Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է, որ ով հրապարակից ժողովրդին տարավ ՊՊԾ գունդ, չի մեղադրվում, իսկ միջնորդը մեղադրվում է. Կարո Եղնուկյան

Հունվար 17,2017 17:34

Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, Արաբկիրի եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննվեց Կարո Եղնուկյանի գործը: Նա բողոք է ներկայացրել դատարան այն մասին, որ իր դեմ առաջադրված մեղադրանքի էությունն իրեն չեն պարզաբանել ու ինքը հնարավորություն չունի պաշտպանվելու:

Ըստ նրա, իրեն մեղադրանք են առաջադրել, որ օգնել է ՊՊԾ գունդը զավթած «Սասնա ծռեր» խմբին, ձգտել է ապահովել նրանց ռադիոկապով, բայց թե ինչպես է դա արել, որեւէ մեկը չի ասում, հետեւաբար մեղադրանքը պարզ չէ:

Կարո Եղնուկյանն ասաց, որ քննչական մարմինները հիմա փորձում են իրենց համոզել, որ եթե խնձորը միրգ է, ապա միրգը խնձոր է, մինչդեռ ակնհայտ է տրամաբանության այդ բացը: Եթե այդ կապը տրամաբանական չէ, ուրեմն մեղադրանքը հիմնավորված չէ: Նա ասաց, որ, ըստ մեղադրանքի, ինքը միջնորդի, օպերատորի դեր է կատարել. «Հիմա, փաստորեն, օպերատորը մեղադրվում է, իսկ այն անձը, ով ենթադրյալ իսկապես հրապարակից ժողովրդին տարել է Էրեբունու ՊՊԾ գնդի մոտ, նա չի մեղադրվում: Ես մեղադրվում եմ, որ միջնորդի դեր եմ կատարել ռադիոկապ հաստատելու համար, բայց անձը, ով ենթադրյալ հաստատել է այդ կապը, նա չի մեղադրվում: Փոխանցողին են մեղադրում, բայց կատարողին չեն մեղադրում»:

Պատասխանող կողմը՝ դատախազը պնդեց, որ մեղադրանքի էությունը պատշաճ բացատրել են: Մեղադրյալը բնականաբար իրավունք ունի իմանալ, թե ինչում է մեղադրվում: ԱԱԾ-ն, Քննչական մարմինը կատարել են իրենց պարտականությունը՝ պարզաբանելով մեղադրանքի էությունը, տրամադրելով մեղադրանքի պատճեն: Ներկայացրած բողոքը, ըստ պատասխանողի, ամբողջությամբ անհիմն է:

Քննիչը ասաց, որ տրամադրել են այն ծավալի նյութեր, որոնք չեն վնասի նախաքննության գաղտնիությունը: Նա նաեւ ասաց, որ եթե մեղադրանքը հասկանալի չի եղել, ապա մի քանի դատական նիստ է եղել կալանքի վերաբերյալ, ինչպես են այդ որոշումները կայացվել:

Տիգրան Հայրապետյանը հիշեց «ոջիլի հայտնի պատմությունը», երբ ուսանողը միայն ոջիլի մասին է սովորում ու որոշում է, որ քննությանը ինչ հարց էլ ընկնի՝ ինքը ոջիլի մասին կպատմի: Հիմա, ըստ Հայրապետյանի, նույն օրին են դատախազն ու քննիչը. «Մենք չենք եկել դատարան մեղադրանքի հիմնավորվածությունը ճշտելու»:

Նա դատավորին ասաց, որ եթե որոշի, որ մեղադրանքը շատ էլ պարզ է կամ որոշի, որ ՀՀ-ում չպետք է մեղադրյալն իմանա, թե ինչում է ինքը մեղադրվում, թող վստահ լինի, որ միջազգային դատարանն անդրադառնալու է իր այդ որոշմանը:

Կարո Եղնուկյանը, ըստ նրա պաշտպանի, քաղբանտարկյալ է: Ըստ Կարո Եղնուկյանի, դատել կարող է միայն Աստված: Նա ասաց. «Ազատ, արդար, անաչառ…մեր դատարանները այս չափանիշներին չեն համապատասխանում: Աստծո դերը կատարող դատարանը կուզենայի չմոռանա այս ա-ով սկսվող բառերը: Սա ի վերջո Եվրոպական դատարան է գնալու: Այս պահին իմ կողմից վարույթ ընդունված 4 գործ կա միջազգային դատարանում: Չեմ խուսափելու, իմ առողջության հաշվին, բայց ի վնաս ՀՀ բյուջեի հաշվին է լինելու, որովհետեւ սրա համար վճարելու է այս ժողովուրդը, ոչ դուք»:

Դատարանն իր որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 12.30-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031