Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի խնդրահարույց անդամ

Հունվար 17,2017 16:37

Հայկ Գաբրիելյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ

 

ՆԱԽԱԲԱՆ

Թուրքիան ՆԱՏՕ-ին անդամակցել է 1952թ. փետրվարի 18-ին` Դաշինքի ստեղծումից 3 տարի անց։ Անկարայի տվյալ քայլը թելադրված էր Արևմուտքի հետ համագործակցության օգտին պատմական ընտրության կատարմամբ, տարածաշրջանում կոմունիստական գաղափարների տարածմանը հակազդելու ցանկությամբ և այլ հանգամանքներով։ Այն ժամանակ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ դեմ էին Թուրքիայի անդամակցությանը՝ ընդգծելով, որ նա չի գտնվում Հյուսիսային Ատլանտիկայում։ Սակայն խնդրի լուծմանն էապես նպաստեց այն հանգամանքը, որ Թուրքիան կոալիցիոն ուժերի կազմում մոտ 5000 հոգանոց զորախումբ ուղարկեց Կորեա, որն աչքի ընկավ և խոշոր կորուստներ կրեց մարտերում։ Դա ՆԱՏՕ-ի անդամ երկրների շրջանում ընկալվեց որպես հավատարմության գործուն նշան և մեծապես նպաստեց, որ Թուրքիային ընդունեն ՆԱՏՕ-ի շարքերը։

Դաշինքին Թուրքիայի անդամակցությունը մի կողմից ՆԱՏՕ-ին հնարավորություն տվեց ուժեղացնել իր «հարավային թևը», իսկ մյուս կողմից Անկարային ազատեց ռազմավարական ծովային երթուղիների հարցում (Սևծովյան նեղուցներ) խորհրդային ճնշումից։ Զբաղեցնելով ռազմավարական դիրք Միջերկրական ծովում ու Մերձավոր Արևելքում՝ Թուրքիան զգալի ներդրում ունեցավ Դաշինքի անվտանգության ապահովման հարցում և հատկապես «Սառը պատերազմի» ժամանակաշրջանում՝ ապահովելով Խորհրդային Միության հետ սահմանը՝ 610 կմ (Թուրքիան իր բանակի թվակազմով ՆԱՏՕ-ի երկրների շարքում զբաղեցնում է երկրորդ տեղը)։ «Սառը պատերազմի» ավարտից և Խորհրդային Միության փլուզումից հետո Թուրքիան անմիջապես աջակցեց ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, ինչը պետք է իրականացվեր «բաց դռների» քաղաքականության շրջանակներում և ուղղված էր նախկինում սոցիալիստական ճամբարի երկրներին Դաշինքի կազմում ընդգրկելուն։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների հետ ակտիվորեն մասնակցեց նաև Դաշինքի գործընկերության մեխանիզմներին և ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող խաղաղապահ գործողություններին։

«Սառը պատերազմի» ավարտից հետո և հատկապես ներկայումս իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարման տարիներին (Թուրքիայում իշխանության է եկել 2002թ. նոյեմբերին) Թուրքիան աչքի է ընկնում ՆԱՏՕ-ի շրջանակներում ավելի ինքնուրույն քաղաքականություն վարելով և վերջինիս համար բազում խնդիրներ ստեղծելով։ Թուրքիան ակտիվացրել է իր ռազմական կապերը Ռուսաստանի ու Չինաստանի հետ։ Դրա հետ մեկտեղ նա հատուկ դիրքորոշում է զբաղեցրել Իրանի միջուկային ծրագրի պարագայում, չի միացել Իրանի հանդեպ բեռարգելքներին, իր մերձավորարևելյան քաղաքականությամբ խնդիրներ է ստեղծել ՆԱՏՕ-ի համար, արգելափակել է ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի ու Իսրայելի միջև ռազմական համագործակցության զարգացումը, աջակցել է Արևմուտքի դեմ հանդես եկող ուժերին (օրինակ, ՀԱՄԱՍ)։ Թուրքիայի նմանատիպ արտաքին քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ Արևմուտքում գնալով ավելի շատ են սկսել նրան համարել անհուսալի գործընկեր։ Թուրքիան այդպիսով դարձել է ՆԱՏՕ-ի՝ թերևս ամենախնդրահարույց անդամը։

 ԵՎՐՈՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳ, ԱՄՆ, ԻՍՐԱՅԵԼ, ԻՐԱՆ

2010թ. նոյեմբերի 19-20-ին Լիսաբոնում անցկացվեց ՆԱՏՕ-ի 22-րդ գագաթաժողովը, որում ընդունվեց Հյուսիսատլանտյան դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգ: Այն դարձավ 1999թ. Վաշինգտոնի գագաթաժողովում ընդունված հայեցակարգի տրամաբանական շարունակությունը և հստակեցրեց առաջիկա տասնամյակում ՆԱՏՕ-ի նպատակները։ Լիսաբոնի գագաթաժողովից առաջ՝ 2010թ. հոկտեմբերի 13-ին, թուրքական ԶԼՄ-ները հայտնեցին, որ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի ներսում հակահրթիռային պաշտպանության համակարգի (ՀՀՊ) տեղակայման համար ընտրել է Թուրքիայի տարածքը: Դա Թուրքիայում տարատեսակ քննարկումների պատճառ դարձավ, քանի որ այն լուրջ թեստ էր «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության համար: Թուրքիան այդ հարցում պետք է կողմնորոշվեր մինչև Լիսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, ինչի համար էլ կանխատեսվում էր, որ Թուրքիան դառնալու էր լիսաբոնյան գագաթաժողովի «գլխավոր աստղը»:

Սկզբնական շրջանում թուրքական կողմն առաջ քաշեց 3 նախապայման. ա) եթե անգամ ՀՀՊ համակարգն Իրանի դեմ ուղղված նախագիծ է, ապա լիսաբոնյան գագաթաժողովի որոշման մեջ չպետք է գրավոր նշվի այդ մասին, բ) նախագիծը պետք է ծառայի միայն ՆԱՏՕ անդամ երկրներին. թուրքական տարածքում տեղակայվելիք ՌՏԿ-ից ստացվելիք տեղեկությունները չպետք է հաղորդվեն Իսրայելին՝ որպես ՆԱՏՕ անդամ չհանդիսացող երկիր, գ) նախագիծը պետք է պաշտպանի ՆԱՏՕ անդամ բոլոր երկրներին, ներառյալ Թուրքիային: Թուրքական այդ 3 նախապայմանների առաջադրումը պայմանավորված էր հետևյալով.

ա) Սրանով ՆԱՏՕ մահմեդական անդամ Թուրքիան նպատակ էր հետապնդում առավելագույնս նվազեցնել այս հարցում սեփական հարևանների (առաջին հերթին Իրանի, նաև Սիրիայի) կողմից ակնկալվելիք քննադատությունը: Թուրքիան չէր ցանկանում, որ իր հարևաններն իրեն դիտարկեն որպես սպառնալիք: Քննադատության նվազեցմանը կարող էր հանգեցնել այն հանգամանքը, որ խոսքը ոչ թե հարձակողական (հրթիռների), այլ պաշտպանական բնույթի համակարգի (ՌՏԿ) տեղակայման մասին էր:

բ) Դա պայմանավորված էր թուրք-իսրայելական լարված հարաբերություններով (2010թ. մայիսի 31-ին գրանցվել էր «Մավի Մարմարայի» միջադեպը), ինչպես նաև դարձյալ Իրանի զայրույթը չհարուցելով, որը բավականին բարդ հարաբերությունների մեջ էր Իսրայելի հետ: Այս առումով Թուրքիան մեծ հնարամտություն ցուցաբերեց և բավականին հարմար հիմնավորում գտավ (քանի որ Իսրայելը ՆԱՏՕ-ի անդամ չէ, ուստիև չպետք է օգտվի ՌՏԿ-ի տվյալներից):

գ) Դրանով Թուրքիան ցանկանում էր ԱՄՆ-ին ասել «ոչ», իսկ ՆԱՏՕ-ին՝ «այո»: Այսինքն Թուրքիան կողմ էր արտահայտվում ՀՀՊ համակարգի ՆԱՏՕ-ական և ոչ թե ամերիկյան նախագծի օգտին՝ չցանկանալով «Սառը պատերազմի» ժամանակների նման վերածվել ճակատային երկրի:

Հարկ է նշել, որ մինչև լիսաբոնյան գագաթաժողովն արդեն հայտնի էր, որ թուրքական 3 նախապայմաններն ընդունված են, քանի որ, ըստ էության, մեծ զիջումներ չէին ենթադրում (բացառությամբ Իսրայելի կողմից ՌՏԿ-ի տվյալներից օգտվելու): Դրա համար էլ գագաթաժողովի շեմին Թուրքիային անհրաժեշտ էր նոր ինտրիգ, և նա առաջ քաշեց նաև 4-րդ՝ ամենախնդրահարույց նախապայմանը, որը կնպաստեր նաև նոր զիջումներ ստանալուն. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարեց, որ Թուրքիայում տեղակայվելիք ՀՀՊ-ի կառավարումը (այսպես կոչված «կարմիր կոճակ» սեղմելու իրավունքը) պետք է անվերապահորեն հանձնվի հենց Թուրքիային, այլապես անիմաստ կլինի այդ նախագծում վերջինիս մասնակցությունը: Փաստորեն ՆԱՏՕ գագաթաժողովի նախաշեմին առաջ քաշելով 4-րդ նախապայմանը` Թուրքիան մեծ ռիսկի էր դիմում` տապալելու այն: Չպետք է մոռանալ, որ ՆԱՏՕ-ում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա, ինչը նշանակում է, որ նրա յուրաքանչյուր անդամ կարող էր վետո դնել ՀՀՊ համակարգի պլանի վրա: Այսինքն քվեարկության ժամանակ անհրաժեշտ էր, որ ՆԱՏՕ անդամ բոլոր երկրները կողմ քվեարկեին ՀՀՊ նախագծին: Եթե անգամ մեկ երկիր (ասենք, Թուրքիան) դեմ քվեարկեր, ապա նախագիծը կտապալվեր:

Սակայն ՆԱՏՕ խոսնակ Ջեյմս Ափաթուրայն անմիջապես հակադարձեց Էրդողանին` նշելով, որ նմանատիպ նախագծերի ու գործողությունների համար ամեն ինչ հստակ շարադրված է ՆԱՏՕ կանոնադրությունում. «ՆԱՏՕ-ում որոշումներն ընդունվում են համատեղ, և իր գործողությունների համար պատասխանատվություն է կրում հենց ՆԱՏՕ-ն: Հետևաբար, օպերացիաների հարցում հենց ՆԱՏՕ-ն պետք է սեղմի կոճակը»: Հետաքրքիր է, որ ՆԱՏՕ խոսնակի այս հայտարարության հենց հաջորդ օրն իսկ Էրդողանը հետ կանգնեց իր որոշումից, իսկ գագաթաժողովից հետո հայտարարեց. «Բնականաբար, մենք հանդես ենք գալիս նրա օգտին, որ ՆԱՏՕ-ն ամբողջովին վերահսկի ՀՀՊ համակարգը: Այդպիսին կլինի մեր դիրքորոշումը նաև հետագայում»:

Լիսաբոնյան գագաթաժողովից անմիջապես առաջ՝ նոյեմբերի 17-ին, Իրանը Թուրքիային կոչ արեց զգոն լինել ՀՀՊ-ի հարցում: Իրանի ԱԳՆ խոսնակ Ռամին Միհմանպարաստը հայտարարեց. «Մենք տարածաշրջանում որևէ սպառնալիք չենք ներկայացնում: ՆԱՏՕ պլանը կասկածելի է, քանի որ տարածաշրջանի երկրներն ի վիճակի են ապահովել տարածաշրջանի անվտանգությունը: Թուրքիան մեր հարևանն է և բարեկամը, սակայն Թուրքիայում ՀՀՊ տարրերի տեղակայումը մտահոգություն կառաջացնի մուսուլմանական երկրների շրջանում»: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն արդեն Լիսաբոնում «հանգստացրեց» Իրանին. «ՆԱՏՕ-ն պաշտպանական կառույց է, այն որևէ սպառնալիք կամ մտահոգություն առաջացնող կազմակերպություն չէ, Իրանը չպետք է անհանգստանա: Հնարավոր է` այդ մտահոգությունները ծնունդ են առել սխալ տեղեկություններից: ՀՀՊ համակարգի քննարկումը սկսվել է 2002թ. Պրահայում ՆԱՏՕ-ի (Իրաքի վերաբերյալ) գագաթաժողովում, ապա շարունակել է արծարծվել հետագա բոլոր գագաթաժողովներում, այդ թվում նաև՝ Ստամբուլում (2004թ.): Իսկ դա նշանակում է, որ այս խնդիրն ի հայտ չի եկել երեկ: ՆԱՏՕ-ն դա չի անում կոնկրետ երկրի դեմ: ՀՀՊ համակարգը տեղակայվելու է նրա համար, որ ՆԱՏՕ անդամ երկրներին պաշտպանի բալիստիկ հրթիռներ ունեցող երկրներից, ինչպես նաև նրանցից, որոնք դեռ չունեն բալիստիկ հրթիռներ, սակայն հետագայում կարող են դա ունենալ: Դրա համար էլ հենց սկզբից մենք նշել ենք, որ ոչ մի երկիր, այդ թվում նաև մեր հարևան Իրանը, չպետք է անհանգստանա այդ կապակցությամբ»:

Գագաթաժողովի մեկնարկի օրը թուրքական մամուլը հայտնեց, որ ՆԱՏՕ-ի երկրներն ընդունեցին Անկարայի ներկայացրած վերոնշյալ 3 նախապայմանները (չպետք է բացառել, որ Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ՌՏԿ-ի տվյալներից Իսրայելի օգտվելու հնարավորության հարցը թողնվեց հետագային): Փաստաթղթում Իրանի անունը չնշվեց որպես սպառնալիք և ՀՀՊ համակարգի կոնկրետ թիրախ: Դրա հետ կապված՝ Աբդուլլահ Գյուլը հայտարարեց. «Մենք շատ գոհ ենք, քանի որ ամեն ինչ դասավորվեց մեր ուզածով, և մենք ստացանք այն ամենը, ինչ ցանկանում էինք: Նման արդյունքի հասնել հնարավոր եղավ Թուրքիայի սկզբունքային դիրքորոշման շնորհիվ»:

Փաստորեն Թուրքիային հաջողվեց դուրս գալ ստեղծված բարդ իրավիճակից, երբ կշեռքի նժարի մի կողմում Իրանն էր (նաև իսլամական աշխարհը), որի հետ Թուրքիան ջերմ հարաբերություններ էր պահպանում, իսկ մյուս կողմում` ԱՄՆ-ը, որի հետ վերջին շրջանում Թուրքիան բավականին լարված հարաբերությունների մեջ էր (2010թ. Թուրքիան առնվազն 3 անգամ խստապես զայրացրել է ԱՄՆ-ին, երբ որպես ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ դեմ քվեարկեց Իրանի հանդեպ ՄԱԿ պատժամիջոցներին, «Մավի Մարմարայի» միջադեպից հետո անտեսեց ԱՄՆ կոչերը և շարունակեց Իսրայելի հանդեպ նախապայմանների քաղաքականությունը, սկսեց տորպեդահարել ՆԱՏՕ-ի ու Իսրայելի միջև ռազմական համագործակցությունը): Այդպիսով, Թուրքիային այդ հարցում հաջողվեց նստել երկու աթոռի արանքում` քիչ թե շատ գոհացնելով երկու կողմին էլ: Իրանական կողմն էլ իր գոհունակությունը հայտնեց Թուրքիային, քանի որ վերջինս ամեն գնով ընդդիմացել էր իր անունը գրավոր որպես սպառնալիք նշելուն և ի վերջո հասնել նրան, որ ՆԱՏՕ-ն ընդունել էր թուրքական այդ նախապայմանը:

Լիսաբոնյան գագաթաժողովից հետո Թուրքիայում էլ ավելի բորբոքվեցին ՀՀՊ համակարգի տեղակայման շուրջ կրքերը: Նոյեմբերի 20-ին թուրքական Taraf թերթը ՀՀՊ համակարգի շուրջ նյութը վերնագրեց հետևյալ կերպ. «ՆԱՏՕ-ն սուրն է, իսկ Թուրքիան` վահանը»: Նոյեմբերի 23-ին Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատեց իշխող ԱԶԿ-ին` Թուրքիան Սառը պատերազմի ժամանակվա նման ճակատային երկիր դարձնելու համար. «ԱԶԿ-ն ասում է, թե մենք մեր հարևան երկրներից և ոչ մեկին չենք դիտարկում սպառնալիք: Այդ դեպքում հակահրթիռային վահանն ի՞նչ գործ ունի Թուրքիայում: Այդ համակարգն ուղղված է լինելու դեպի արևելք, սակայն Իրանը, Պակիստանը, Հյուսիսային Կորեան ու Չինաստանը մեր թշնամիները չեն: Բոլորը վախենում են ասել, որ այն ուղղված է կոնկրետ Իրանի դեմ, սակայն մենք դա ասում ենք: Դրա նպատակն Իրանի միջուկային համակարգի վերահսկումն է»: Ի դեպ, Քըլըչդարօղլուի կողմից այդ երկրների անունների շոշափումը պատահական չէր, քանի որ նրանք տիրապետում են միջուկային ռումբերի (Իրանի հարցում էլ կային համապատասխան կասկածներ):

