Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում քննվեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի՝ 2016-ի հունիսի 30-ին ոստիկանների կողմից իր բնակարանի անձեռնմխելիության խախտման փաստով քրեական գործ չհարուցելու քննիչի որոշման դեմ բողոքը:
Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը տեսագրություններ ներկայացրեց դատարանում, թե ինչպես են ոստիկանները փորձել ներխուժել բնակարան: Պատասխանող կողմը գտնում է, որ դռան շեմին են եղել, ներս չեն մտել: Մինչդեռ Կարո Եղնուկյանը դատավորին ասաց, որ եթե թույլ տա կադրը կանգնեցնել, կոնկրետ ցույց կտա, որ ոստիկանները տանն են եղել՝ ներսում:
Տեսանյութում Եղնուկյանը իրավապահներին բացատրում էր. «Սա իմ տունը չի, կնոջս տունն է, ինքը տանը չի, չեմ թողնելու ձեզ տուն: Իրավունք չունեք մտնել: Դուք ունեք բերման ենթարկելու որոշում, չունեք որոշում այս տուն ներխուժելու»:
Կարդացեք նաև
Իրավապահները պատասխանեցին, որ «մեզ մոտ կա որոշում, որոշման մեջ կա բնակարանի հասցե, որտեղ բնակվում է ձեր կինը»: Ուշագրավ էր Եղնուկյանի պատասխանը՝ ոստիկաններին. «Հետո՞ ինչ, որ ինքը իմ կինն ա, էսօր կինս ա, վաղը կարող է էլ կինս չի»:
Սա հարուցեց դատարանում ներկաների, այդ թվում՝ դատավորի, ինչպես նաեւ Կարո Եղնուկյանի դստեր ծիծաղը: Ավելի ուշ Եղնուկյանը հարկ համարեց դատավորին բացատրել ու հատկապես կնոջից ներողություն խնդրել իր այդ արտահայտության համար. «Ներողություն եմ խնդրում, սխալ արտահայտություն եմ արել»: Դատավորը հարցրեց՝ որեւէ փոփոխություն չի եղել, չէ՞՝ նա պատասխանեց, որ ոչ, կինս է ու այստեղ է»:
Թե արդյոք խախտել են Կարո Եղնուկյանի կնոջ բնակարանի անձեռնմխելիության իրավունքը՝ դատավորը որոշումը կհրապարակի վաղը ժամը 13.00-ին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