Հունվարի 17-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի Սեյմասի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Յուոզաս Բեռնատոնիսի հետ։
Հանդիպման սկզբում դեսպան Մկրտչյանը շնորհավորեց Յոուզաս Բեռնատոնիսին՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց նրան բեղմնավոր գործունեություն։
Յուոզաս Բեռնատոնիսն իր հերթին նշեց, որ երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և որ պատմականորեն լիտվացի և հայ ժողովուրդների հարաբերություններում առկա է խորը հարգանք։ Վերջինս նաև ավելացրեց, որ վերջին տարիներին երկկողմ տնտեսական կապերն ակնհայտ աճ են արձանագրել։ Նա նաև ընդգծեց Լիտվայում հայ համայնքի ակտիվ դերակատարության մասին։
Դեսպան Մկրտչյանը նշեց, որ անհրաժեշտ է նոր թափ հաղորդել տնտեսական հարաբերություններին՝ պայմաններ ստեղծելով դրանք ընդարձակելու համար։ Հանձնաժողովի նախագահն իր հերթին նշեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի հետ բարեկամության խումբը Լիտվայի Սեյմասի ամենամեծ խմբերից մեկն է պետք է օգտվել այդ հնարավորությունից և խորացնել նաև միջխորհրդարանական հարաբերությունները։
Կարդացեք նաև
Դեսպան Մկրտչյանը նաև ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող վերջին զարգացումները։
Յուոզաս Բեռնատոնիսը վերահաստատեց, որ Լիտվայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համահունչ է ԵՄ դիրքորոշմանը։ Միաժամանակ նա հույս հայտնեց, որ Հայաստանի և ԵՄ միջև շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները մոտ ապագայում հաջող ավարտ կունենան։
ՀՀ ԱԳՆ