Նմանատիպ կարծիք հայտնեց նաև մյուս հիմնական ընդդիմադիր ուժ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին. «ՆԱՏՕ գագաթաժողովը վերջ դրեց «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությանը: ՆԱՏՕ որոշումները չեն կարող գոհացնել Թուրքիային, քանի որ այս պահից սկսած Թուրքիան ՆԱՏՕ ներսում միացավ Իրանին ամենամեծ սպառնալիք դիտարկողների թվին: Այսուհետ ԱԶԿ-ն ինչպե՞ս է իրականացնելու «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը: Եթե ՀՀՊ համակարգն Իրանի դեմ չէ, ապա ո՞ր պոտենցիալ սպառնալիք ներկայացնող երկրի դեմ է: Թուրք ազգը խելացի է, նրա համար այս հարցի պատասխանն ակնհայտ է: Ինչ վերաբերում է ՀՀՊ կառավարման խնդրին, եթե դրա պահը գա, ապա կարևոր չէ, թե ով կսեղմի կոճակը: Էրդողանն ինքն է ցանկանում տնօրինել այն, սակայն դա, ըստ էության, ոչինչ չի փոխում»։

«Անկախ Թուրքիա» կուսակցության առաջնորդ Հայդար Բաշն էլ հայտարարեց, որ ՀՀՊ համակարգի տեղակայմամբ Թուրքիան Իրանի համար դառնում է սպառնալիք. «Թուրքիան վերածվում է Իսրայելի պահապանի: Մի պահ ընդունենք, թե Իրանը միջուկային հարված է հասցնում Իսրայելին: Ո՞վ է պաշտպանելու Իսրայելին: Թուրքիա՞ն` իր ՀՀՊ համակարգով: Եվ, եթե Թուրքիան վարվի նման կերպ, ապա ակնհայտ է, որ դրանով իսկ Թուրքիան կվերածվի Իրանի թշնամու»: Էրդողանն անմիջապես պատասխանեց թուրք ընդդիմադիրներին. «Նրանց կեցվածքը նորույթ չէ, նրանք մշտապես հակադիր մոտեցում են ցուցաբերել: Մենք սովոր ենք դրան: Ուշադրություն դարձրեք, որ ՆԱՏՕ գագաթաժողովին մասնակցում էր անգամ Ռուսաստանը: Դա նշանակում է, որ աշխարհը փոխվում է, սակայն, դժբախտաբար, մեր երկրի ներսում ոչինչ չի փոխվում»: ԱԶԿ փոխնախագահ Հուսեին Չելիքն իր հերթին ՆԱՏՕ գագաթաժողովը որակեց Թուրքիայի դիվանագիտական հաղթանակ. «Թուրքիան նախկինում նույնպես ՆԱՏՕ անդամ էր, սակայն այն ժամանակ ՆԱՏՕ-ն վճիռ էր կայացնում ու ի կատար ածում, իսկ Թուրքիան մնում էր դիտորդի դերում: Եթե ներկայումս Թուրքիան չլիներ, ՆԱՏՕ-ն 10 րոպեի ընթացքում վճիռ կարձակեր, թիրախ կընտրեր և տվյալ երկրին կհայտարարեր թշնամի: ՀՀՊ համակարգը տեղակայվելու է ոչ միայն Թուրքիայում, այլև Բուլղարիայում, Ռումինիայում և այլուր: Դրա համար էլ չպետք է անհանգստանալ, թե Թուրքիան կհայտնվի թիրախի դերում»[1]:

Նշենք, որ 2010թ. նոյեմբերի կեսին Իսրայելը ծրագրել էր Saar հրթիռակիր նավով մասնակցել Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի կողմից անցկացվելիք «Ակտիվ ջանքեր» (Active Endeavour) հակաահաբեկչական գործողությանը: Սակայն Թուրքիան սպառնաց, որ, եթե Իսրայելը մասնակցի այդ զորավարժությանը, ապա ինքը կհրաժարվի դրան մասնակցելուց: Այդ պատճառով էլ ՆԱՏՕ-ն որոշեց լիսաբոնյան գագաթաժողովի նախաշեմին չփչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ և պարզապես հետաձգեց այդ գործողությունը: Դեռևս 2009թ. հուլիսին ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի (ԳՇ) ղեկավար Գաբի Աշքենազին հայտարարել էր, որ իսրայելական նավատորմը մասնակցելու է ՆԱՏՕ-ի «Ակտիվ ջանքեր» գործողությանը։ 2010թ. համապատասխան համաձայնագրի ստորագրումից հետո հայտնի դարձավ, որ առաքելությանը մասնակցելու համար ուղարկվելու է իսրայելական հրթիռակիր կորվետներից մեկը։ Սակայն Թուրքիան 2010թ., ինչպես նաև հետագա տարիներին տորպեդահարեց Իսրայելի ու ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցությունը[2]։

Իսկ մինչ այդ Թուրքիան 2010թ. սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 4-ը Քոնիայում կայացած «Անատոլիական արծիվ» միջազգային զորավարժություններում բացառեց Իսրայելի մասնակցությունը: Ի պատասխան դրա` ԱՄՆ-ն իր հերթին հրաժարվեց դրանց մասնակցելուց` նշելով, թե 2010թ. ամերիկյան զորքերն արդեն 2 անգամ թուրքական տարածքում մասնակցել են զորավարժությունների, և այժմ նրանց առջև այլ խնդիրներ են դրված: Թուրքիան էլ հետ չմնաց և հրավեր ուղարկեց Չինաստանին[3]: Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերին (Դավոսի միջադեպից հետո) Թուրքիան չեղարկել էր «Անատոլիական արծիվ» զորավարժությունների միջազգային մասը, որին պետք է մասնակցեր Իսրայելը[4]։

2011թ. սեպտեմբերի 14-ին Թուրքիան և ԱՄՆ-ն Անկարայում ստորագրեցին Մալաթիայի նահանգի Աքչադաղ շրջանի Քյուրեջիք վայրում ՆԱՏՕ-ի ՌՏԿ-ի տեղակայման մասին հուշագիրը։ Թուրքիայի կողմից հուշագիրը ստորագրեց փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, իսկ ԱՄՆ-ի կողմից` դեսպան Ֆրենսիս Ռիկիարդոնեն (Քյուրեջիքում ամերիկյան AN/TPY-2 X-band տիպի ՌՏԿ-ը գործարկվեց 2012թ. հունվարին)։ Այս հուշագրի կնքումից հետո թուրք-ամերիկյան ռազմական համագործակցությունը բավականին մեծ թափ հավաքեց, ինչը բնավ պատահական չէր` հաշվի առնելով, որ ըստ ամերիկյան The New York Times թերթի` Քյուրեջիքի ՌՏԿ-ի տեղակայումը Վաշինգտոնի և Անկարայի միջև ռազմական համագործակցության շրջանակներում արված առավել նշանակալից նախագիծն է վերջին 20 տարիներին և ամենանշանակալից քայլը` սկսած 2003թ. իրաքյան պատերազմից։

Քյուրեջիքի ՌՏԿ-ի վերաբերյալ թուրք-ամերիկյան հուշագրի կնքումից 3 օր առաջ ամերիկյան The Washington Post թերթը գրեց, որ ԱՄՆ-ը դիտարկում է Թուրքիային Predator («Գիշատիչ») անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) հատկացնելու հարցը: Արդեն սեպտեմբերի 24-ին թուրքական մամուլը գրեց, որ Թուրքիան ու ԱՄՆ-ը պայմանավորվել են Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Predator-ները Թուրքիայի հարավարևելյան հատվածում ընկած Ինջիրլիքի ավիաբազա տեղափոխելու և հետախուզական նպատակներով PKK-ի դեմ պայքարում գործածելու շուրջ։ Predator տիպի 4 ԱԹՍ-երն Ինջիրլիք բերվեցին հոկտեմբերին, որտեղից դրանք Սիրիայի օդային տարածության միջով ներթափանցելու էին Իրաքի տարածք, իսկ դրանց թռիչքի ընթացքին ԱՄՆ-ը հետևելու էր իր արբանյակների միջոցով: Թեև դրանք թռչելու էին նաև թուրքական կողմի պահանջով, սակայն հետախուզական տվյալներն անմիջապես չէին հանձնվելու նրան (առաջին հերթին հանձնվելու էին ԱՄՆ-ին, ապա Անկարայում գտնվող ամերիկյան շտաբին և նոր միայն Թուրքիայի զինված ուժերի (ԹԶՈՒ) ԳՇ-ին: Թույլ չտրվեց, որ թուրքական անձնակազմը ղեկավարի դրանք, և բացի այդ Թուրքիային երաշխիքներ չտրվեցին, որ հետախուզական տվյալները չեն հանձնվելու երրորդ երկրի։ Թուրքիան նաև իրավունք չստացավ ԱԹՍ-երը գործածել երրորդ երկրի դեմ։ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարեց, որ Թուրքիան երկար ժամանակ Predator-ների միջոցով հետախուզական տվյալներ է ստացել Հյուսիսային Իրաքում PKK-ի գործունեության վերաբերյալ, և ներկայումս որևէ փոփոխություն տեղի չի ունեցել այդ հարցում, պարզապես փոխվել է Predator-ների տեղակայման բազան (Իրաքի փոխարեն Թուրքիա)։

2011թ. հոկտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը որոշել է Թուրքիային վաճառել AH-1W SUPER COBRA տիպի 3 ուղղաթիռ, որոնք ծառայելու էին PKK-ի դեմ պայքարում: Այս նախաձեռնությունը նույնպես պատահական չէ, քանի որ դրան նախորդած ամիսներին Թուրքիայի ռազմաօդային ուժերը (ՌՕՈՒ) մի քանի մարտական ուղղաթիռ էին կորցրել քուրդ զինյալների դեմ պայքարում և նոր ուղղաթիռների կարիք էին զգում: Նոյեմբերի սկզբին մի խումբ կոնգրեսականներ Կոնգրեսի դիտարկմանը ներկայացրեցին թիվ 83 բանաձևը, որում Վաշինգտոնին կոչ էին անում զենք չվաճառել Թուրքիային։ Այդ բանաձևով նախատեսվում էր արգելք դնել Թուրքիային 111 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ամերիկյան սպառազինության և մասնավորապես՝ AH-1W SUPER COBRA տիպի 3 ուղղաթիռի վաճառքի վրա։ Կոնգրեսականներն ընդգծել էին, որ իրենց մտահոգում է Թուրքիայի բացասական դիրքորոշումն ԱՄՆ-ի դաշնակիցների նկատմամբ. «Թուրքիան սպառնում է Իսրայելին, շարունակում է օկուպացրած պահել Հյուսիսային Կիպրոսը, Հայաստանին ուժեղ շրջափակման է ենթարկել։ Անկարան այսպես է վարվում մեր բարեկամների ու դաշնակիցների հետ, միևնույն ժամանակ մեր ամենահայտնի թշնամիների հետ սերտ կապեր է հաստատել։ Թուրքիային զենք վաճառելիս Վաշինգտոնը պետք է հաշվի առնի այս մտահոգությունները»։ Սակայն այս նախաձեռնությունը տապալվեց. նոյեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսը հավանության արժանացրեց ռազմական գործարքը։

Հոկտեմբերի 31-ին` Վաշինգտոնում անցկացված թուրք-ամերիկյան 30-րդ տարեկան խորհրդի ժամանակ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը համաձայնվել է Թուրքիային հանձնել F-16 Fighting Falcon կործանիչների ծրագրային ապահովման ծածկագրերը։ Խոսքը F-16-ի թռիչքային համակարգն ու սպառազինությունն ամբողջովին վերահսկող համակարգչային ծրագրի մասին է, որի շնորհիվ թուրքական կողմը հնարավորություն ստացավ այդ ինքնաթիռների վրա տեղակայել հավելյալ սարքավորում և սեփական արտադրության սպառազինություն։ Թուրքական մամուլն անմիջապես գրեց, որ դա աննախադեպ իրադարձություն է, քանի որ ԱՄՆ-ը նման կերպ չի վարվել աշխարհի և ոչ մի երկրի պարագայում: Ընդգծվեց, որ ցայժմ Lockheed Martin ընկերությունն արտադրել է F-16 տիպի 4200 ինքնաթիռ, որոնք առկա են աշխարհի 26 երկրների ՌՕՈՒ սպառազինությունում, սակայն այդ երկրները, նաև՝ Իսրայելը, իրենց F-16 ինքնաթիռների արդիականացման համար անպայմանորեն պետք է դիմեին ԱՄՆ-ին, քանի որ իրենց արտադրած ռումբերը, հրթիռները և այլ բաղադրատարրերը չէին ճանաչվում F-16-երի համակարգչային ծրագրի կողմից: Թուրքիային հաջողվեց հաղթահարել այդ պատնեշը: Այդ ժամանակ հաղորդվեց, որ Թուրքիան ԱՄՆ-ին պատվիրել է F-16 C տիպի ևս 30 ինքնաթիռ, որոնց ստանալուց հետո Թուրքիայի ՌՕՈՒ-ն կունենա մոտ 250 հատ F-16, և արդյունքում Թուրքիան կդառնա ԱՄՆ-ից հետո F-16-երի ամենամեծ բանակն ունեցող երկիրը: Այս ամենն ընդգծում է Քյուրեջիքի ՌՏԿ-ի կապակցությամբ ԱՄՆ-ի խորին շնորհակալությունը[5]:

Ամեն դեպքում Քյուրեջիքի ՌՏԿ-ի վերաբերյալ թուրք-ամերիկյան համաձայնությունից օրեր անց գերմանական (Frankfurter Allgemeine Zeitung) ու ամերիկյան (New York Times) մամուլները գրեցին, որ Իսրայելն օգտվելու է Քյուրեջիքի ՌՏԿ-ից ստացվելիք տվյալներից, և որ այդ հարցում Թուրքիայի առարկությունը չի ընդունվել։ Շեշտվեց այն հանգամանքը, որ տվյալ ռադարը պատկանում է ԱՄՆ-ին[6]։ Չնայած դրան՝ 2012թ. փետրվարի 18-ին (ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության 60-ամյակ) Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Թուրքիան երրորդ երկրներին և հատկապես Իսրայելին թույլ չի տա օգտվել իր տարածքում տեղակայված ՆԱՏՕ ՀՀՊ համակարգի տվյալներից. «Մենք երբեք թույլ չենք տա երրորդ կողմին օգտագործել ՆԱՏՕ-ի օբյեկտները։ Մեր դիրքորոշումը կլինի էլ ավելի ամուր, եթե հարցն առնչվի Իսրայելին»։ Դավութօղլուի այս հայտարարությունը հնչեց ԶԼՄ-ների այն հաղորդումների խորապատկերին, որ ԱՄՆ-ն ու Իսրայելն իրականացրել են հրթիռների համատեղ փորձարկումներ, որոնց ընթացքում օգտագործվել են Թուրքիայում ՆԱՏՕ-ի ռադարի հավաքած տվյալները[7]։

Ուշագրավ է, որ 2014թ. հունվարին ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հերքեց Էրդողանի այն մտահոգությունները, թե Իսրայելը կարող է Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ ռադարն օգտագործել Իրանին հրթիռային հարված հասցնելու համար[8]: Ստացվում է, որ անգամ Էրդողանը չի բացառել Իսրայելի կողմից Քյուրեջիքի ՌՏԿ-ի տվյալներից օգտվելու հնարավորությունը։ 2011թ. հոկտեմբերի սկզբին Էրդողանը թուրքական մամուլի բնորոշմամբ՝ Իսրայելին «հարվածեց ատոմային ռումբով»՝ հայտարարելով. «Ներկայումս Իսրայելը դիտարկում եմ որպես տարածաշրջանի, շրջակա միջավայրի սպառնալիք, որովհետև նա ունի ատոմային ռումբ։ Իսրայելը պետական տեռոր է իրականացնում տարածաշրջանում»[9]։ Թեև անկասկած կարելի է համարել, որ Իսրայելն ունի ատոմային ռումբ, սակայն նա շարունակ խուսափել է դա պաշտոնապես ընդունելուց, որպեսզի տարածաշրջանում չառաջացնի միջուկային մրցավազք։

2012թ. էլ Թուրքիան արգելափակեց մայիսի 20-21-ին Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Իսրայելի մասնակցությունը, ինչն անուղղակիորեն դատապարտեցին ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ռասմուսենը (Թուրքիային անգամ սպառնացին, որ վետո կդնեն Եգիպտոսի, Մավրիտանիայի, Ալժիրի, Մարոկկոյի ու Միջերկրածովյան երկխոսության գծով ՆԱՏՕ այլ մուսուլման գործընկերների աշխատանքների վրա, եթե Թուրքիան շարունակի խախտել Դաշինքի արժեքները)[10]։

