Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը Կարայանի՞ն էլ «նեղը» կգցի

Հունվար 17,2017 20:33

Կառավարությունը պատրաստվում է արտոնություն տրամադրել «Նանման» ՍՊԸ-ին՝ ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ նյութերի նկատմամբ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության հունվարի 19-ի նիստի օրակարգից:

Ընկերությունը նախատեսում է Չինաստանից 15.2 միլիոն դրամի հումք՝ ջինսե գործվածք ներկրել, ինչի համար, ըստ որոշման նախագծի, ազատվում է մաքսատուրքից:

Այս ընկերությունը, ինչպես գրված է որոշման նախագծում, արտահագուստ է արտադրում, իսկ Չինաստանից է պատրաստվում ներմուծել ջինսե գործվածք, քանի որ այսպիսի գործվածք ԵԱՏՄ անդամ երկրներում չի արտադրվում:

«Նանման»-ին կառավարությունը նախորդ տարվա սեպտեմբերի 15-ին էլ է հումք ներմուծելու համար ազատել մաքսատուրքից, եւ ըստ հիմնավորման, արտոնությունից օգտվելու արդյունքում ընկերությունը ստեղծել է 3 նոր աշխատատեղ, զգալիորեն ավելացրել է իրացման շրջանառությունը ներքին շուկայում։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 19.9 միլիոն դրամի ներդրում, ստեղծել 1 նոր աշխատատեղ՝ 78.000 դրամ միջին աշխատավարձով. գրված է նախագծի եզրակացությունում:

Հիշեցնենք, որ սա այն ընկերությունն է, երբ Կարեն Կարապետյանը նոր էր նշանակվել վարչապետ, եւ նրա վարած առաջին նիստերից մեկի ժամանակ, սեպտեմբերին, երբ այն ժամանակվա էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը զեկուցեց մաքսատուրքից ազատելու մասին որոշման նախագիծը, վարչապետը հանդիմանեց Մինասյանին:

Վարչապետի հարցին՝ որքան ժամանակ են ծախսում ընկերությունները նման արտոնություններ ստանալու համար, Մինասյանը պատասխանել էր՝ մոտ մեկ շաբաթ։ Ապա Կարեն Կարապետյանը հետաքրքրվել էր՝ «Նանման» ընկերությունը ե՞րբ է դիմել էկոնոմիկայի նախարարություն: Արծվիկ Մինասյանն էլ կրկնել էր՝ գրեթե մեկ շաբաթ առաջ: Այս պատասխանը վարչապետը կասկածի տակ էր առել, ասելով՝ «Չեմ հավատում»:

Հետո Արծվիկ Մինասյանը վստահեցրել էր, որ լրացուցիչ կներկայացնի այդ տեղեկությունը: «Չգիտե՞ք»,- հարցրել էր վարչապետը, ինչին ի պատասխան Մինասյանը խոստովանել էր, որ այդ պահին չգիտի: «Բա ինչո՞ւ չգիտեք, պարոն Մինասյան: Բիզնեսին աջակցող նախարարություն եք, դուք պետք է իրանց ձեռքը բռնած բոլոր կառույցներով գնաք, որ իրենք իրանց ապահով զգան, որ որեւէ մեկն իրենց չխոչընդոտի: 1.5 մլն դրամ արտոնություն է խնդրում, երեւի մի յոթ ամիս նամակագրություն է գրել, մենք պետք է էդ ամեն ինչը դասակարգենք, որ բյուրոկրատիան վերացնենք»,-ասել էր վարչապետը:
Կառավարության նիստի օրակարգում նշված է, որ որոշման զեկուցողը լինելու է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Հետաքրքիր է՝ վարչապետը Կարայանի՞ն էլ «նեղը» կգցի, Մինասյանի պես հարցախեղդ կանի՞:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031