Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են ԼՂՀ-ի ՀՅԴ-ականները դեմ

Հունվար 17,2017 19:05

«Կառավարման համակարգի փոփոխությունները պետք է գործեն ի նպաստ իրավական, ժողովրդավարական, ինքնիշխան պետության նոր փուլի կայացման, և ընկալելի ու ընդունելի լինեն ԼՂՀ միջազգային ճանաչման գործին աջակցող ուժերի և միջազգային կառույցների համար: Մեկ` միասնական հայրենիք ունենալու հայության տեսլականը իրագործելու նպատակով այսօր կարիք ունենք ստեղծելու իրավական, քաղաքական, տնտեսական նույնօրինակ դաշտ: Դա հայության ուժերը մեկտեղելու նոր հեռանկարներ է ուրվագծում: Սակայն, ներկայացված Սահմանադրության նախագիծը չի համապատասխանում այդ հրամայականներին: Մեզ անհրաժեշտ է երկիրն օժտել կառավարման այնպիսի համակարգով, որը համապատասխան լինի մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների դիմակայմանը և քաղաքակիրթ աշխարհին ինտեգրմանը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը:

Հիշեցնենք, այսօր ԼՂՀ-ի խորհրդարանի արտահերթ նիստում 20 «կողմ», 7 «դեմ», 1 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունվել է Արցախի Հանրապետության Սահմանադրությունը հանրաքվեի դնելու մասին օրենքը: Նախագծին կողմ են քվեարկել ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» եւ «Ժողովրդավարություն» խմբակցությունները: Նախագծին դեմ են քվեարկել «Դաշնակցություն» եւ «Վերածնունդ» խմբակցությունները: «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը հայտարարել է, որ չի կարող «կողմ» քվեարկել, եւ «ձեռնպահ» է քվեարկել:

ՀՅԴ-ն խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակից է, մինչդեռ ներկայացված նախագծով առաջարկվում է գերկենտրոնացված նախագահական համակարգ:

«Քննարկման ենթակա Սահմանադրության նախագծով նախատեսվող կառավարման համակարգը, որևէ երկրում գործող կառավարման համակարգի հետ աղերսներ չունի, որն ավելի է խորացնում թերահավատությունը տվյալ փաստաթղթի նկատմամբ»,- ասաց մեր զրուցակիցը`հավելելով, որ անկախ իր դիրքորոշումից և ունեցած վերաբերմունքից, «Դաշնակցություն» մասնակցել է Սահմանադրական բարեփոխումների բոլոր հանգրվաններին, մասնագիտական հանձնաժողովին ներկայացնելով իր առաջարկների գրավոր փաթեթը:

Հանձնաժողովի կողմից ընդունվել են որոշակի առաջարկներ, սակայն առանցքային քաղաքական նշանակության առաջարկություններն այդպես էլ մնացին թղթի վրա: Ուստի, ըստ Դավիթ Իշխանյանի, ընկալելով ստեղծված իրավիճակը և գիտակցելով երկրի ապագայի հանդեպ իրենց պատասխանատվությունը, իրենք նախագծին «դեմ» են քվեարկել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031