Այսպիսով, մենք տեսնում ենք, որ Թուրքիան վետո է դրել ՆԱՏՕ-ի հետ իր համագործակցությունը խորացնելու Իսրայելի փորձերի վրա։ 2012թ. դեկտեմբերի վերջին Թուրքիայի իշխանությունները համաձայնվեցին վերացնել ՆԱՏՕ-ի հետ Իսրայելի ոչ ռազմական համագործակցության վրա դրած վետոն։ Այդ որոշումն ընդունվեց այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ն համաձայնվեց թուրք-սիրիական սահմանի մոտ տեղակայել Patriot զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ). ՆԱՏՕ-ն Patriot ԶՀՀ-ներն օգտագործեց որպես ճնշման լծակ՝ Անկարային հարկադրելու համար մեղմելով Իսրայելի հանդեպ դիրքորոշումը[11]։

2016թ. մայիսի սկզբին էլ Թուրքիան վերացրեց ՆԱՏՕ-ի ու Իսրայելի միջև կապերի ուժեղացման վրա դրված վետոն։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն մայիսի 4-ին կառավարության նիստում հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի ու Իսրայելի կապերը բարելավվելու են, որ Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում բացվելու է իսրայելական մշտական առաքելություն[12]։ Այն բացվեց 2016թ. սեպտեմբերի 27-ին: ՆԱՏՕ-ում Իսրայելի առաջին դեսպան նշանակվեց Ահարոն (Ռոնի) Լեշնո-Յաարը[13]։ Փաստորեն ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում Իսրայելի ներկայացուցչության գործարկումը տեղի ունեցավ 2016թ. հունիսի վերջին՝ հարաբերությունների կարգավորման մասին Թուրքիայի ու Իսրայելի միջև համաձայնագրի ստորագրումից հետո, իսկ դրանից օրեր անց՝ սեպտեմբերի 30-ին, Թուրքիան Իսրայելից ստացավ 20 մլն դոլարի փոխհատուցում՝ կապված «Մավի Մարմարայի» միջադեպի հետ[14]։

 ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ, ԻՐԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ

 2010թ. մարտի սկզբին Ռասմուսենը Բրյուսելում հայտարարեց, որ Իրանի միջուկային ծրագիրը կարող է սպառնալիք ներկայացնել ՆԱՏՕ-ի համար. «Եթե Իրանը ստանա միջուկային հնարավորություններ, ապա դա կարող է սպառնալիք ներկայացնել ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների համար։ ՆԱՏՕ-ն իրանական միջուկային խնդրի վերաբերյալ միջազգային բանակցությունների մասնակից չէ, սակայն ակնդետ հետևում է դրանց ընթացքին՝ աջակցելով խնդրի դիվանագիտական կարգավորում գտնելուն և Իրանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել ուրանի հարստացումը»[15]։

2010թ. մայիսի 17-ին Իրանի, Բրազիլիայի ու Թուրքիայի արտգործնախարարները համաձայնության եկան Իրանի կողմից արտադրվող հարստացված ուրանի՝ երկրի տարածքից դուրս վերահարստացման մասին։ Իրանը համաձայնեց իր տարածքում ուրանը հարստացնել մինչև 3.5%, այնուհետև այն Թուրքիայի տարածքում փոխանակել մինչև 20% հարստացված ուրանի հետ, որը հետագայում պետք է օգտագործվեր Թեհրանի միջուկային գիտահետազոտական կենտրոնի հետազոտական ռեակտորում։ Քանի որ Թուրքիան չուներ հարստացված ուրան, ուստիև այն պետք է Թուրքիա հասցվեր Ֆրանսիայից կամ Ռուսաստանից: Միջուկային հումքի հարստացման հզորություն չունենալու պատճառով Թուրքիան առաջարկում էր իր տարածքն օգտագործել որպես ելակետ` այն Ռուսաստան կամ Ֆրանսիա հասցնելու և այնտեղ վերամշակելու համար՝ այդպիսով ձգտելով վերածվել էներգետիկ միջուկային կենտրոնի, ինչպես նաև կողմերի համար մեծացնել իր պահանջարկը[16]։

Չնայած ձեռք բերված համաձայնությունը որակվեց «հեղափոխական», սակայն իրանական կողմի արած հայտարարություններն անմիջապես ցրեցին համապատասխան տպավորությունները։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարեց, որ Իրանը չի պատրաստվում հրաժարվել ուրանը մինչև 20% հարստացնելու ծրագրից, և որ որևէ կապ գոյություն չունի վառելիքի փոխանակման մասին գործարքի ու ուրան հարստացնելու գործողության միջև։

Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին իր հերթին հայտարարեց, որ տվյալ պայմանավորվածությունը Թեհրանի բարի կամքի արտահայտումն է, ինչն ամենևին չի նշանակում, թե Իրանը հրաժարվելու է ուրանն իր տարածքում հարստացնելու ծրագրերից. «Մեր որոշումն ուղղված էր նրան, որ միջազգային հանրությանը ցույց տանք, որ մենք բաց ենք պայմանավորվածությունների համար։ Իրանը կսկսի ցածր հարստացված ուրանը դուրս բերել Թուրքիա միայն այն դեպքում, եթե դրան համաձայնվեն Վիեննայի խմբի անդամները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, և ԱԷՄԳ-ը։ Հուսով եմ, որ նոր համաձայնագիրը դրականորեն կազդի Իրանի ու Արևմուտքի միջև համագործակցության վրա»[17]։

Արդեն հունիսին ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ Թուրքիան (նաև Բրազիլիան) դեմ քվարկեց Իրանի դեմ պատժամիջոցներ նախատեսող բանաձևին՝ կոչ անելով միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները հարթել դիվանագիտական ճանապարհով: Դրա հետ կապված՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների նիստի ավարտից հետո հայտարարեց. «Ես հիասթափված եմ Անկարայի քվեարկությունից, Թուրքիան ԱՄՆ վաղեմի դաշնակիցն է և ՆԱՏՕ-ի անդամ երկիր։ Այնուամենայնիվ, այդ քայլը չի ազդի ռազմական ոլորտում թուրք-ամերիկյան համագործակցության վրա: Թուրքիան շարունակում է առանցքային դերակատարում ունենալ ՆԱՏՕ-ում։ Դաշնակիցները ոչ բոլոր հարցերում են համակարծիք»: Գեյթսն Արևմուտքից Թուրքիայի ռազմավարական դրեյֆը մասնակիորեն բացատրեց նրանով, որ ԵՄ-ը կազմակերպությունում լիիրավ անդամակցություն չի հատկացնում Անկարային[18]։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ավելի ուշ կրկնեց Թուրքիայի հանդեպ ԵՄ-ի կողմից «անարդար» վերաբերմունքի մասին Գեյթսի խոսքերը։ Դրա հետ մեկտեղ նա հայտարարեց, որ Թուրքիան պարտավոր է հավատարիմ մնալ իր պարտավորություններին. «Որպես ՆԱՏՕ-ի անդամ ու ԱՄՆ առանցքային գործընկեր՝ Անկարան չպետք է խաթարի տարածաշրջանում դաշնակիցների շահերը, ինչպիսին Իսրայելն է և չպետք է ջերմ հարաբերություններ պահպանի բռնակալների հետ, ինչպիսիք են Իրանի ու Սուդանի նախագահներ Մահմուդ Ահմադինեժադն ու Օմար ալ-Բաշիրը»[19]։ Փաստորեն ԱՄՆ-ը շարունակ Թուրքիային մղում է դեպի Արևմուտք՝ նրա հետագա իսլամականացման կանխումը տեսնելով դրանով, սակայն ԵՄ-ն էլ բազում պատճառներով Թուրքիային չի ընդունում իր շարքերը՝ այդպիսով նրան մղելով դեպի Արևելք։ Թուրքիան, փաստորեն, «հայտնվել է» երկու քարի արանքում[20]։

Էրդողանը բանաձևին Թուրքիայի դեմ քվեարկելը բացատրեց «պատմական սխալ» չգործելու և մայիսի 17-ին իրանական ցածր հարստացված ուրանի շուրջ ստորագրված եռակողմ համաձայնագրից չհրաժարվելու անհրաժեշտությամբ. «Մենք չէինք կարող համաձայնել այդօրինակ անվայել արարքին։ Մենք չէինք ցանկանում դառնալ նման սխալի մասնակիցը, քանի որ պատմությունը մեզ չի ների»։ Բանաձևին Թուրքիայի դեմ քվեարկելն անսպասելի չէր. դեռևս 2010թ. ապրիլի 13-ին Դավութօղլուն Վաշինգտոնում 47 երկրների մասնակցությամբ բացված միջուկային անվտանգության գագաթաժողովում հայտարարել էր, որ Թուրքիան դեմ է Իրանի հանդեպ պատժամիջոցների կիրառմանը: Դրանից մեկ շաբաթ անց՝ ապրիլի 20-ին, Դավութօղլուն Թեհրանում հայտարարել էր, որ Իրանի հանդեպ նոր պատժամիջոցների կիրառման դեպքում Թուրքիան տարածաշրջանի մյուս երկրների համեմատ ամենաշատն իր վրա կզգա դեպքերի նմանատիպ զարգացումը. «Դրա համար էլ Թուրքիան ջանքեր է գործադրում գտնելու այնպիսի լուծում, որ ՄԱԿ ԱԽ-ը չդիտարկի պատժամիջոցների կիրառման հարցը։ Թուրքիան կարող է նպաստել Իրանի ու Արևմուտքի միջև ատոմային վեճի դիվանագիտական լուծմանը, որով նախատեսվում է, որ Իրանն իր ուրանի մի մասը հարստացման նպատակով կուղարկի արտերկիր»։ Հիշեցնենք, որ Իրանն այդ ժամանակ Թուրքիայի գլխավոր  նավթամատակարարն էր և երկրորդ գազամատակարարը։

Հարկ է նշել, որ 2009թ. հոկտեմբերի վերջին Էրդողանը Թեհրանում Իրանին անվանեց «Թուրքիայի ընկեր» և հատուկ ընդգծեց Արևմուտքի ոչ օբյեկտիվ վերաբերմունքն Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ. «Յուրաքանչյուր պետություն իրավունք ունի խաղաղ նպատակներով օգտագործել ատոմային էներգիան, և նրանք, ովքեր կողմ են գլոբալ միջուկային զինաթափմանը, պետք է առաջին հերթին այդ գործընթացն սկսեն հենց իրենցից»: Էրդողանն Իրանի նկատմամբ արևմտյան հնարավոր ռազմական միջամտությունը որակեց «անհեթեթություն»: Սա իսկապես Թուրքիայի կողմից Արևմուտքին հասցեագրված խոշոր քննադատություն էր: Այս շարքին կարելի է դասել նաև 2010թ. մայիսին Ռիո դե Ժանեյրոյում Էրդողանի արած հայտարարությունը. «Իրանի միջուկային ծրագրի դեմ հանդես եկող երկրներն իրենք ունեն միջուկային զենք: Այս թեմայով խոսողները նախևառաջ թող վերացնեն իրենց միջուկային զենքերը և մարդկությանը հղեն խաղաղության ուղերձ»: Սա առաջին հերթին ԱՄՆ-ին հասցեագրված կոչ էր: Ի դեպ, Իրանի տվյալ ժամանակվա նախագահ Մահմուդ Ահմադինեժադը 2009թ. հունվարի վերջին Դավոսյան միջադեպից հետո Էրդողանին համարել է իր անձնական ընկերը:

Թուրքիան գտնում էր, որ Իրանին ռազմական հարված հասցնելու արդյունքում տարածաշրջանի մնացած երկրների համեմատությամբ ամենաշատը կտուժի ինքը: Նրա այդ դիրքորոշման պատճառը բխում է ոչ վաղ անցյալի պատմական փորձից. 1991թ. տեղի ունեցած Պարսից Ծոցի առաջին պատերազմում Թուրքիայի կրած վնասները կազմեցին 50 մլրդ դոլար, իսկ 2003թ. Պարսից Ծոցի երկրորդ պատերազմում` 80 մլրդ դոլար: ԱՄՆ-ը փոխհատուցեց այդ վնասների միայն մի մասը:

Թուրքիան առավել հակված է այն տարբերակին, ըստ որի` յուրաքանչյուր պետություն իրավունք ունի խաղաղ նպատակներով մշակելու միջուկային տեխնոլոգիաներ: Չնայած դրան` Թուրքիան դեմ է, որ Իրանն ունենա միջուկային ռումբ, քանի որ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումն իր հերթին կնպաստի «շղթայական ռեակցիայի» էֆեկտի զարգացմանը, երբ Իրանից հետո միջուկային զենքի մշակմամբ կսկսեն զբաղվել տարածաշրջանի այլ երկրներ ևս: 2010թ. մարտի վերջերին Աբդուլլահ Գյուլը հայտարարեց, թե կասկած չկա, որ Իրանը ցանկանում է ստեղծել միջուկային ռումբ, իսկ 2013թ. սկզբին Foreign Affairs պարբերականին տված հարցազրույցում հայտարարեց, որ Թուրքիան թույլ չի տա, որ հարևան երկիրն ունենա այնպիսի զենք, որից չունի ինքը: 2011թ. օգոստոսին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանն էլ հայտարարեց, թե Թուրքիան չի կարող թույլ տալ, որ Իրանն ունենա միջուկային զենք[21]:

Թեև Թուրքիայի իշխանությունները շարունակ հայտարարում են, որ տուրք չեն տվել Իրանի հանդեպ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանած տնտեսական պատժամիջոցներին, որ իրենք միայն ճանաչում են ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցները, այնուամենայնիվ դա մասնակի է ճշմարիտ։ 2012թ. մարտի վերջին թուրքական միակ նավթավերամշակման ընկերություն TÜPRAŞ-ը, որը Թուրքիայում հում նավթի միակ գնորդն էր, 20%-ով կրճատեց իրանական նավթի գնումը (դա չպատճառաբանվեց Արևմուտքի ճնշումներով)[22]։ Արդյունքում Թուրքիայի գլխավոր նավթամատակարար երկիր դարձավ Իրաքը՝ գերազանցելով Իրանին։ Թուրքիան չդիմեց իրանական նավթը գնելուց ամբողջովին հրաժարվելուն, որի գլխավոր պատճառը տնտեսական էր (իրանական նավթի կարիքը), սակայն դրանում դեր խաղաց նաև այն, որ Թուրքիան ամեն պատեհ ու անպատեհ առիթով ցանկանում է ԵՄ-ին հիշեցնել, զղջալ տալ, որ Թուրքիան նրա անդամ չէ և, հետևաբար, պարտավոր չէ հետևել նրա որոշումներին։

 ԵՄ-ՆԱՏՕ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՀՈՒՆԱՍՏԱՆ, ԿԻՊՐՈՍ), ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՃԳՆԱԺԱՄ

Չնայած նրան, որ Թուրքիան ԵՄ-ի անդամ չէ, նա կարևոր դեր է խաղում ՆԱՏՕ-ԵՄ ռազմավարական գործընկերությունում և ժամանակ առ ժամանակ խոչընդոտներ է հարուցում դրանում։ Թուրքիան դեմ է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական տվյալներից օգտվեն նրա անդամ չհանդիսացող և ԵՄ-ի անդամ հանդիսացող երկրները (առաջին հերթին Կիպրոսը)։ 2010թ. աշնանը Թուրքիան խոչընդոտեց ՆԱՏՕ-ԵՄ գագաթաժողովի անցկացումը՝ ընդգծելով, որ Կիպրոսը ՆԱՏՕ-ի անդամ կամ գործընկեր չէ։ Լիսաբոնում ՆԱՏՕ-ի վերոնշյալ գագաթաժողովի շրջանակներում ԵՄ-ՆԱՏՕ գագաթաժողով անցկացնելու հարցն Անկարայում քննարկեցին Ահմեթ Դավութօղլուն ու Անդերս Ֆոգ Ռասմուսենը, սակայն բանակցություններն արդյունք չտվեցին։ Թուրքական կողմն այն ժամանակ հայտարարեց, որ քանի դեռ Կիպրոսը չի փոխել կիպրական խնդրի կարգավորման վերաբերյալ իր մոտեցումը, նմանատիպ գագաթաժողովի անցկացումը հնարավոր չէ[23] (Կիպրոսի հարցում Թուրքիայի դիրքորոշումը բացասաբար է ազդում նաև ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ Հունաստանի հետ նրա հարաբերությունների վրա)։

Թուրքիան չի ընդունում Կիպրոսի Հանրապետություն անվանմամբ պետության գոյություն, նրան անվանում է Հարավային Կիպրոս և աշխարհի միակ երկիրն է, որը ճանաչել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ)։ Դեռևս 2011թ. հուլիսի 19-ին` թուրքական զորքերի կողմից Կիպրոսի հյուսիսային հատված ներխուժելու 37-ամյակի նախօրեին, Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան կսառեցնի ԵՄ-ի հետ հարաբերությունները, եթե կիպրական հարցը լուծում չստանա մինչև 2012թ. հուլիսի 1-ին Կիպրոսի կողմից ԵՄ նախագահության ստանձնումը. «Թող ոչ ոք մեզանից չակնկալի, որ ԵՄ նախագահության ստանձնման դեպքում մենք Հարավային Կիպրոսի հետ կնստենք սեղանի շուրջ: Մենք չենք ճանաչում Կիպրոս անունով պետություն, փոխարենը ճանաչում ենք Հարավային Կիպրոսի վարչակազմ ու ՀԿԹՀ: Մենք ԵՄ-ը չենք դիտարկում Կիպրոսի հարցում որպես զրուցակից, քանի որ նա փորձում է այդ խնդիրը թեքել իր կողմը, և գտնում ենք, որ կիպրական հարցն ամբողջովին պետք է լուծվի ՄԱԿ հարթակում»[24]: Թուրքիան իրագործեց իր այս սպառնալիքը և 2012թ. ամռանը վեց ամսով կասեցրեց ԵՄ-ի, բայց ոչ եվրոպական ինստիտուտների հետ շփումները։

