Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանը հիշեց Սովետի անկախ դատավորներին

Հունվար 17,2017 20:12

Պարույր Հայրիկյանին դատը հիշեցրել էր մի դրվագ՝ Սովետի դատավորների հետ կապված: Ըստ նրա, անգամ Սովետի ժամանակ դատավորներն ավելի անկախ են եղել, քան հիմա: Օրինակ, դատավորներից մեկը հանել է իր դեմ մեղադրանքի կարեւոր մի մաս՝ գտնելով, որ հակասովետական չի կարող որակվել Հայրիկյանի քայլը:

Այսօր Կարո Եղնուկյանի դատին ներկա էր նաեւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Ինչպես տեղեկացրել ենք, դատարանը վճիռ կկայացնի վաղը: Մենք Պարույր Հայրիկյանից հետաքրքրվեցինք, թե ինչ ակնկալիք ունի, արդյո՞ք դատարանը կբավարարի Կարո Եղնուկյանի պահանջը: Նա պատասխանեց. «ՀՀ-ում դատարանները չունեն միայն արդարադատությամբ զբաղվելու մեծ հնարավորություն: Դատավարությանը ես գալիս եմ՝ Կարոյին տեսնելու համար, որովհետեւ մոտ 30 տարվա ընկերներ ենք եղել: Իհարկե, միշտ հրաշքի հավատում եմ, որ հանկարծ մի օր մի դատավոր կասի՝ լավ, էլի, հերիք եղավ, չի կարելի այսպիսի անհեթեթ բաներ անել»:

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը բողոք էր ներկայացրել, որ իրեն մեղադրանք առաջացնելուց հետո խախտվել են միջազգային նորմեր, իրեն չեն բացատրել մեղադրանքի էությունը: Օրինակ, նրան մեղադրել են ՊՊԾ գունդը գրաված Սասնա ծռեր խմբի անդամներին ռադիոկապով ապահովել ձգտելու մեջ, բայց չեն ասում, թե ինչպես է ձգտել ապահովել, կամ մեղադրում են խմբին աջակցելու եւ իրավապահների տեխնիկայի տեղաշարժի մասին ինֆորմացիա հրապարակելու մեջ, բայց չեն ասում, թե այդ ինֆորմացիան հրապարակելն ինչով է օգնել «Սասնա ծռերին»:

Պարույր Հայրիկյանին դատը հիշեցրել էր մի դրվագ՝ Սովետի դատավորների հետ կապված. «Սովետի օրոք ինձ մեղադրանք էր ներկայացված՝ արտասահման ինֆորմացիա փոխանցելու համար: Եվ հիմա նկատում եմ, որ այն ժամանակ դատավորն ասաց՝ չի ապացուցված, որ Հայրիկյանը ինֆորմացիա է փոխանցել, բայց եթե նույնիսկ փոխանցել է, մեղադրող կողմը չի նշում, թե դա ինչով է հակասովետական: Անգամ Սովետի ժամանակ դատավորը այդպես հստակ հարցադրում է արել եւ իմ դեմ մեղադրանքի այդ ամենակարեւոր մասը հանել էր: Հիմա նայում եմ, այստեղ հրաման գալիս է՝ անում են: Դատավորը նույնիսկ Սովետի դատավորների անկախությունը չունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031