Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյանի ընտրազանգվածը վերահսկողությունից կամ դուրս կգա, կամ հիասթափություն կապրի». Վիգեն Հակոբյան

Հունվար 17,2017 18:15

Քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը դեռ չի շտապում գնահատել՝ իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր թեւում քաղաքականություն վերադարձող Գագիկ Ծառուկյանը կհանգրվանի:

-Դուք դեռ երեկ հայտարարեցիք, թե կարծես թե, Գագիկ Ծառուկյանը չի վերադառնալու, այսօր արդեն Գագիկ Ծառուկյանը հայտարարեց իր՝ քաղաքականություն վերադառնալու մասին, զարմացա՞ծ եք:

– Զարմացած եմ այն առումով, որ բավականին բարդ է լինելու Ծառուկյանի համար այս իրավիճակում, եթե ընդդիմադիր դիրքերից է խոսելու, քանի որ խոցելի է լինելու: Իսկ խոցելի է լինելու այն առումով, որ բոլորին էլ հասկանալի է, որ ամեն դեպքում, ինչ-որ համաձայնություն Սերժ Սարգսյանի հետ պետք է լինի՝ գոնե խաղի կանոնների պահպանման առումով: Այսինքն, եթե մինչեւ 2015 թվականի հանգուցալուծումը Ծառուկյանը հանդես էր գալիս արմատական դիրքերից, որի արդյունքում եղան այդ իրադարձություններն ու այդ հանգուցալուծումը, հիմա կարծում եմ, որ այդ արմատական  դիրքորոշումն այլեւս չի լինելու:

Կարծում եմ՝ որոշ չափով այն ընտրազանգվածը, որը մինչեւ 2015 թվականի փետրվարը Ծառուկյանից արմատական դրսեւորումների էր սովոր, հիմա պարոն Ծառուկյանն ավելի կաշկանդված է լինելու, ինչը կարող է  բերել որոշակի հիասթափության իր ընտրազանգվածի մի մասի մոտ: Այս առումով նա, կարծում եմ՝ ռիսկային քայլի է դիմում: Դրա համար էլ ասում եմ, որ մի փոքր զարմացած եմ, քանի որ քաղաքական առումով որոշակի ռիսկային քայլ է նման պատասխանատվության տակ մտնելը: Ակնհայտ է, որ նա, եթե հիմա ասում է՝ ռադիկալ քայլերի չի գնալու, հեղափոխական քայլերի չի գնալու, ապա իր ավանդական ընտրազանգվածը, բողոքական զանգվածը, ինչ-որ փուլում վերահսկողությունից կամ դուրս կգա կամ հիասթափություն կապրի»:

-Շրջանառվում են նաեւ կարծիքներ, թե Ծառուկյանը իշխանությունների կողմից է գործուղվում քաղաքական դաշտ, ընդդիմադիրն ուժերից ձայներ փախցնելու համար, հնարավոր համարո՞ւմ եք:

– Ոչ մի բան չեմ բացառում, հնարավոր է, բայց  տեսեք 2008-ին կար արմատական ընդդիմություն՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, որը բավականին լուրջ ընտրազանգված ուներ, հանդես էր գալիս բավականին արմատական կարգախոսներով, լուրջ լիդեր էր, հիմա ընդդիմադիր դաշտում կամ ոչ իշխանական դաշտում նման ընդդիմադիր լիդերներ չկան, որոնք կարող են լուրջ վտանգ ներկայացնել իշխանությանը, եւ նման պարագայում չեմ կարծում՝ իշխանությունն այնքան է անհանգստացած որեւէ ոչ իշխանական ուժի վարկանիշով, որ անպայման դաշտ մտցնի, այսպես ասած, Արթուր Բաղդասարյան 2-ին: Իրավիճակը տարբերվում է 2008 թվականից:

Ընտրություններին մնացել է երկու ամիս ու հիմնական դերակատարները, որոնք արդեն հայտարարել են իրենց մասնակցության մասին, լուծում են անցողիկ շեմն անցնելու խնդիրը: Նման ֆիգուր մտցնելով՝ ձայն փախցնելը առնվազն տակտիկական տեսակետից ոչ նպատակահարմար է:

-Ծառուկյանն ի՞նչ խնդիր է լուծում իր վերադարձով:

– Դժվարանում եմ ասել՝ ինչ խնդիր է լուծում, տարբեր գնահատականներ կան, եթե իշխանությունը չէ այս նախագծի  շահառուն, ապա  ով է շահառուն, ով է դրդողը, որ Ծառուկյանը մտնի քաղաքական դաշտ, չեմ բացառում, որ աշխարահաքաղաքական նոր գաղափար լինի:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031