Ի դեպ, այն բանից հետո, ինչ Թուրքիան 1974թ. օկուպացրեց Կիպրոսի հյուսիսային հատվածը (կղզու 37%-ը), Հունաստանը դուրս եկավ ՆԱՏՕ-ից՝ որպես բողոքի նշան, որ Դաշինքը չկարողացավ կանխել դա (1980թ. Հունաստանը վերստին միացավ ՆԱՏՕ-ին)։ Նկատենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն ԵՄ-ի անդամ չէ, իսկ Կիպրոսը ընդհակառակը՝ ԵՄ-ի անդամ է, բայց ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Թուրքիան արգելափակում է Կիպրոսի միանալը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին, Կիպրոսն իր հերթին արգելափակում է Եվրոպական պաշտպանական գործակալությանը (European Defence Agency, EDA) Թուրքիայի միանալը (Թուրքիան այդ հարցում վկայակոչում է Նորվեգիային, որը ԵՄ-ի անդամ չէ, սակայն միացել է EDA-ին)։ Թուրքիան ու Կիպրոսը փաստորեն տարբեր հարցերում փոխադարձաբար վետոներ են դնում միմյանց վրա, ինչը որոշակի բացասական կնիք է թողնում ԵՄ-ՆԱՏՕ համագործակցության վրա։

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի անդամներ Հունաստան-Թուրքիա հարաբերություններին, ապա Կիպրոսի խնդրից բացի մեծ խնդիրներ կան Էգեյան ծովի կղզիների պատկանելության հարցում։ 2016թ. սկզբին Աթենքի Պանթեոն համալսարանի դոցենտ Անգելոս Սիրիգոսը հայտարարեց, որ Հունաստանն ու Թուրքիան քանիցս հայտնվել են պատերազմի շեմին՝ կապված Թուրքիայի մարտական ինքնաթիռների կողմից Հունաստանի օդային տիրույթը խախտելու հետ։ Սիրիգոսի խոսքերով՝ Հունաստանն ու Թուրքիան 1980-ական և 1990-ականներին կորցրել են 4-ական ինքնաթիռ, սակայն լռել են, քանի որ երկուսն էլ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են և մտավախություն են ունեցել հարաբերությունների խաթարման հարցում[25]:

Ընդհանուր առմամբ, 2000–2009թթ. Թուրքիայի ՌՕՈՒ-ն 49.228 անգամ խախտել է Հունաստանի օդային սահմանը, Հունաստանի ՌՕՈՒ-ն իրականացրել է 19.888 կանխարգելիչ թռիչք, որոնց վրա հունական կողմը ծախսել է 447.5 մլն եվրո։ Հունաստանի ՌՕՈՒ ԳՇ-ի հաղորդմամբ՝ 2015թ. առաջին 8 ամիսներին թուրքական մարտական ինքնաթիռները 1306, իսկ 2014թ.՝ 2244 անգամ խախտել են երկրի օդային տիրույթը: Այս ամենի պատճառն այն է, որ Հունաստանն ու Թուրքիան տարբեր դիրքորոշումներ ունեն Էգեյան ծովում իրենց ծովային ու օդային սահմանների, մայրցամաքային շելֆի բաժանման հարցերում։ Էգեյան ծովում Հունաստանին են պատկանում հազարից ավելի կղզիներ, որոնց մի մասը բավական մոտ է թուրքական ափերին։ Դավութօղլուն իր «Ռազմավարական խորություն» գրքում նշում է, որ այդ կղզիները հանդիսանում են անատոլիական ցամաքի «բնական շարունակությունը», ինչի համար էլ «պետք է» պատկանեն Թուրքիային։[26]:

2015թ. մարտին Թուրքիայի ԵՄ-ի հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը հայտարարեց, որ եթե Թուրքիան անդամակցի ԵՄ-ին, ապա կարող է նրան ապահովել 60.000-անոց բանակով. «ԵՄ-ը ցայժմ չի ստեղծել իր բանակը և հանդես է գալիս փափուկ ուժի դիրքերից։ Առանց բանակի անհնար է լինել գերուժ։ Եթե Թուրքիան դառնա ԵՄ-ի անդամ, ապա կկարողանա նրան ապահովել 60.000-անոց միասնական բանակով»։ Դրանից առաջ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ ԵՄ-ը պետք է ստեղծի սեփական միասնական բանակ՝ որպես Եվրոպայի շահերն առաջ տանելու գործիք[27]։ Փաստորեն Թուրքիան ԵՄ-ում իր օգտակար լինելու ևս մեկ գործոն է գտել և ցանկանում է էլ ավելի մեծ դերակատարություն ունենալ Եվրոպայի անվտանգության ապահովման հարցում՝ համեմատած ՆԱՏՕ-ում իր դերի հետ։ Թուրքիային քաջ հայտնի է, որ ՆԱՏՕ-ն դեմ է ԵՄ-ի միասնական բանակի ստեղծմանը, ինչի համար էլ նրա այդ քայլը կարելի է որակել նաև ՆԱՏՕ-ի դեմ ուղղված քայլ։

2016թ. փետրվարի կեսին Թուրքիան ու Հունաստանը դիմեցին ՆԱՏՕ-ին՝ խնդրելով պարեկություն կատարել Էգեյան ծովում՝ վերահսկելու ներգաղթյալների շարժն ու պայքարելու համար ապօրինի ներգաղթյալներին տեղափոխող մաքսանենգների դեմ։ Թուրքական կողմը հայտարարեց, որ պատրաստ է ընդունել ծովում ՆԱՏՕ-ի փրկած փախստականներին։ ՆԱՏՕ-ի հավաքած տեղեկատվությունը փոխանցվելու էր թուրքական իշխանություններին՝ ապօրինի ներգաղթյալներին փոխադրողների դեմ պայքարելու համար[28]։  Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների նիստը հավանության արժանացրեց այդ առաջարկը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարեց, որ Դաշինքը Եվրոպայում ապօրինի ներգաղթյալների ճգնաժամի լուծման գործիք չէ, սակայն կաջակցի իրավիճակի կայունացմանը։ Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ռազմածովային խմբի նավերը սկսել են աջակցել Էգեյան ծովում ապօրինի ներգաղթյալների փոխադրողների դեմ պայքարին, ինչն իրականացվելու է եվրոպական Frontex գործակալության հետ համագործակցելով[29]։ Սակայն մարտի սկզբին հաղորդվեց որ Թուրքիան ՆԱՏՕ-ի ռազմածովային այդ խմբավորմանը չի թույլատրել մուտք գործել իր տարածքային ջրեր՝ այդ որոշումը բացատրելով նրանով, որ դեռ հստակեցված չէ այն գոտին, որում գտնվելու է նավախումբը։ Այդ նպատակով տվյալ նավախմբի հրամանատար, դերծովակալ Յորգ Կլյայնը (Գերմանիա) պետք է ժամանի Թուրքիայի մայրաքաղաք և համաձայնեցնի գոտու սահմանները[30]։

Ապրիլի երկրորդ կեսին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարեց, որ Թուրքիայի պահանջներն ու դիրքորոշումը խոչընդոտում են Էգեյան ծովում ՆԱՏՕ-ի առաքելությանը, որի շնորհիվ էականորեն նվազել է փախստականների հոսքը Թուրքիայով դեպի Հունաստան[31]։ Ի դեպ, Հունաստանի ու Թուրքիայի միջև Էգեյան հակամարտության պատճառով ՆԱՏՕ-ի պլանը նախատեսել է, որ ծովի հունական հատվածում պարեկություն կկատարեն Հունաստանի, իսկ թուրքական հատվածում՝ Թուրքիայի նավերը։ Ընդ որում, երկու հատվածներում էլ կգործեն Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի նավերը։

2016թ. հոկտեմբերի վերջին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարեց, որ Թուրքիան դիմել է ՆԱՏՕ-ին՝ առաջարկելով ավարտել Էգեյան ծովում միգրացիոն հոսքի զսպման իր առաքելությունը։ Նրա խոսքերով՝ Թուրքիայով Հունաստան տեղափոխվել ցանկացող ապօրինի ներգաղթյալների թիվը զգալիորեն նվազել է, չկա Էգեյան ծովի ափին ռազմական պարեկություն կատարելու անհրաժեշտություն, և որ Թուրքիան կշարունակի միգրացիոն հոսքին դիմակայել սեփական ուժերով։ Ընդգծվեց, որ Թուրքիայի այդ քայլը կարող էր կապված լինել նրա հետ, որ Սթոլթենբերգը դրանից առաջ հայտարարել էր, թե Դաշինքը որոշել է սկսել նոր «Ծովային պահապան» գործողությունը, որը կոչված է ԵՄ-ին օգնել կանխելու Ասիայի ու Աֆրիկայի երկրներից Եվրոպա փախստականների ապօրինի փոխադրման աղբյուրները[32]։ Սակայն պատճառներից մեկը կարող էր լինել նաև այն, որ Թուրքիայի իշխանությունները շարունակ դժգոհում էին, որ ԵՄ-ը չի հատկացրել փախստականների կարիքները հոգալու համար խոստացված 3 մլրդ եվրոն և կարող էին շահագրգռված լինել, որ աճեր Թուրքիայից փախստականների հոսքը դեպի ԵՄ, որը, ինչպես արդեն նշվեց, զգալիորեն նվազել էր ՆԱՏՕ-ի առաքելության շնորհիվ։ Դա ԵՄ-ին կդարձներ ավելի զիջող և կարագացներ գումարի փոխանցումը։

Ի դեպ, Թուրքիան խնդիրներ է հարուցել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ընտրության հարցում։ Մասնավորապես, նա 2009թ. խոչընդոտում էր այդ պաշտոնում Դանիայի վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսենի ընտրությանը և անգամ սպառնում էր վետո կիրառել (Ռասմուսենի թեկնածությունն առաջ էին քաշել Գերմանիան, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան)։ Թուրքիայի այդ դիրքորոշումը կապված էր երկու հիմնական գործոնի հետ. Դանիայում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկաների շուրջ ծագած ճգնաժամ և քրդական Roj TV հեռուստաալիքի գործունեություն, որը թուրքական կողմի պնդմամբ՝ իրականացնում էր PKK-ի օգտին քարոզչություն (փակվեց 2012թ.)[33]։

 ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐ, ԻՆՋԻՐԼԻՔԻ ԱՎԻԱԲԱԶԱ

2014թ. սեպտեմբերին գերմանական Die Welt թերթի լրագրող Հանս Ռյուhլեն, ով 1982-1988թթ. աշխատել է Գերմանիայի ՊՆ պլանավորման դեպարտամենտում, գրել էր, որ Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը (BND) բազում տարիներ լրտեսել է Թուրքիային, և որ վերջին շրջանում աճել են անուղղակի վկայություններն այն մասին, որ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանը ցանկանում է իր երկիրը զինել միջուկային զենքով, և որ այդ հարցում Թուրքիայի համար, թերևս, օրինակ է ծառայել Իրանը, ով գաղտնի զբաղվել է միջուկային զենքի մշակմամբ՝ դա անելով ատոմային խաղաղ ծրագրի շղարշի ներքո: Ռյուհլեն այդ պլանում հիշատակել է Թուրքիայի առաջին երկու ատոմակայանների վերաբերյալ ռուսական «Ռոսատոմ» ընկերության (Աքքույուի ԱԷԿ) և ֆրանս-ճապոնական «Միցուբիշի-Արևա» կոնսորցիումի (Սինոպի ԱԷԿ) հետ Թուրքիայի ստորագրած համաձայնագրերի մանրամասները, ինչպես նաև մեծ հեռահարության հրթիռներ մշակելու մասին Էրդողանի հրահանգը։

Այս ամենին մեր նախկին հոդվածներից մեկում հավելել ենք Թուրքիայում արբանյակների արձակման կենտրոն (տիեզերակայան) ստեղծելու մտադրությունը, որի նախագիծն օգտագործվելու է սեփական արտադրության արբանյակներն արձակելու համար, սակայն հիմնական նպատակն այլ է. տիեզերք արբանյակ արձակելը նշանակում է ավարտին հասցնել բալիստիկ հրթիռի տեխնոլոգիայի մեծ մասի յուրացումը, որովհետև ի տարբերություն մյուս հրթիռների՝ բալիստիկ հրթիռներն իրենց թռիչքի ժամանակ դուրս են գալիս մթնոլորտից, դեպի թիրախ ընթանալիս որոշ ժամանակ թռչում են տիեզերքով, իսկ թիրախին մոտենալիս վերստին մտնում են մթնոլորտ։ Ուշադրություն ենք հրավիրել, որ 2014թ. ապրիլին ՌԴ ԱԳՆ-ը զգուշացրեց Ուկրաինայի նոր իշխանություններին՝ կապված մամուլում շրջանառվող այն լուրերի հետ, թե դնեպրոպետրովսկյան «Յուժմաշ» ձեռնարկության ներկայացուցիչները 2014թ. ապրիլի 5-ին Թուրքիայում գաղտնի բանակցություններ են վարել Р-36М2 Воевода (ՆԱՏՕ դասակարգմամբ՝ «Սատանա») միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արտադրման տեխնոլոգիայի վաճառքի շուրջ։ Ներկայումս պետք է ուշադիր հետևել նաև Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ծավալվող ռազմական համագործակցությանը։

Հիշատակման արժանի է նաև այն, որ 2009թ. հուլիսի 2-ին Թուրքիայի ՊՆ պայմանագիր ստորագրեց Իսրայելի համար «Դելֆին» դասի սուզանավեր (ունակ են կրել միջուկային զենք՝ միջուկային մարտագլխիկներով հրթիռներ) արտադրող գերմանական HDW նավաշինական ձեռնարկության հետ։ Այդ սուզանավերն Իսրայելին հնարավորություն կտան կիրառել միջուկային զենք, եթե ոչնչացվի երկրի ավիացիոն ու հրթիռային բազան. «երկրորդ հարվածի» այդ զենքը հակառակորդին զրկում է հանկարծակի կործանարար ռմբակոծությունների շնորհիվ Իսրայելի դեմ պատերազմը շահելու հնարավորությունից:  Թուրքիան մինչև 2023թ. (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ) ստանալու է օդից անկախ շարժիչներով (Air Independent Propulsion, AIP) U-214 տիպի 6 սուզանավ, որոնք ստացան 214TN (Turkish Navy) անվանումը։ Դրանք ունակ են սուզվել մինչև 400 մետր խորությամբ և ջրի տակ ինքնուրույն գործել մինչև 50 օր (ընթացքի պաշարը կազմում է 19.000 կմ): Սուզանավերի այս գործարքը գնահատվեց 3.4 մլրդ դոլար, ինչը ֆինանսական առումով դարձավ Թուրքիայի ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) խոշորագույն գործարք և Թուրքիայի պաշտպանունակության ընդլայնման ոլորտի 2-րդ խոշոր նախագիծ՝ զիջելով միայն Lockheed Martin ընկերության հետ գործարքին՝ կապված 13-16 մլրդ դոլարով հինգերորդ սերնդի F-35 տիպի բազմանշանակ 100 կործանիչ գնելու հետ։ Սակայն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շարունակ արգելափակեց Թուրքիային այդ սուզանավերի հատկացումը, քանի որ մտահոգված է Իսրայելի ճակատագրով (թուրք-գերմանական «սուզանավային» ճգնաժամ) [34]։

Ի դեպ, F-35 ինքնաթիռներն ունակ են կրել միջուկային մարտագլխիկներ, և ուշագրավ է, որ վերջին շրջանում Թուրքիան համառորեն փորձում է ԱՄՆ-ից ստանալ F-35-երի ծրագրային ապահովման սկզբնական ծածկագրերը, որոնք անհրաժեշտ են դրանց տեխնիկական սպասարկման, ինչպես նաև դրանցում սեփական (թուրքական) արտադրության սպառազինություն տեղակայելու համար: Թուրքիան սակայն չկարողացավ հաջողության հասնել այդ հարցում. կարծիքներ կան, որ ԱՄՆ-ը ժամանակին համաձայնվեց Թուրքիային տրամադրել F-16-ի ծրագրային ապահովման սկզբնական ծածկագրերը՝ հաշվի առնելով, որ F-35-ի հայտնվելով՝ F-16-ը դառնում է հնացած։ Այսպիսով, Թուրքիան ներկայումս չունի միջուկային զենք արտադրելու հնարավորություն և ձգտում էր ընդլայնել իր միջուկային հնարավորությունները՝ անհրաժեշտ պահի միջուկային զենք արտադրել կարողանալու համար:

