Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում իրենք պատրաստ են փոխզիջման գնալ: Այս մասին նա ասել է ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում:
««Սպուտնիկ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ հստակություն է մտցրել կարգավիճակի հարցում: Մեր պետության ղեկավարը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում փոխզիջում լինել չի կարող, բայց փոխզիջում կարող է լինել տեղական ինքնակառավարման, Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարման հարցում՝ որպես ինքնավար հանրապետություն»,- ասել է Մամեդյարովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որ ԼՂ հարցը միայն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ:
Հիշեցնենք, 2016թ. հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն տալ Ադրբեջանի կազմում: Դրան ի պատասխան ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարել էր, որ «Ալիև և Ադրբեջանը չէ, որ կարգավիճակ են շնորհելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»:
Մամեդյարովը նաև նշել է, որ բարձր է գնահատում Ռուսաստանի դերակատարությունը ապրիլյան պատերազմի օրերին լարվածությունը թուլացնելու հարցում, սակայն «Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր և հարևան պետություն, պետք է ավելի շատ ջանքեր գործադրի՝ հակամարտության շուտափույթ կարգավորման համար»: Նա համոզմունք է հայտնել, որ եթե Ռուսաստանը հարցին մոտենա «ամենայն լրջությամբ», ապա կապահովվի տարածաշրջանի կայունությունը՝ «հայկական զորքերի դուրսբերման» և «ստատուս-քվոյի փոփոխության» հաշվին:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Մինսկում Ադրբեջանի պահանջով ձերբակալված ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման վերաբերյալ Լավրովի մեկնաբանությանը՝ Մամեդյարովը նշել է, որ այդ հարցը քննարկվում է «բացառապես իրավական հարթության մեջ»:
«Ռուսաստանի նկատմամբ նման գործողություններ կատարած և անօրինական կերպով նրա պետական սահմանը հատած անձի նկատմամբ ՌԴ իրավապահ մարմինները նույնպիսի քայլեր կձեռնարկեին»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