Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի վերադարձը՝ ՀՀԿ-ին վտանգից փրկելու միջոց. քաղաքագետի մեկնաբանությունը

Հունվար 17,2017 19:33

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Aravot.am-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձը որակեց որպես պլանավորած օպերացիա իշխանությունների կողմից: «Իշխանությունները հասկացան, որ Գագիկ Ծառուկյանին դուրս մղելով քաղաքական դաշտից, իրենք ավելի մեծ խնդիրներ կստեղծեն իրենց համար:

Այն ընդդիմադիր ընտրազանգվածը, որը միավորվել էր Գագիկ Ծառուկյանի շուրջը, կարելի է ասել չբաշխվեց մյուս ընդդիմադիր ու նաև իշխանամետ ուժերի միջև, ամուլ մնաց, անտարբեր մնաց քաղաքական գործընթացներին: Եվ իշխանություններն այստեղ կարող են շատ մեծ խնդիրներ ունենալ ընտրությունների ժամանակ, ինչպես դա եղավ վերջին նախագահական ընտրությունների ժամանակ, երբ որ Սերժ Սարգսյանը ուղղակիորեն մաքրեց քաղաքական դաշտը իր հիմնական հակառակորդներից: Իսկ հասարակությունը, չունենալով համապատասխան թեկնածու, որին ինքը ցանկանար ընտրել, ամբողջովին ձայները տվեց Րաֆֆի Հովհաննիսյանին:

Բոլորը շատ լավ գիտեին, որ դա Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները չէին, դա ընդդիմադիր ընտրազանգվածի ձայներն էին, որը չունենալով համապատասխան թեկնածու՝ տվեց Րաֆֆի Հովհաննիսյանին: Նույնն էլ կարող է տեղի ունենալ այս ընտրությունների ժամանակ և սարսափելի մեծ վտանգ է իր մեջ պարունակում, որովհետև իշխանությունները հույս չունեն կամ մտավախություն ունեն, որ իրենք համապատասխան քանակությամբ մեծամասնություն չեն կազմի Ազգային Ժողովում և չեն կարողանա միանձնյա ձևավորել իշխանություն: Այստեղ հարց է բարձրանալու, իսկ ո՞վ է իշխանության հետ համագործակցելու:

Չունենալով համապատասխան կանխատեսելի գործընկեր՝ իշխանությունները կազմակերպեցին Ծառուկյանի վերադարձը օպերացիան: Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ չնայած այն անձնական վիրավորանքներին, որոնք ուղղվեցին իշխանությունների և կոնկրետ Սերժ Սարգսյանի կողմից Գագիկ Ծառուկյանին, վերջինս ուզում են, թե չեն ուզում, շատ ընդունված է հասարակության կողմից: Օրինակներն ու ապացույցները բազմաթիվ են:

Գագիկ Ծառուկյանի վերադարձը իրոք շատ մեծ ազդեցություն ունի քաղաքական դաշտի վերադասավորման վրա: Ես չգիտեմ Գագիկ Ծառուկյանը ընտրություններին կմասնակցի ԲՀԿ-ի լոգոյի ներքո, թե՞ կձևավորի առանձին դաշինք, օրինակի համար «Ծառուկյան» դաշինք, բայց որ ինքը շատ մեծ ազդեցություն կունենա ԱԺ ընտրությունների ժամանակ, դա փաստ է: Այսինքն` ինքը կլանում է այն ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները, որոնք կարող են անցնել այն քաղաքական ուժերին, որոնք անկանխատեսելի են իշխանությունների համար»,-ասաց քաղաքագետը:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե կօգտագործե՞ն արդյոք Ծառուկյանի վերադարձը ՀՀԿ-ի վարկանիշային ցուցակը բեռնաթափելու համար. չէ՞ որ կուսակիցը դուրս է եկել կուսակցի դեմ, ընկերն՝ ընկերոջ, բավական լարված ու տհաճ իրավիճակ է ստեղծվել: «Իմ կարծիքով ՀՀԿ-ն Ծառուկյանի վերադարձով չի բեռնաթափի իր ցուցակը, սա խնդրահարույց հարց է: Այս անշլագը, որը գոյություն ունի վարկանիշային կամ ինչպես շատ դեպքերում ասում են՝ ռեյտինգային ցուցակում, երբ որ նույն մարզի, նույն քաղաքի շատ ճանաչված, հեղինակություն վայելող մարդիկ նույն ցուցակում են, որի հետևանքով վատթարանում են նաև նրանց միջանձնային հարաբերությունները, կմնա անփոփոխ: Հասարակության կողմից վատ կընդունվի նրանց ՀՀԿ ցուցակից դուրս գալը, սա առնետավազք կորակվի և մեծ հարված կհասցնի ԲՀԿ-ին, որ ԲՀԿ-ն իր շարքերում ընդունում է «անպիտան ու աբիժնիկ» մասսային:

ՀՀԿ-ն, ավելի ճիշտ Սերժ Սարգսյանն իր դիմաց դրել է մեկ նպատակ՝ ամեն գնով ձայն ապահովել «Հանրապետական» կուսակցությանը: Եվ Սերժ Սարգսյանի համար բացարձակ միևնույնն է, թե օրինակ Շիրակի մարզի ՀՀԿ ցուցակում ընդգրկված 15 մարդիկ ինչ հարաբերությունների մեջ կհայտնվեն ապագայում: Սերժ Սարգսյանին դա բացարձակ չի հետաքրքրում, նա ընդամենը ցանկանում է համապատասխան ձայներ ապահովել իր հարազատ կուսակցությանը և տեսնել, թե բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք, խոշոր- հիմնարկ ձեռնարկությունների տնօրենները, որոնք այս տարիների ընթացքում հայտարարել են, որ ապահովել են Սերժ Սարգսյանի համար համապատասխան ձայներ (ինչպես Շիրակի մարզում պարզվեց, որ ոչինչ էլ չեն ապահովել, մեկը մյուսի վրա էին գցում մեղավորությունը, թե ով է վատ աշխատել), ինչ վարկանիշ ունեն հասարակության մոտ:

Ինքնըստինքյան Սերժ Սարգսյանը սրանով քննության առաջ է դնում այն քաղաքական գործիչներին, որոնք օգտվում են իշխանությունից բոլոր առումներով: Վերջիվերջո քիչ բան չէ 500-600 աշխատակից ունեցող հիմնարկ-ձեռնարկության տնօրեն լինելը, ինքնըստինքյան նրանք ամենաքիչը 3000-3500 ձայն պետք է բերեն Սերժ Սարգսյանին, որովհետև նրանք հենց իր դաբրոյով են տնօրեն նշանակվել, և իրենք էլ պիտի ապահովեն ձայները, եթե չապահովեն իրենց ցտեսություն կասեն»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031