Ինչ վերաբերում է Ինջիրլիքի ավիաբազային, ապա Թուրքիան ՆԱՏՕ եվրոպական անդամ հինգ երկրների (Բելգիա, Իտալիա, Գերմանիա, Նիդերլանդներ) թվում է, որոնց տարածքում առկա է ամերիկյան միջուկային զինանոց։ 2011թ. դեկտեմբերի սկզբին թուրքական մամուլը գրեց, որ Ինջիրլիքում պահվում է B61-12 տիպի միջուկային 60-70 ռումբ, որոնցից 50-ը գտնվում է ԱՄՆ ՌՕՈՒ տրամադրության տակ, իսկ մնացյալ 10-20 ռումբը նախատեսված է Թուրքիայի ՌՕՈՒ-ի օգտագործման համար, որի կազմում ձևավորվել է կործանիչ-ռմբակոծիչների 142-րդ էսկադրիլիան (իր տրամադրության տակ ունի F-16A/B ինքնաթիռներ)։ Ուշագրավն այն է, որ Ինջիրլիքում բազավորված ամերիկյան մարտական ինքնաթիռներն ունակ չեն կրել միջուկային լիցքեր, չեն կարող նշանակման վայր հասցնել դրանք։ Միջուկային ռումբերի տեղափոխման համար ԱՄՆ-ը պետք է այլ վայրերից Ինջիրլիք ուղարկի հատուկ ինքնաթիռներ։ Թուրքիայի կառավարությունն ԱՄՆ-ին մերժել է այնպիսի ինքնաթիռների տեղակայման հարցում, որոնք ունակ կլինեին կրել միջուկային զենք։ Դա ՆԱՏՕ-ի պրակտիկայում միակ դեպքն է։ Թուրքիան իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ դա կփոխի բազայի կարգավիճակը, և այն ամբողջովին կհայտնվի ՆԱՏՕ հրամանատարության ենթակայության ներքո: Իսկ ահա թուրքական ինքնաթիռները, որոնք նախկինում իրավունք չունեին կրել միջուկային այդ ռումբերը, Քյուրեջիքում ամերիկյան ՌՏԿ տեղակայման հարցում Թուրքիայի համաձայնությունից հետո ԱՄՆ-ից ստացան 10-20 ատոմային ռումբ[35]:

Հուլիսի 15-ին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձից (ՌՀՓ) հետո ակտիվացան ամերիկյան միջուկային մարտագլխիկները թուրքական տարածքից դուրս բերելու մասին քննարկումները: ԶԼՄ-ները հայտնեցին, որ ամերիկացիներն արդեն սկսել են Ինջիրլիքից ատոմային ռումբերը տեղափոխել Ռումինիա՝ Դևեսելու ռազմաբազա: Փորձագետներն ընդգծեցին, որ միջուկային զենքը Սիրիայի հետ սահմանի մոտ (100-110 կմ) գտնվող Ինջիրլիքում պահելը մեծացնում է ահաբեկիչների կամ թշնամական այլ ուժերի կողմից այն զավթելու ռիսկերը: Բնականաբար, իրավիճակի վրա զգալիորեն ազդել է ՌՀՓ-ը, որի տապալումից հետո ձերբակալվել էին Ինջիրլիքում ծառայող թուրք բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում նաև բազայի գլխավոր հրամանատար Բեքիր Էրքան Վանը: Փորձագետների խոսքերով՝ Թուրքիայում քաղաքական անկայունությունն ու անվտանգության ներկա մակարդակը բավարար հիմքեր են ամերիկյան ատոմային զենքն այնտեղից դուրս բերելու համար[36]: ՆԱՏՕ-ի ամենաարևելյան բազա Ինջիրլիքից ամերիկյան միջուկային զինանոցի դուրսբերումը բացասաբար կազդի Արևմուտքում Թուրքիայի պահանջարկի վրա։

2017թ. հունվարին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարեց, որ այն երկրները, որոնք Ինջիրլիքի ավիաբազան օգտագործում են ԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով, բայց փաստացիորեն անգործության են մատնված, անելիք չունեն Ինջիրլիքում. «Վերջին ժամանակներս միջազգային կոալիցիան չի աջակցում Թուրքիայի ջանքերին՝ ուղղված ահաբեկիչների դեմ պայքարին։  Եթե Թուրքիային աջակցություն չեն ցուցաբերում, ինչի՞ համար է օգագործվում Ինջիրլիք ավիաբազան»[37]։ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքն էլ ավելի հեռուն գնաց՝ հայտարարելով, որ Ինջիրլիքը ՆԱՏՕ-ի բազան չէ, և որ բոլորը պետք է իրենց համար հստակ գիտակցեն դա. «ՆԱՏՕ-ի երկրների զինծառայողներն Ինջիրլիքի ավիաբազայում գտնվում են Թուրքիայի թույլտվությամբ։ Վերջինս այդ հարցի շուրջ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի ու միջազգային դաշինքի մյուս երկրների հետ։ Եթե այդ երկխոսությունը սպառնա Թուրքիայի շահերին և բանակցություններն ավարտվեն անարդյունք, ապա Անկարան կդիտարկի հնարավոր բոլոր տարբերակները»[38]։ Այստեղ թուրքական կողմը «մոռանում» է, որ սիրիական հակամարտության ընթացքում երկար ժամանակ հենց ինքն է անգործության մատնված եղել ԻՊ-ի դեմ պայքարի հարցում, շարունակ ձգձգել է Ինջիրլիքի բազան ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքին՝ ահաբեկչական խմբավորմանը ավիահարվածներ հասցնելու համար տրամադրումը, դրա համար նախապայմաններ է ներկայացրել ԱՄՆ-ին (անվտանգության ու թռիչքազերծ գոտու ստեղծում, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերին նույնպես ավիահարվածների հասցնում)[39]։ 2016թ. հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Թուրքիան երկար ժամանակ ձգձգեց նաև Բունդեսթագի պատվիրակության այցն Ինջիրլիք, որի արդյունքներով գերմանական կողմը պետք է որոշում կայացներ ԻՊ-ի դեմ պայքարում Ինջիրլիքում իր ռազմական առաքելության երկարաձգման հարցի շուրջ։ Այսպիսով, թուրքական կողմը մի շարք խոչընդոտներ է հարուցել Ինջիրլիքի ավիաբազայի հարցում, որոնց վրա իրենց կնիքն է թողնում նաև ռուս-թուրքական ներկայիս մերձեցումը։

 ՉԻՆԱՍՏԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆ

 Արդեն նշվեց, որ 2010թ. սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 4-ին չինական օդուժի Su-27 տիպի 4 մարտական ինքնաթիռներ «Անատոլիական արծիվ» զորավարժության շրջանակներում թուրքական օդուժի հետ միասին պատմության մեջ առաջին անգամ անցկացրեցին համատեղ զորավարժություններ։ Դրանք անցկացվեցին ՆԱՏՕ-ի համար կարևոր Քոնիայի ավիաբազայում և արժանացան ԱՄՆ-ի քննադատությանը (Թուրքիան ռազմական գաղտնիքներ չհայտնելու տեսանկյունից ԱՄՆ-ի մտահոգությունը չհարուցելու համար որոշել էր F-16 կործանիչների փոխարեն զորավարժություններում ներգրավել հին տեխնոլոգիայով կառուցված F-4 ինքնաթիռներ): Ամեն դեպքում աննախադեպ էր, որ Չինաստանը համատեղ վարժանքներ անցկացնի ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ։ Ընդ որում, չինական ինքնաթիռները Թուրքիա հասնելու համար հաղթահարել են 3500 կմ տարածություն, ինչը հնարավոր դարձավ Պակիստանի ու Իրանի օդային տիրույթներով անցնելով։ Ուշագրավ է, որ Իրանը ոչ միայն թույլատրել է չինական մարտական ինքնաթիռների ելումուտն իր տարածք, այլև երկրի տարածքում երկու անգամ դրանց լիցքավորվելը[40]։

Դրանից քիչ անց՝ 2010թ. նոյեմբերի 8–14-ին, Թուրքիայի լեռնային տեղանքում անցկացվեցին թուրք-չինական ցամաքային ուժերի հատուկջոկատայինների համատեղ զորավարժություններ, որոնք ունեին հակաահաբեկչական գործողություններ մշակելու նպատակ: Չնայած վարժանքների մասշտաբն այնքան էլ մեծ չէր, ընդգծվեց, որ դրանք երկու բանակների միջև կրթական նպատակով առաջին համատեղ վարժանքներն էին[41]։

Բնականաբար, ՆԱՏՕ-ին չի կարող դուր գալ թուրք-չինական ռազմական համագործակցությունը։ Սակայն գործը չավարտվեց միայն այդքանով. 2013թ. սեպտեմբերին հայտնի դարձան ՀՀՊ հեռահար համակարգեր ձեռք բերելու՝ Թուրքիայի հայտարարած մրցույթի արդյունքները, որին մասնակցում էին ամերիկյան Raytheon/Lockheed Martin կոնսորցիումը (Patriot), ռուսական Рособоронэкспорт ընկերությունը (S-300), չինական China Precision Machinery Export-Import Corporation (CPMIEC) կոնցեռնը (HQ-9 (FD-2000)) և եվրոպական EuroSam կոնսորցիումը (Samp-T): Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչվեց CPMIEC-ը[42]: Թուրքական կողմը տարբեր մակարդակներով իր ընտրությունը պատճառաբանեց 3 հիմնական չափանիշով. չինական կողմը համաձայնել է այդ hամակարգերի համատեղ արտադրությանը, առաջարկել է ամենաէժան գինը (3.44 մլրդ դոլար, ինչը գրեթե 1 մլրդ դոլարով պակաս է մյուս տարբերակներից) և համակարգերը թուրքական կողմին հանձնելու ամենահարմար ժամկետը[43]:

Սակայն չինական ընկերությունն ընդգրկված էր ԱՄՆ «սև ցուցակում», և ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն սկսեցին ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա վերանայի մրցույթի արդյունքները: Մի շարք փորձագետներ նաև վստահ էին, որ ՆԱՏՕ ՀՀՊ համակարգում չինական սպառազինության ինտեգրումը ռիսկեր կառաջացնի` կապված կիբերանվտանգության հետ: Եվ Թուրքիան հայտարարեց, թե մրցույթի արդյունքները վերջնական չեն և սպասելու է նոր առաջարկների: Թուրքական մամուլն անգամ 2015թ. փետրվարին գրեց, որ Թուրքիան սպասելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի պահվածքին, ինչը հաշվի է առնվելու մրցույթի վերջնական արդյունքների ժամանակ[44]:

Բնականաբար, թուրքական կողմի համար կարևորը համատեղ արտադրության առաջարկ ստանալն է, ինչը կօգնի յուրացնել տվյալ համակարգերի արտադրման տեխնիկան և սկսել դրանց սեփական արտադրություն: Մյուս կողմից՝ կարելի է չկասկածել, որ Թուրքիայում տեղյակ էին, որ CPMIEC-ն ԱՄՆ «սև ցուցակում» է, և որ ԱՄՆ-ի կողմից լինելու է հակազդեցություն: Հետևաբար Թուրքիան միտումնավոր է գնացել այդ քայլին` նախապես իմանալով, որ դա կհարուցի ԱՄՆ-ի դժգոհությունը: Դա նշանակում է, որ Թուրքիան նախ ԱՄՆ-ին փորձել է ցույց տալ, որ ունի այլընտրանք, երբ ԱՄՆ-ը չի համաձայնվում թուրքական կողմի հետ Patriot-ների համատեղ արտադրությանը, ինչպես նաև ստեղծել այնպիսի տպավորություն, որ այդ պատճառով «հարկադրված» է ընտրել չինական տարբերակը: Թուրքիան, չինական տարբերակն ընտրելով, ցանկանում էր հասնել ԱՄՆ-ի կողմից ԶՀՀ-ների հարցում նոր զիջումներ ստանալուն: Կարելի է ենթադրել, որ չինական կողմը հետագայում Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունում հաշվի կառնի նրա այս պահվածքը, որ Թուրքիայի կողմից օգտագործվեց որպես միջոց` ԱՄՆ-ին այլընտրանքի հնարավորություն ցուցադրելու և շանտաժի ենթարկելու համար[45]:

Չստանալով նորանոր առաջարկներ՝ Թուրքիան 2015թ. նոյեմբերի 15-ին ընդհանրապես հրաժարվեց ԶՀՀ-ների շուրջ հայտարարած մրցույթից։ Ի դեպ, վերջին շրջանում Ռուսաստանն ու Թուրքիան վերսկսել են ռազմական համագործակցությունը և լայնորեն քննարկում են Թուրքիային ռուսական S-400 ԶՀՀ-ներ վաճառելու հարցը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ՄԱՀՀԻ-ում մեր նախորդ հետազոտություններում մանրամասն անդրադարձել ենք 2015թ. նոյեմբերի 24-ին Թուրքիայի օդուժի կողմից Ռուսաստանի SU-24M ռմբակոծիչը խոցելու մանրամասներին։ Ընդգծել ենք, որ Թուրքիան կանխամտածված է գնացել դրան՝ գիտակցելով, որ Ռուսաստանի պատասխան ռազմական հարվածից կխուսափի ՆԱՏՕ-ի անձրևանոցի հովանու ներքո թաքնվելով՝ կապված նրա Կանոնադրության 5-րդ հոդվածը խաղարկելու հետ։ ՆԱՏՕ-ի խորհուրդն աջակցեց SU-24M-ի խոցման հարցում իր անդամ Թուրքիայի դիրքորոշմանը, հաստատեց Թուրքիայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր պատրաստակամությունը, սակայն դրա հետ մեկտեղ Թուրքիային ու Ռուսաստանին կոչ արեց ապաէսկալացնել կոնֆլիկտը[46]։ Իրականում ՆԱՏՕ-ն Թուրքիային չի արտոնել կործանելու Ռուսաստանին պատկանող ռմբակոծիչը, և Թուրքիան իր նեղ շահերը հետապնդելիս ՆԱՏՕ-ին կանգնեցրել է փաստի առաջ՝ նրա 66-ամյա պատմության մեջ առաջին անգամ խոցելով Ռուսաստանին պատկանող ինքնաթիռ և հրապարակավ հայտարարելով այդ (սահմանախախտ ինքնաթիռ կործանելու) մասին[47]։

2016թ. հունիսի վերջին ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկից օրեր անց՝ հուլիսի 7-ին, Մևլյութ Չավուշօղլուն չբացառեց, որ Թուրքիան Ռուսաստանին կարող է թույլատրել ԻՊ-ի դեմ պայքարում օգտվել Ինջիրլիքից[48]։ Օգոստոսի 20-ին Ռուսաստանի կողմից Ինջիրլիքի օգտագործման հնարավորության մասին հայտարարեց նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը` ընդգծելով, որ Ռուսաստանը դեռ Թուրքիային չի դիմել այդ հարցով[49]։ Սակայն օգոստոսի 23-ին Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարեց, որ Ռուսաստանն իրավունք չունի օգտագործել Ինջիրլիքի ավիաբազան, քանի որ այդ օբյեկտը գտնվում է ՆԱՏՕ-ի տրամադրության տակ, մինչդեռ Ռուսաստանը Դաշինքի անդամ չէ[50]։ Քուրթուլմուշի խոսքերից ստացվում է, որ Մևլյութ Չավուշօղլուն և Բինալի Յըլդըրըմը «չեն իմացել», որ Ինջիրլիքը ՆԱՏՕ-ի ավիաբազա է, և որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Ի դեպ, Քուրթուլմուշի այս հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Տոները հայտարարեց, որ իրենք Թուրքիայի հետ դիվանագիտական փակ շփումների ժամանակ պարզաբանում են պահանջել ռուսական ավիացիայի կողմից Ինջիրլիքն օգտագործելու հնարավորության մասին թուրքական կողմի հայտարարություններից հետո[51]։ Փաստորեն թուրքական կողմը, Ռուսաստանի հանդեպ ժեստ անելով, փորձում էր ճշտել նաև ՆԱՏՕ-ի և հատկապես ԱՄՆ-ի արձագանքը դրան։

2016թ. դեկտեմբերի 10-ին բրիտանական մամուլը գրեց, որ Թուրքիան ՆԱՏՕ-ում նշանակում է ռազմական ներկայացուցիչների, որոնք Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի կողմնակիցներ են, որոնք փոխարինում են Արևմուտքի հետ փոխգործակցության տրամադրություն ունեցողներին: Դրա մասին են վկայել ծառայությունից հեռացված զինվորականների կողմից Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ զինուժի գերագույն գլխավոր հրամանատար Կյորտիս Սկապարոտտիին ուղղված էլեկտրոնային նամակները, որոնցում գեներալին հաղորդում էին Թուրքիայի բանակում ծայրահեղ ազգայնական և հակաարևմտամետ տրամադրությունների զգալի աճի մասին: Թուրք սպաներից մեկը, ով ՌՀՓ-ից առաջ աշխատել է ՆԱՏՕ-ի հրամանատարական կառույցում, հայտնել էր, որ «նրանցից ոմանք հարցականի տակ են դնում ՆԱՏՕ-ի արժեքները և նույնիսկ ատում են արևմտյան կազմակերպությունները՝ սատարելով Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին»[52]:

