ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի համար ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձը սպասելի էր:
«Իմ կուսակիցների հետ շփումներն ինձ բերում են այն եզրակացության, որ վաղ թե ուշ այդ հայտարարությունը լինելու էր եւ դրա ձգձգումը պայմանավորված չէր իշխանությունների հետ այլ պայմանավորվածություններ ձեռքբերելով: Ինձ թվում է՝ Գագիկ Ծառուկյանը փորձում է իր քաղաքական բեմելը համապատասխանեցնել իր նկատմամբ հանրային առավելագույն պահանջարկի հետ: Շատ հանգիստ եմ վերաբերում նրա՝ քաղաքականություն վերադառնալու հանգամանքին, ինքը փորձում է կոնսոլիդացնել ընդդիմության հատվածը, ինչը կարող է օգտակար լինել»,- այս կարծիքին է Խոսրով Հարությունյանը:
Նա բացառում է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն է վերադառնում Սերժ Սարգսյանի համաձայնությամբ ու թույլտվությամբ.
«Բացառում եմ ոչ թե այն առումով, որ նրանք շփումներ չեն ունեցել, այլ բացառում եմ այն, որ նա ստացել է, ինչպես ասում են, «դաբրո»:
Կարդացեք նաև
Պարոն Հարությունյանը դեռ վաղ է համարում Ծառուկյանի վերադարձի մասին դատողություններ անել, որովհետեւ ըստ նրա, կարեւորը ոչ թե գալն է, այլ ինչպես գործելը. «Շատ կարեւոր կլինի, թե ինչ նախընտրական ծրագրով են հանդես գալու, որովհետեւ հիմա դեռ խոսակցություններ են, նրա հայտարարությունում միայն բարի ցանկություններ, իսկ այդպիսի ցանկություններ մենք շատ ենք լսել»:
Ինչո՞ւ Ծառուկյանը հեռացավ ու ինչո՞ւ է հիմա վերադառնում, պարոն Հարությունյանն այս հարցին էլ չցանկացավ պատասխանել. «Ես զերծ կմնամ գնահատականներ տալուց, որովհետեւ ճիշտն ու սխալը ժամանակն է ցույց տալու: Ի՞նչ կբերի Ծառուկյանն իր երկրորդ բեմելով քաղաքական դաշտ, կրկին ժամանակը ցույց կտա: Եթե ընդդիմությունն այդ քայլով նորովի հանդես կգա, ինչին կասկածում եմ, դա հետաքրքիր կլինի»:
Իսկ Գագիկ Ծառուկյանին կհաջողվի՞ իր շուրջ համախմբել ընդդիմադիր ուժերին, պատգամավորը այս հարցի պատասխանը չգիտի, բայց առայժմ նման ցանկություն է տեսնում Ծառուկյանի հայտարարության մեջ. «Նկատում եմ այդպիսի ցանկություն, ոնց որ թե այդպիսի ուղերձ է ուղարկում իր հայտարարությամբ: Կհաջողվի՞ նրան համախմբել, կոնսոլիդացնել այդ ուժերին, ժամանակը ցույց կտա: Չմոռանանք, որ Ծառուկյանի հեռանալը նաեւ շատերի մոտ հիասթափություն առաջացրեց, գուցե ոչ անհիմն: Հիմա ամեն ինչ էլ հնարավոր է, բայց Ծառուկյանի մի հայտարարությունը բավարար չէ, նա դեռ պետք է բացատրի, պատասխաններ տա՝ ինչու հեռացավ, ինչու եկավ: Այն, ինչ արդեն ասել է, կարծես թե, փորձ է քողարկել հեռանալու իրական պատճառները, իսկ թե իրական պատճառը որն էր, միայն ինքը կարող է այդ հարցի պատասխանը տալ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