխաներին հատկացված, բանկում գտնվող 2 միլիոն դրամով, լիզինգով, տրակտոր գնի ,գյուղատնտեսական աշխատանքներ կատարի, ծառայի գյուղացիներին, կարողանա պահել իր հիվանդ մորն ու կնոջը, բազմազավակ ընտանիքը:

Գ. Սարհատյանի առաջարկին կառավարությունն, ըստ էության, պատասխան չի տվել: Նա ասաց. «Պետբյուջեից  այդ գումարները փոխանցվել է բանկերին, պետությունն ինչո՞ւ շահագրգիռ է, որ բազմազավակ ընտանիքները չկարողանան այդ գումարները կանխիկացնել, տնօրինել: Առաջարկում եմ, որ բանկում ունեցած մեր գումարների գոնե 40 տոկոսը  որպես վարկ ստանանք այն տոկոսադրույքով, որով, որպես ավանդ, պահվում են բանկում»:

Գ. Սարհատյանը չի ցանկանում ընտանիքով Հայաստանից արտագաղթել, սակայն ասաց, որ Ռուսաստանում բազմազավակ ընտանիքները պետությունից սոցիալական մեծ աջակցություն են ստանում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031