Էրդողանի այս քայլի պատճառները հասկանալի են՝ հաշվի առնելով ՌՀՓ-ի ժամանակ Արևմուտքից սպասված աջակցությունը չստանալու մասին նրա բազմակի դժգոհությունները, ՌՀՓ-ին հաջորդած դեպքերը, երբ ՌՀՓ-ից հետո Թուրքիա կանչվեցին ՆԱՏՕ-ի ռազմաբազաներում ծառայող բազմաթիվ թուրք սպաներ։ Սակայն նրանց մի մասը հետ չվերադարձավ՝ ապաստան խնդրելով Բելգիայում, Գերմանիայում և այլուր։ Էրդողանը նրանց մեղադրել է ՌՀՓ-ին մասնակցելու համար՝ անվանելով «ահաբեկիչ-զինվորներ», իսկ ՆԱՏՕ-ի երկրներին զգուշացրել է ապաստան չտալ նրանց[53]։ Թուրքական մամուլի պնդմամբ՝ պարզվել է, որ ՆԱՏՕ-ում ծառայող 462 թուրք սպաներից 237-ը գյուլենականներ են, և որ նրանցից առնվազն 200-ը (այդ թվում 3 գեներալ/ծովակալ) հետ է կանչվել Թուրքիա։ Դրա հետ կապված թուրքական «Այդընլըք» թերթը գրեց, որ ՆԱՏՕ-ն «վերածվել է  FETÖ-ի (Ֆեթհուլլահ Գյուլենի «ահաբեկչական» կազմակերպություն) բազայի», քանի որ ՆԱՏՕ-ում ծառայող թուրք յուրաքանչյուր երկու սպաներից մեկը գյուլենական է[54]։ Փաստորեն Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի հարաբերություններում այս հարցում ստեղծվել է որոշակի լարված իրավիճակ, որն աճելու միտում ունի՝ կապված Թուրքիայում (նաև արտերկրում) «գյուլենականների» որսի թափ հավաքելու հետ։ «Գյուլենական զինվորականների» հարցը քննարկել են նաև Էրդողանն ու Սթոլթենբերգը։  

  ԼԻԲԻԱ, ՍԻՐԻԱ, ԻՐԱՔ

 Թուրքիան ՆԱՏՕ-ի համար խնդիրներ է հարուցել 2011թ. Լիբիական գործողության ժամանակ՝ թեպետ որպես նրա անդամ՝ աջակցելով իր հետ լավ հարաբերություններ ունեցող Լիբիայի դեմ ռազմական գործողությանը, ինչի կապակցությամբ թուրքական մամուլը գրեց, որ թուրք զինվորը 99 տարի անց վերադարձավ Լիբիա (1911-1912թթ. Իտալիայի դեմ Տրիպոլիտանական պատերազմի հետևանքով Օսմանյան կայսրությունը կորցրեց Լիբիան)[55]։ Գործողության մեկնարկից մոտ 20 օր անց լիբիացի ապստամբները Թուրքիային մեղադրեցին նրանում, որ հենց նրա դիրքորոշման պատճառով թուլացել են Քադաֆիի զորքերին ՆԱՏՕ-ի ավիահարվածները։ Լիբիացի ապստամբների ներկայացուցիչ, գնդապետ Համիդ Բալհերը հայտարարեց. «Մենք ունենք ծանրակշիռ ապացույցներ, որ հենց Թուրքիայի պատճառով է ՆԱՏՕ-ն թուլացրել ռազմական գործողությունները քադաֆիականների հանդեպ»։ Պաշտոնական Անկարան սակայն հերքեց այդ մեղադրանքները։ Թուրքիան նաև ներկայացրել էր Լիբիական ճգնաժամի կարգավորման «ճանապարհային քարտեզ», սակայն լիբիական ընդդիմությունը մերժել էր այն, քանի որ դա նախատեսում էր պայմանավորվածության գալ քադաֆիականների հետ։ Իսկ այն բանից հետո, ինչ Էրդողանը դեմ արտահայտվեց լիբիական ընդդիմությանը սպառազինելուն, Բենղազիում գտնվող Թուրքիայի հյուպատոսությունը ենթարկվեց հարձակման[56]։ Թուրքիան Լիբիայի իսլամականներին շարունակեց իր ուշադրության կենտրոնում պահել նաև հետագայում։ 2016թ. գարնանը, երբ ակտիվացավ ՆԱՏՕ-ի կողմից Լիբիայի իսլամականներին ավիահարվածներ հասցնելու հարցը, Տրիպոլի գործուղվեց Թուրքիայի նախագահի ու կառավարության՝ Լիբիայի հարցերով հատուկ  ներկայացուցիչ, պատգամավոր Էմրուլլահ Իշլերը։ Նա բանակցեց Լիբիայի Ազգային համընդհանուր կոնգրեսի (ԱՀԿ) նախագահ Նուրի աբու Սահմեինի հետ և ԱՀԿ-ին կոչ արեց երկխոսել մրցակիցների հետ, քանի դեռ ՆԱՏՕ-ն որոշում չի ընդունել ռազմական միջամտության մասին։ Դրա հետ կապված ԶԼՄ-ները գրեցին, որ Թուրքիան լիբիացի իսլամականներին փրկում է ՆԱՏՕ-ի ռումբերից[57]։

 2011թ. մարտին Սիրիայում ժողովրդական հուզումների մեկնարկից ամիսներ անց Էրդողանը վճռեց հասնել Բաշար Ասադի վարչակարգի տապալմանը, ինչում իր հիմնական դերը խաղաց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այն հայտարարությունը, որ Ասադը պետք է հեռանա։ Իր դերն ունեցավ նաև Էրդողանի ու Ասադի հարաբերությունների վատթարացումը (Էրդողանի կողմից Ասադին շարունակ պահանջներ առաջ քաշելու և Ասադի կողմից դրանք չկատարելու պատճառով), որոնք մինչև սիրիական ճգնաժամի մեկնարկը գտնվում էին բավականին բարձր մակարդակի վրա։ Տեսնելով, որ սիրիական ընդդիմությանը չի հաջողվում հասնել Ասադի վարչակարգի տապալմանը՝ Թուրքիան որոշեց միջամտել իրավիճակին։ Հասկանալի է, որ Թուրքիան ռազմական պլանում ի զորու էր մուտք գործել քաղաքացիական պատերազմով բռնկված Սիրիա և հասնել Ասադի տապալմանը, սակայն դրա համար անհրաժեշտ էր խելամիտ հիմնավորում, և բացի այդ Թուրքիայում հասկանում էին, որ Ասադի աջակիցներ Ռուսաստանն ու Իրանը խստապես դեմ կլինեն թուրքական ռազմական միջամտությանը Սիրիայում։ Թուրքիայում հարցի ելքը գտան ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը խաղարկելով՝ գործընթացում ՆԱՏՕ-ին ներքաշելու և նրա օգնությամբ, միջոցով Ասադի տապալմանը հասնելու համար։ Թուրքիան, այդպիսով, անցում կատարեց սահմանային սադրանքների քաղաքականությանը։

2012թ. ապրիլի 9-ին թուրքական մամուլը գրեց, որ սիրիական բանակը գնդակոծել է սահմանը հատած և Թուրքիայի Քիլիս նահանգում գտնվող սիրիացի փախստականներին, ինչի հետևանքով զոհվել է 2 և վիրավորվել՝ 4 մարդ: Այդ միջադեպից հետո չինական այցի ժամանակ Էրդողանին ուղեկցող Դավութօղլուն ստիպված եղավ կիսատ թողնել այցն ու վերադառնալ Թուրքիա, իսկ Էրդողանը Պեկինում հայտարարեց, որ սիրիական բանակը «կոպտորեն խախտել» է Թուրքիայի սահմանը. «Եթե մեր սահմանին կրկնվեն սիրիական սադրանքները, ապա մենք մեզ իրավունք ենք վերապահում ձեռնարկել պատասխան միջոցներ` միջազգային իրավունքի սահմաններում: Ես Սիրիայի ղեկավարությանը զգուշացնում եմ, որ նմանատիպ ևս մեկ գործողությանը կտրվի շատ կոշտ պատասխան: Եթե Սիրիայի ղեկավարությունը ստուգում է մեր նյարդերը, ապա թող չանհանգստանա, դրանք բավական ամուր են: Թուրքիան այն երկիրը չէ, որի հետ կարելի է խաղալ նման խաղեր»: Չնայած Էրդողանի այս զգուշացմանը` սիրիական բանակի կողմից թուրքական տարածքի գնդակոծման մասին հաղորդվեց նաև ապրիլի 10-ին:

Ավելի ուշ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը հայտարարեց, որ Թուրքիայի սահմանի գնդակոծումն այդ երկրի կառավարության կազմակերպած սադրանքն է, և որ Թուրքիայի ղեկավարությունը, առաջացնելով փախստականների ճգնաժամ, ցանկանում է այժմեականացնել բուֆերային գոտու և հումանիտար միջանցքի ձևավորման հարցը: Չինաստանից վերադառնալուց հետո Էրդողանը չբացառեց, որ Անկարան կարող է դիմել ՆԱՏՕ-ի օգնությանը` նկատի ունենալով նրա Կանոնադրության 5-րդ հոդվածը: Դավութօղլուն իր հերթին հայտարարեց, որ սահմանի խախտման մասին իրենք իրազեկել են թե՛ ՄԱԿ-ին, թե՛ ՆԱՏՕ-ին: Սակայն Կանադայի արտգործնախարար Ջոն Բեյրդը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն Անկարային կգա օգնության միայն այն դեպքում, եթե սիրիացի զինվորները հատեն Թուրքիայի սահմանը: Պենտագոնի ղեկավար Լեոն Փանեթան իր հերթին ԱՄՆ Կոնգրեսում հայտարարեց, որ իր կարծիքով` տվյալ փուլում դժվար կլինի ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի իրագործումը, և որ դրա համար անհրաժեշտ է, որ Սիրիան ուղղակի սպառնալիք ներկայացնի Թուրքիային` ընդգծելով, որ 5-րդ հոդվածը ցայժմ օգտագործվել է միայն մեկ դեպքում, երբ ԱՄՆ-ը 2001թ. սեպտեմբերի 11-ին ենթարկվել էր հարձակման[58]:

Սահմանային երկրորդ սադրանքը գրանցվեց 2012թ. հունիսի 22-ին, երբ Սիրիայի տարածքային ջրերի օդային տիրույթում խոցվեց Թուրքիայի ՌՕՈՒ F-4 հետախուզական ինքնաթիռ։ Թուրքական կողմի պնդմամբ՝ F-4-ը եղել է անզեն, «խոցվել է միջազգային օդային տիրույթում և միայն ընկնելիս է հայտնվել» Սիրիայի տարածքային ջրերում։ Միջադեպից հետո Թուրքիան անմիջապես վկայակոչեց ՆԱՏՕ-ի կանոնադրության 4-րդ հոդվածը, որի համաձայն՝ ՆԱՏՕ-ի երկրները պետք է խորհրդակցեն բոլոր այն դեպքերում, երբ իրենց կարծիքով վտանգված է կողմերից որևէ մեկի տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը կամ անվտանգությունը: Եվ, թեև Թուրքիայի պահանջով ՆԱՏՕ-ի նիստը գումարվեց, սակայն Թուրքիան որևէ շոշափելի արդյունքի չհասավ. գործի չդրվեց ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը։ Նիդերլանդների արտգործնախարար Ուրի Ռոզենտալը հայտարարեց, որ ռազմական միջամտության մասին խոսք լինել չի կարող[59]։ Ընդգծենք, որ դա ՆԱՏՕ-ի պատմության մեջ երկրորդ դեպքն էր, որ գործի էր դրվում նրա կանոնադրության 4-րդ հոդվածը։ Այստեղ անկասկած կարելի է համարել, որ Թուրքիան սադրանքի է դիմել Սիրիայի հանդեպ, որպեսզի կարողանա հասնել ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի կիրառմանը՝ ՆԱՏՕ-ի միջոցով Ասադի տապալմանը։

2012թ. հոկտեմբերի սկզբին նոր խոշոր միջադեպ գրանցվեց թուրք-սիրիական սահմանին։ Սիրիայի տարածքից արձակված հրետանային արկերն ընկան Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Աքչաքալե շրջանում, որի հետևանքով զոհվեց 5 մարդ՝ 2 կին և 3 երեխա, վիրավորվեց 10 մարդ։ Ընդգծվեց, որ դրանից առաջ էլ էին Աքչաքալեի շրջանում արկեր ընկել, սակայն դրա հետևանքով զոհեր կամ վիրավորներ չէին գրանցվել։ Թուրքական կողմը պատասխանեց T-155 Fırtına ինքնագնաց հաուբիցի հարվածներով (զոհվեց 14 և վիրավորվեց 25 սիրիացի զինծառայող)։ Ինչպես և սպասվում էր, Թուրքիան, հենվելով ՆԱՏՕ-ի կանոնադրության 4-րդ հոդվածի վրա, գումարել տվեց ՆԱՏՕ-ի պատմության մեջ 3-րդ նմանատիպ նիստը, որի մասնակիցները բավարարվեցին միայն նրանով, որ Սիրիայից պահանջեցին վերջ դնել Թուրքիայի հանդեպ ագրեսիվ գործողություններին[60]։ Փաստորեն սահմանային սադրանքների գնալու ձեռագիրը չփոխած Թուրքիային վերստին հիասթափություն էր սպասվում, քանի որ Արևմուտքում էլ քաջ գիտակցում էին, թե ինչ «խաղ է խաղում» Թուրքիան։ Ավելին, Թուրքական Yurt թերթի գլխավոր խմբագիր Մերդան Յանարդաղն իր «Արյունալի սադրանք» հոդվածում գրեց, որ Աքչաքալեի շրջանի վրա Սիրիայի տարածքից ընկած արկն արձակվել է ՆԱՏՕ-ին պատկանող սարքից. «Հավաստի աղբյուրները հայտնել են, որ հենց Թուրքիան է այդ սարքն ու դրա արկերն ուղարկել Սիրիա, որով էլ սիրիական ազատ բանակը հրետակոծել է Թուրքիայի տարածքը: Դա նշանակում է, որ հենց Թուրքիան է կանգնած Սիրիայի տարածքից Աքչաքալեի շրջանի հրետակոծման հետևում»[61]։

Եվ, այնուամենայնիվ, Թուրքիային հաջողվեց հասնել նրան, որ 2013թ. իր տարածքում տեղակայվեցին ՆԱՏՕ-ի հատկացրած Patriot տիպի 6 ԶՀՀ-ները։ ԱՄՆ-ի տրամադրած 2 Patriot-ները տեղակայվեցին Թուրքիայի Գազիանթեփ, Գերմանիայի տրամադրած 2 Patriot-ները՝ Քահրամանմարաշ, իսկ Նիդերլանդների տրամադրած 2 Patriot-ները՝ Ադանա նահանգներում (հետագայում Նիդերլանդներին փոխարինեց Իսպանիան)։ Այդ ամենը տեղի ունեցավ 2012թ. դեկտեմբերին Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի սկսած «Ակտիվ ցանկապատում» գործողության (Operation Active Fence) շրջանակներում։ Չնայած Թուրքիայի տարածքում Patriot-ների տեղակայմանը՝ Սիրիայի (ԻՊ-ի վերահսկած) տարածքից Թուրքիայի հրետակոծություններն ու հրթիռակոծություններն այդպես էլ չդադարեցին։ Ձեռագիրը նույնն էր. ԻՊ-ը ժամանակ առ ժամանակ չգիտես ինչու հրետակոծում ու հրթիռակոծում էր Քիլիսի նահանգը, որը ոչինչ չէր տալիս նրան՝ բացառությամբ նրանից, որ Թուրքիային տալիս էր Սիրիայի հյուսիս ներխուժելու օրինական հիմք՝ ԻՊ-ի դեմ պայքարի ու Քիլիսի նահանգը պաշտպանելու համար, որը, ի դեպ, գտնվում էր ԻՊ-ի վերահսկած Ազեզ-Ջերաբլուս գոտու դիմաց, որն էլ իր հերթին սեպի դեր էր խաղում Սիրիայի քրդերի ինքնավար շրջանների միջև։ Դա ևս մեկ անգամ վկայում է, որ Patriot-ները Թուրքիայում տեղակայվել են առաջին հերթին ոչ Սիրիայից պաշտպանելու նպատակով. վերջերս թուրքական մամուլը գրեց, որ Թուրքիան Սիրիայից բխող սպառնալիքներից Քիլիսը պաշտպանելու համար փորձարկել է իսրայելական «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգի համարժեքը՝ Korkut համակարգը՝ Serhat ՌՏԿ-ով[62]։ Իսրայելի գործոնի մասին արդեն իսկ նշվել է, կան նաև կարծիքներ, որ Թուրքիայի հարավ-արևելքում Patriot-ների տեղակայումը կապված է եղել Իրանի գործոնի հետ՝ սեփական միջուկային ծրագրի հարցում նրան ավելի զիջող կեցվածք որդեգրել հարկադրելու համար։

Սակայն 2015թ. աշնանը ԱՄՆ-ը և Գերմանիան սկսեցին Թուրքիայից դուրս բերել իրեց Patriot ԶՀՀ-ները։ Դա պատճառաբանվեց նրանով, որ Սիրիայից այլևս վտանգ չի սպառնում Թուրքիային, և բացի այդ Patriot համալիրները կարիք ունեն արդիականացման։ Սակայն որոշակի կարծիքների համաձայն՝ դրա իրական պատճառը Թուրքիայի կողմից PKK-ի հետ զինադադարը խախտելն էր և նրանց նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելը, ինչպես նաև տևական ժամանակ Սիրիայի հետ սահմանին ԻՊ զինյալների տեղաշարժի հարցում կանխարգելիչ միջոցներ չձեռնարկելը[63]։

Նշենք, որ Թուրքիան ևս մեկ անգամ ՆԱՏՕ-ի նիստ հրավիրեց 2015թ. հուլիսի վերջին։ Թուրքիայի ԱԳՆ-ը հայտնեց, որ ՆԱՏՕ-ի նիստ հրավիրելու պատճառներն են՝ հուլիսի 20-ին Շանլըուրֆա նահանգի Սուրուչ շրջանում իրականացված ահաբեկչական պայթյունը, որի հետևանքով զոհվեց 34, վիրավորվեց ավելի քան 100 մարդ, դրանից հետո Դիարբեքիր, Շանլըուրֆա և Քիլիս նահանգներում Թուրքիայի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների վրա հարձակումները, ինչից հետո Թուրքիայի ուժային ծառայություններն իրականացրել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները (այդ թվում նաև Հյուսիսային Իրաքում հարվածել են PKK-ի դիրքերին), ինչպես նաև ԻՊ-ի կողմից Թուրքիայի սահմանի ուղղությամբ կրակելը (սպանվել է 1 և վիրավորվել է 2 թուրք զինծառայող)[64]։

Փաստորեն դա ՆԱՏՕ-ի պատմության մեջ 4-րդ հոդվածի հիման վրա գումարված 4-րդ նիստն էր, որոնցից վերջին 3-ը սիրիական հակամարտության ընթացքում նախաձեռնել է Թուրքիան։ Ի դեպ, առաջին նիստը (2003թ. փետրվարին) նույնպես գումարվել է Թուրքիայի նախաձեռնությամբ՝ քննարկելու համար իրաքյան պատերազմը։ Հիշատակման արժանի է այն, որ 2003թ. մարտի 1-ին Թուրքիայի խորհրդարանը մերժեց Իրաքի առաջիկա պատերազմի վերաբերյալ երկրի կառավարության ներկայացրած օրինագիծը, որը նախատեսում էր 6 ամսով Թուրքիայի տարածքում տեղակայել 62.000 օտարազգի զինծառայող, 255 ինքնաթիռ և 65 ուղղաթիռ։ Խորհրդարանում քվեարկությանը մասնակցեց 533 պատգամավոր, որոնցից կողմ քվեարկեց 264-ը, դեմ՝ 255-ը, ձեռնպահ՝ 19-ը (օրինագծի ընդունման համար անհրաժեշտ էր առնվազն 267 քվե)։ Չնայած դրան՝ մարտի 19-ին Թուրքիայի խորհրդարանն ԱՄՆ-ին թույլատրեց Թուրքիայի օդային տիրույթը օգտագործել ռազմական նպատակներով, ինչպես նաև ԹԶՈՒ-ին թույլատրեց անդրսահմանային գործողություններ իրականացնել Իրաքի տարածքում[65]։

2015թ. դեկտեմբերի սկզբին էլ Թուրքիան տանկային մեկ գումարտակ տեղակայեց Իրաքի հյուսիսում՝ Մոսուլի մոտ գտնվող Բաշիքայի ճամբարում։ Դա հարուցեց Իրաքի խորը զայրույթը, ով պահանջեց անմիջապես երկրից դուրս բերել թուրքական զորքը, սակայն Թուրքիան անտեսեց դա։ Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին հարցը քննարկեց Սթոլթենբերգի հետ հեռախոսազրույցում՝ խնդրելով, որ ՆԱՏՕ-ն միջամտի իրավիճակին, ներազդի Թուրքիայի վրա, որպեսզի նա երկրի հյուսիսից դուրս բերի իր զորքը։ Սակայն Թուրքիան անդրդվելի մնաց՝ չանսալով նաև ԱՄՆ համապատասխան կոչերին։

 ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ, ՍԵՎ ԾՈՎ

 Հայտնի է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրն է, ով սահմանակից է Հարավային Կովկասի (ճանաչված) պետություններին, և որ թուրքական կողմը շարունակ հրաժարվում է վերաբացել Հայաստան-Թուրքիա սահմանը, որը միաժամանակ Հայաստան-ՆԱՏՕ սահմանն է։ Նոյեմբերի 14-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց Թուրքիայի մասին զեկույց, որում նշեց, որ վերջինս անթաքույց աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության գոտում 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Բացի այդ ընդգծվեց, որ Թուրքիան այդպես էլ չի վավերացրել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել նախատեսող 2009թ. ցյուրիխյան արձանագրությունները։ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանը փակ պահելը որոշակիորեն խոչընդոտում է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ազդեցության ընդլայնումը։ Նշենք, որ Թուրքիան (հետևաբար նաև ՆԱՏՕ-ն) Հարավային Կովկասում ամենաերկար ցամաքային սահմանն ունի հենց Հայաստանի հետ՝ 328 կմ (Վրաստանի հետ Թուրքիայի սահմանի երկարությունը կազմում է 276 կմ, իսկ Ադրբեջանի (Նախիջևան) հետ՝ 18 կմ)։

2008թ. օգոստոսյան հնգօրյա պատերազմի ժամանակ Թուրքիան ձգձգեց ամերիկյան էսկադրայի մուտքը Սև ծով, մինչև պատերազմն ավարտվեց[66]։ Պատերազմի ավարտից մոտ մեկ շաբաթ անց Թուրքիան ԱՄՆ ՌԾՈՒ 3 նավերի թույլատրեց մուտք գործել Սև ծով[67]։ Ղրիմի հայտնի դեպքերի ժամանակ՝ 2014թ. մարտի սկզբին, Թուրքիան չթույլատրեց ամերիկյան USS George H.W. Bush ավիակրի անցումը Սևծովյան նեղուցներով, որին ուղեկցում էին 17 այլ նավեր և 3 սուզանավեր։ Դրանից հետո ավիակիրը խարիսխ գցեց Հունաստանի Պիրեյ նավահանգստում։ Ավիակրի վրա կային 90 ինքնաթիռներ և տարբեր տիպի ուղղաթիռներ, ինչպես նաև F-22 Raptors կործանիչներ, որոնք համարվում են աշխարհի ամենահեռանկարային մարտական ինքնաթիռներից։ George H.W. Bush-ից բացի ավիակրային խմբի մեջ մտել են USS Truxtun և USS Roosevelt էսկադրոնային ականակիրները և USS Philippine Sea ավիակիրը։ Բոլոր երեք նավերն էլ ունեին մոտ 300 հեռահար գործունեության թևավոր հրթիռներ[68]։ Թեև Թուրքիան այս հարցում վկայակոչեց 1936թ. Մոնտրեի կոնվենցիան, որն ըստ էության արգելում է ավիակիրների մուտքը Սև ծով: Մյուս կողմից էլ ժամանակին այն չի խանգարել, որպեսզի ԽՍՀՄ-ը Սևծովյան նեղուցներով անցկացներ իր ավիակրային հածանավերը։

Հատկանշական էր, որ 2014թ. մարտի 17–ին՝ Դար­դանելի (Չանաքքալեի) գործողության մեկնարկի (18.03.1915) 99–ամյակի նախօրեին, մեկնարկեց Թուրքիայի ՌԾՈՒ–ի «Բարբարոս» նավախմբի 102-օրյա աֆրիկյան արշավը, որի շրջանակներում նա անցավ Ջիբրալթարի նեղու­ցով, ապա Արևմտյան, Հարավային ու Արևելյան Աֆրիկայի ափերով և Կարմիր ծովով, Սուեզի ջրանցքով վերադարձավ Թուրքիա: Արշավի ընթացքում թուրքական նավա­խումբը մայիսի 6–ին անցավ Բարեհուսո հրվանդանի (ՀԱՀ) մոտով, ինչը թուրքական կողմի համար աննախադեպ իրադարձություն էր վերջին 148 տարվա կտրվածքով, քանի որ վերջին անգամ թուրքական (օս­մանյան) նավատորմն այդ հրվանդանի մոտով անցել էր 1866թ.։ Սակայն թուրք պաշտոնաթող ծովակալ Նուսրեթ Գյուները քննադատեց Թուրքիայի ՌԾՈՒ-ի ուժերի աֆրիկյան արշավը, որը տեղի ունեցավ Ղրիմի շուրջ ծավալված իրադարձությունների խորապատկերին. «Սև ծովի ջրերը եռում են Ուկրաինայում ու Ղրիմում կատար­վող իրադարձություններից, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը շախմատ են խաղում այստեղ` մեկը մյուսի հետևից քայլեր կատարելով, և բախման սպառնալիքի պայմաններում անթույլատրելի է, որ Թուրքիայի ՌԾՈՒ-ն զբաղված լինի աֆրիկյան կամպանիայով և թուլացնի իրենց ներկայությունը տարածաշրջանում» [69]:

2014թ. ապրիլին Ղրիմի թաթարների առաջնորդ Մուսթաֆա Ջեմիլևը հայտարարեց, որ Ռուսաստանին Ղրիմի անցնելուց հետո Թուրքիային կոչ է արել ռուսական ռազմանավերի համար փակել Բոսֆորի նեղուցն ու ռազմածովային նավատորմ ուղարկել Ղրիմ, սակայն թուրքական կողմը առաջին պահանջի մասով հայտարարել է, որ դա հակասում է նավարկության միջազգային համաձայնագրերին (Մոնտրեի կոնվենցիայի համաձայն՝ եթե Թուրքիան գտնում է, որ իրեն անմիջականորեն սպառնում է պատերազմ, նրան իրավունք է տրվում թույլատրել կամ արգելել ամեն տիպի ռազմանավերի անցումը Սևծովյան նեղուցներով), իսկ երկրորդի համար պահանջվում է ՆԱՏՕ-ի որոշումը։ Ջեմիլիևը կարծիք էր հայտնել, որ Ռուսաստանից Թուրքիայի ունեցած էներգետիկ մեծ կախվածությունը նրան հնարավորություն չի տվել ակտիվորեն ընդդիմանալ Ղրիմում Ռուսաստանի գործողություններին[70]։

2016թ. մայիսին Էրդողանը հայտարարեց, որ Սև ծովը վերածվում է Ռուսաստանի ներքին լճի և ՆԱՏՕ-ին կոչ արեց ուժեղացնել Սևծովյան տարածաշրջանում համագործակցությունը. «Անհրաժեշտ է Սև ծովը դարձնել կայունության ծով: Ես խոսել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, ասել եմ, որ դուք ներկայացված չեք Սև ծովում, ինչի համար էլ այն գրեթե վերածվել է ռուսական լճի: Մենք պետք է կատարենք մեր պարտքը՝ որպես Սև ծովում ափ ունեցող երկիր: Եթե մենք միջոցներ չձեռնարկենք, ապա պատմությունը չի ների մեզ»։ Նշենք, որ 2008թ.՝ Աբխազիայի, 2014թ.՝ Ղրիմի հայտնի դեպքերից հետո զգալիորեն ընդլայնվել են Սև ծովում Ռուսաստանի  հնարավորությունները, Սև ծովն էլ ավելի է կարևորվել Ռուսաստանի համար, ինչի մասին վկայում է նաև Սևծովյան նավատորմի արդիականացման ուղղությամբ խոշոր քայլեր ձեռնարկելը (օրինակ, Ղրիմում տեղակայվել են «Բաստիոն» առափնյա պաշտպանության համալիրներ, որի հրթիռները, ռուսական մամուլի պնդմամբ, ունակ են Սև ծովով հասնել Ստամբուլին): Դա չի կարող չհարուցել Սև ծովում ամենաերկար (1695 կմ) ափագիծն ունեցող Թուրքիայի մտահոգությունը, ինչի պատճառներից մեկն էլ այն է, որ Ռուսաստանը 2013թ. գարնանից մշտական հենքով Միջերկրական ծովում պահում է նավատորմ, ինչպես նաև այն, որ սիրիական ռազմական կամպանիայի ժամանակ ռուսական նավերը Սև ծովից Միջերկրական ծով ու հակառակ ուղղությամբ մեկնում էին միջազգային ջրուղու կարգավիճակ ունեցող Սևծովյան նեղուցներով: Այդպիսով, 3 կողմից ծովերով շրջապատված Թուրքիան հայտնվել է Ռուսաստանի Սևծովյան ու Միջերկրածովյան ուժեղացող նավատորմերի արանքում (Թուրքիայի ցամաքային սահմանների երկարությունը կազմում է 2949 կմ, մինչդեռ ծովային սահմանների երկարու­թյունը՝ 8333 կմ՝ մոտ 2.5 անգամ ավելի):

Անդրադառնալով Էրդողանի բուն կոչին՝ նշենք, որ Թուրքիայում քաջ գիտակցում են, որ Ռուսաստանը չի համաձայնվի ի վնաս իրեն Մոնտրեի կոնվենցիայի դրույթների փոփոխմանը, որոնք հստակեցնում են խաղաղ և պատերազմական ժամանակներում Սևծովյան նեղուցներով առևտրանավերի ու ռազմանավերի անցումը։ Կոնվենցիան Սև ծովում ափ չունեցող երկրների ռազմանավերի մնալը Սև ծովում սահմանափակում է 21 օրով: Բացի այդ այն սահմանափակում է Սև ծովում ոչ սևծովյան երկրների ռազմանավերի ընդհանուր ջրատարողությունը։ Թուրքիայում քաջ գիտակցում են նաև, որ ՆԱՏՕ-ի շարքերում սևծովյան երկրների՝ Ուկրաինայի ու Վրաստանի ընդգրկումն այսրոպեական հարց չէ, որ դա կպահանջի տևական ժամանակ և ելնելով այս ամենից՝ հարց է ծագում, թե ինչպես կարող է ՆԱՏՕ-ն մեծացնել իր ռազմական ներկայությունը Սև ծովում։ Ստացվում է, որ ՆԱՏՕ-ն դա պետք է անի իր սևծովյան անդամներ Թուրքիայի, Ռումինիայի ու Բուլղարիայի ռազմածովային հնարավորությունները մեծացնելու միջոցով (դա կարող է լինել տվյալ երկրներին ԱՄՆ-ի կողմից ռազմանավեր ու ծովային ավիացիայի ինքնաթիռներ վաճառելու (տրամադրելու) կամ այդ երկրներում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության մեծացման տեսքով)։ Փաստորեն Թուրքիայի իշխանությունները, ՆԱՏՕ-ից պահանջելով մեծացնել սեփական ռազմական ներկայությունը Սև ծովում, ձգտում են այդ կերպ առաջին հերթին հասնել Սև ծովում հենց իրենց ռազմական ներկայության մեծացմանը։ Մյուս կողմից էլ Էրդողանի այդ հայտարարությունը հնչել է Ռուսաստանի հետ վատթար հարաբերությունների պայմաններում, որով նա Ռուսաստանին ի ցույց էր դնում հերթական ոլորտը, ուր Թուրքիան կարող է վնասել նրան, եթե Ռուսաստանը շուտափույթ չկարգավորի Թուրքիայի հետ հարաբերությունները։

ԱՄՓՈՓՈՒՄ

Այսպիսով, մենք տեսանք, որ Թուրքիան տարբեր հարցերի շուրջ բազում խնդիրներ է հարուցել ՆԱՏՕ-ի համար և վերածվել է ՆԱՏՕ-ի՝ թերևս ամենախնդրահարույց անդամի։ Թուրքիայի իշխանությունները 2016թ. ամռանը հայտարարեցին, որ ՌՀՓ-ը հանդիսացավ լուրջ ջրբաժան, որ դրա միջոցով իրենք կարողացան պարզել իրենց իրական բարեկամներին։ Խոսքը նրանց մասին է, ովքեր Թուրքիային աջակցել են ՌՀՓ-ի ժամանակ և ոչ թե դրանից հետո, այսինքն, երբ հայտնի դարձավ, որ ՌՀՓ-ը տապալվել է։ Այդ առումով Թուրքիայի իշխանությունների մոտ կա բավականին խորը հիասթափություն Արևմուտքից (Թուրքիայի իշխանությունները նաև շարունակ դժգոհություն են հայտնում, որ PKK-ի ձեռքում կան արևմտյան զենքեր), և ՌՀՓ-ի տապալումը Թուրքիային մղում է դեպի Արևելք, առավել ևս, որ Ռուսաստանն ու Իրանը Թուրքիայի իշխանություններին աջակցություն են հայտնել հենց ՌՀՓ-ի ժամանակ։ ՌՀՓ-ից հետո Թուրքիայում մեկնարկել են ռազմական մասշտաբային բարեփոխումներ, որոնք թուրքական իշխանությունների պնդմամբ՝ համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին, սակայն իրականում միտված են զինվորականների հանդեպ քաղաքացիական իշխանությունների վերահսկողությունն ուժեղացնելուն, ռազմական ողջ ուժը մեկ կենտրոնում չկենտրոնացնելուն, ՌՀՓ-երը բացառելուն[71]։

Ներկայումս Թուրքիան սկսել է ժողովրդավարական պլանում չհամապատասխանել ՆԱՏՕ-ի չափորոշիչներին (Վրաստանն այդ առումով ավելի է համապատասխանում ՆԱՏՕ-ի չափորոշիչներին), քանի որ Թուրքիայի պատմության մեջ ամենաարյունալի ՌՀՓ-ից հետո այդ երկրում սկսվել են դրակոնյան բռնաճնշումներ, որոնք իրենց մասշտաբով համեմատելի են 1980թ. սեպտեմբերի 12-ին Թուրքիայում իրականացված ամենաարյունալի ռազմական հեղաշրջմանը հաջորդած բռնաճնշումների հետ։ Ի դեպ, Թուրքիայում մի քանի անգամ իրականացվել են ռազմական հեղաշրջումներ, ինչը նշանակում է, որ զինվորականները, ընդհանուր առմամբ, տարիներով իշխել են Թուրքիայում, սակայն դա չի հանգեցրել նրան, որ ԱՄՆ-ը (ՆԱՏՕ) Թուրքիայից դուրս բերի միջուկային ռումբերը։ Այն, որ ԱՄՆ-ն այդ քայլին գնում է ՌՀՓ-ից հետո, ի թիվս վերոնշյալ պատճառների, իր դերն ուներ նաև այն, որ ԱՄՆ-ը սկսել է զգալիորեն հիասթափվել Թուրքիայից, որ այլևս նրան չի դիտարկում որպես իսլամական աշխարհի համար մոդել երկիր (իսլամի ու ժողովրդավարության հաջող խառնուրդ)։

Դրա համար էլ զարմանալի չէր, որ 2016թ. հուլիսին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ սպառնաց, որ Թուրքիան կարող է վտարվել ՆԱՏՕ-ի շարքերից. «Թուրքիայի գործողությունները, որոնք խախտում են ժողովրդավարական սկզբունքները, կարող են հանգեցնել նրան, որ երկիրը կորցնի ՆԱՏՕ-ի անդամակցությունը: ԱՄՆ-ը կանգնած է Թուրքիայի ընտրված ղեկավարության կողքին, սակայն, միաժամանակ Թուրքիայի կառավարությանը կոչ է անում աջակցել երկրի ժողովրդավարական ինստիտուտների ամենաբարձր չափանիշներին և նպաստել օրենքի գերակայությանը: Մենք, անկասկած, աջակցում ենք հեղաշրջմանն առնչություն ունեցողներին պատասխանատվության ենթարկելուն, սակայն նաև նախազգուշացնում ենք չդիմել այնպիսի քայլերի, որոնք դուրս են գալիս այդ շրջանակից։ Դաշինքը հետևելու է ՌՀՓ ձերբակալված մասնակիցների հանդեպ Թուրքիայի իշխանությունների գործողություններին»[72]։

Քերիի այս հայտարարությունն ամբողջովին ընդգծում է Թուրքիայի իշխանությունների գործողություններից ԱՄՆ-ի (Արևմուտք) ներկայիս լուրջ դժգոհությունը։ Ներկայումս Ռուսաստանը փորձում է Թուրքիային կտրել Արևմուտքից, օգտվել ստեղծված իրավիճակից և սեպ խրել նրանց միջև, սակայն հազիվ կարելի է սպասել մոտ ապագայում ՆԱՏՕ-ի կազմից սեփական ցանկությամբ Թուրքիայի դուրս գալուն։ Թուրքիայի իշխանությունները հասկանում են, որ, եթե դուրս գան ՆԱՏՕ-ից և շարժվեն դեպի Ռուսաստան, ապա արդյունքում զրկվելու են ՆԱՏՕ-ի հովանու ներքո պատսպարվելու հնարավորությունից և հայտնվելու են Ռուսաստանի գերիշխանության ներքո։ Այդ պատճառով էլ նրանք կպահպանեն արտաքին քաղաքական մանևրային լայն դաշտը՝ ՆԱՏՕ-ի անդամ հանդիսանալու հետ մեկտեղ շարունակելով Ռուսաստանի (նաև Չինաստանի) հետ մերձեցումը։ Կարելի է կարծել, որ Թուրքիան ներկայումս պարզապես օգտագործում է Ռուսաստանին, նրա հետ ջերմացող հարաբերությունները՝ Արևմուտքի հետ իր դիմակայությունում, որպեսզի վերջինիս ցույց տա «այլընտրանք ունենալը» և զիջումներ պոկի նրանից (սրանից առաջ էլ Թուրքիան Ռուսաստանի հետ դիմակայությունում օգտագործել է Ուկրաինային ու Վրաստանին)։ 2017թ. հունվարին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքն Անկարայում դեսպանների 9-րդ կոնֆերանսի ժամանակ հայտարարեց, որ Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունների ամրապնդումը չի նշանակում Անկարայի ու ՆԱՏՕ-ի կապերի վատթարացում, և որ Թուրքիան նախկինի նման հավատարիմ է ՆԱՏՕ-ի շրջանակներում բոլոր պարտավորություններին[73]։

Չնայած ՆԱՏՕ-ի անդամ հանդիսանալը որոշակիորեն սահմանափակում է տարբեր հարցերի շուրջ Թուրքիայի կողմից ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելը, սակայն մյուս կողմից էլ, ինչպես երևաց վերոնշյալից, ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար սպառնալիքների դեպքում հանդիսանում է «հովանոց», որի տակ նա թաքնվում է՝ շահարկելով կազմակերպության կանոնադրության 5-րդ հոդվածը։ Չպետք է բացառել, որ Թուրքիայի պահվածքը կարող է հետագայում հանգեցնել այդ հոդվածում որոշ ուղղումներ անելուն, քանի որ վերջին շրջանում Էրդողանի գործողությունների պատճառով Արևմուտքում արդիականացել է այն հարցը, թե ինչու ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է ներքաշվեն Էրդողանի տարածաշրջանային արկածախնդրություններում։

Եվ, վերջապես, պետք է ուշադրություն հատկացնել Թուրքիայի՝ այսպես կոչված «ռազմակայանային» քաղաքականությանը, որը նրա նեոօսմանյան քաղաքականության բաղկացուցիչն է և չի տեղավորվում ՆԱՏՕ-ի անդամության շրջանակներում։ Արդեն նշվեց, որ Թուրքիան վերջին ամիսներին ռազմական ներկայություն է հաստատել Սիրիայի ու Իրաքի հյուսիսում՝  օգտվելով նրանից, որ Սիրիայի իշխանությունները միայն աննշան են վերահսկում, իսկ Իրաքի իշխանություններն ընդհանրապես չեն վերահսկում Թուրքիայի հետ սահմանը։

2016թ. սեպտեմբերի 30-ին Թուրքիան իր առաջին ռազմակայանը բացեց Աֆրիկայում (Սոմալիում)՝ հաշվի առնելով, որ այնտեղով է անցնում աշխարհի ամենակարևոր ջրուղիներից Բաբ էլ Մանդեբի նեղուցը, որով օրական անցնում է 3.5-4 մլն բարել նավթ՝ մերձավորարևելյան նավթի 30%-ը, և որ նա այդպիսով նաև հնարավորություն կստանա վերահսկել աֆրիկյան կարևոր երկրներ Եթովպիա և Քենիա տանող հաղորդակցության ուղիները։ Ուշագրավ էր, որ Սոմալիում թուրքական ռազմաբազայի բացման ժամկետը համընկավ օսմանյան 10-րդ սուլթան Սուլեյման 1-ին Փառահեղի (Օրենսդիր) գահակալման մեկնարկին (30.09.1520), ով ամենաշատ իշխած (մոտ 46 տարի) և ամենաշատ արշավանքներ իրականացրած (13) օսմանյան սուլթանն է, ում իշխանության տարիներին Սոմալիի հյուսիսն ընդգրկվել է Օսմանյան կայսրության կազմում (Սուլեյման 1-ի կառավարման տարիներին Օսմանյան կայսրության տարածքը 6.557.000 կմ2-ուց հասցվել է 14.893.000 կմ2-ու, որից 1.998.000  կմ2-ն գտնվել է Եվրոպայում (նրանից առաջ այդ ցուցանիշը կազմել է 1.702.000 կմ2), 4.169.000 կմ2-ը՝ Ասիայում (1.905.000 կմ2), 8.726.000 կմ2-ը՝ Աֆրիկայում (2.955.000 կմ2))։ Ստացվում է, որ թուրքական կողմը Սոմալիում ռազմակայան բացելու ժամկետը միտումնավոր է հարմարացրել այդ ժամկետին՝ այդպիսով հիշեցնելով Սոմալիի օսմանյան անցյալի և Սոմալիի հանդեպ թուրքական հավակնությունների «ճշմարտացիության» մասին։

Թուրքիան շուտով ավելի խոշոր ռազմակայան կբացի Կատարում, որի մասին համաձայնագիրը ստորագրվեց 2016թ. ապրիլի 28-ին, ինչը գրեթե լիովին համընկավ Կուտ էլ Ամարայի ճակատամարտում բրիտանացիների դեմ օսմանյան զորքերի հաղթանակի 100-ամյակին (29.04.1916)։ Բացի այդ 2015թ. անցկացվեցին համատեղ վարժանքներ, որով թուրք զինվորն ուղիղ 100 տարի անց վերադարձավ Կատար (օսմանյան բանակը Կատարից հեռացել է 1915թ.)։ Կատարը Թուրքիայի համար կարևորություն ունի նաև Իրանի տարածաշրջանային նկրտումները զսպելու հարցում։ Կատարի ռազմակայանը կդառնա Թուրքիայի համար առաջինը Մերձավոր Արևելքում։ Թուրքիան, այսպիսով, կվերածվի Պարսից Ծոցի տարածաշրջանի անվտանգության համակարգի մեխանիզմներն անմիջականորեն կարգավորող երկրներից մեկի,  ընդ որում՝ Թուրքիան այդ առաքելությունը կիրականացնի ՆԱՏՕ շրջանակներից դուրս[74]։

 

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում»  ծրագիր   (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

[1] Հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման խնդիրը Թուրքիայում, «Նորավանք» ԳԿՀ, 02.02.2011, https://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=5342&sphrase_id=57549  

[2] Turks torpedo Israel Navy participation in NATO op,  The Jerusalem Post, 10.02.2012, https://www.jpost.com/Diplomacy-and-Politics/Turks-torpedo-Israel-Navy-participation-in-NATO-op

[3] “Türkiye tatbikat için İsrail yerine Çin’i aldı”, USAsabah, 07.10.2010, https://www.usasabah.com/Guncel/2010/10/07/turkiye_tatbikat_icin_israil_yerine_cini_aldi

[4] ‘One Minute’un ardından ‘Anadolu Kartalı’ gerilimi, Radikal, 12.10.2009, https://www.radikal.com.tr/dunya/one-minuteun-ardindan-anadolu-kartali-gerilimi-958829/

[5] Թուրքիա-ԱՄՆ ռազմական համագործակցության վերաբերյալ, Հայկ Գաբրիելյան, «Նորավանք» ԳԿՀ, 02.12.2011, https://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6142&sphrase_id=57550

[6] ABD’den kalkan itirafı, Hürriyet, 17.09.2011, https://www.hurriyet.com.tr/abd-den-kalkan-itirafi-18753545

[7] Турция отказала Израилю в праве пользоваться радаром НАТО, Lenta.ru, 18.02.2012, https://lenta.ru/news/2012/02/17/noway/

[8]  NATO: Türkiye füze kalkanında ‘İsrail kaygısı’nı aştı, Radikal, 15.01.2014, https://www.radikal.com.tr/dunya/nato-turkiye-fuze-kalkaninda-israil-kaygisini-asti-1170979/

[9] Erdoğan, İsrail’i bu kez ‘atom bomba’sıyla vurdu!, Radikal, 05.10.2011, https://www.radikal.com.tr/dunya/erdogan-israili-bu-kez-atom-bombasiyla-vurdu-1065396/

[10] Саммит НАТО в Чикаго пройдет без Израиля, 7kanal.co.il, 13.05.2012, https://www.7kanal.co.il/News/News.aspx/151801

[11] Турция сняла вето на невоенное сотрудничество Израиля и НАТО, Blackseanews, 24.12.2012, https://www.blackseanews.net/read/52451

[12] Турция сняла вето на усиление связей НАТО и Израиля, MIGnews, 04.05.2016, https://mignews.com/news/politic/040516_140953_82641.html

[13] При НАТО заработало представительство Израиля, 9tv.co.il, 27.09.2016, https://9tv.co.il/news/2016/09/27/232142.html

[14] Թուրքիա-Իսրայել. նոր ժամանակաշրջան, Հայկ Գաբրիելյան, «Նորավանք» ԳԿՀ, 30.08.2016, https://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=14937&sphrase_id=57753

[15] Иран может нести угрозу странам НАТО – Расмуссен, Iran.ru, 04.03.2010, https://www.iran.ru/news/politics/62560/Iran_mozhet_nesti_ugrozu_stranam_NATO_Rasmussen

[16] Иран, Бразилия и Турция подписали соглашение по обмену иранского урана, РИА Новости, 17.05.2010, https://ria.ru/world/20100517/235230814.html

[17] Иран будет обогащать уран, несмотря на соглашения с Турцией и Бразилией, РБК, 17.05.2010,
https://www.rbc.ru/politics/17/05/2010/5703da3b9a79470ab5020b6f

[18] США разочарованы голосованием Турции на СБ ООН, РИА Новости, 11.06.2010, https://ria.ru/world/20100611/245156631.html

[19] NATO chief slams EU over ‘unfair’ Turkish treatment, Hürriyet Daily News, 07.07.2010, https://www.hurriyetdailynews.com/default.aspx?pageid=438&n=nato-chief-slams-eu-over-unfair-turkish-treatment-2010-07-07

[20] Габриелян Айк , Турция уже не стремится в Евросоюз?, Институт Ближнего Востока, 27.10.2016, https://www.iimes.ru/?p=30497

[21] Թուրքիան և Իրանի միջուկային ծրագիրը, Հայկ Գաբրիելյան, «Նորավանք» ԳԿՀ, 14.05.2010, https://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=4777

[22] ABD’nin dediği oldu, Tüpraş İran petrolünü %20 azaltacak, Akşam, 30.03.2012, https://www.aksam.com.tr/ekonomi/abdnin-dedigi-oldu,-tupras-iran-petrolunu-20-azaltacak–107822h/haber-107822

[23] Rasmussen Türkiye’yi ikna edemedi, Yeni Şafak, 08.10.2010, https://www.yenisafak.com/politika/rasmussen-turkiyeyi-ikna-edemedi-282136

[24] Թուրքիա ԵՄ հարաբերություններն ու Կիպրոսի խնդիրը, Հայկ Գաբրիելյան,  «Նորավանք» ԳԿՀ, 06.04.2012, https://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6403

[25] Сиригос: Греция и Турция потеряли в конфликтах по четыре самолета, РИА Новости, 20.01.2016, https://ria.ru/world/20160120/1362260005.html

[26] Էգեյան հակամարտությունը թուրք-հունական հարաբերություններում, Հայկ Գաբրիելյան, «Նորավանք» ԳԿՀ, 16.12.2010, https://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=5251&sphrase_id=57564

[27] Bozkır: 60 bin kişilik orduyu Türkiye sağlardı, Yeni Şafak, 10.03.2015, https://www.yenisafak.com/gundem/bozkir-60-bin-kisilik-orduyu-turkiye-saglardi-2093696

[28] Турция и Греция просят НАТО патрулировать Эгейское море, Корреспондент, 11.02.2016, https://korrespondent.net/world/3627701-turtsyia-y-hretsyia-prosiat-nato-patrulyrovat-eheiskoe-more

[29] Три корабля НАТО начали операцию в Эгейском море,МК-Турция, https://mk-turkey.ru/life/2016/02/12/tri-korablya-nato-nachali-operaciyu-v-egejskom-more.html

[30] Турция не пустила корабли НАТО в свои территориальные воды,  Regnum, 02.03.2016, https://regnum.ru/news/2090284.html

[31] Ципрас: позиция Турции мешает реализации миссии НАТО в Эгейском море, РИА Новости, 22.04.2016, https://ria.ru/world/20160422/1417044728.html

[32] Турция предложила НАТО завершить миссию в Эгейском море, Интерфакс, 27.10.2016, https://www.interfax.ru/world/534458

[33] Rasmussen NATO’nun yeni Genel Sekreteri, NTV, 04.04.2009, https://www.ntv.com.tr/dunya/rasmussen-natonun-yeni-genel-sekreteri,yZWUmDuirUCK-gWw3s4uJg?_ref=infinite

[34] 2023թ. միջուկային երկրի կարգավիճակով դիմավորելու Թուրքիայի հավակնության շուրջ, Հայկ Գաբրիելյան, «Նորավանք» ԳԿՀ, 10.11.2014, https://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=13001&sphrase_id=57564

[35] 2050թ. տարածաշրջանի ուժեղագույն ռազմաօդային ուժերն ունենալու Թուրքիայի հնարավորության շուրջ, Հայկ Գաբրիելյան, «Նորավանք» ԳԿՀ, 2013թ. սեպտեմբեր, https://www.noravank.am/upload/pdf/8.Hayk_Gabrielyan_01_2014.pdf

[36] US moves nuclear weapons from Turkey to Romania, EurActiv.com, 18.08.2016, https://www.euractiv.com/section/global-europe/news/us-moves-nuclear-weapons-from-turkey-to-romania/

[37] Turkey ‘questions’ US use of İncirlik air base, Hürriyet Daily News, 04.01.2017, https://www.hurriyetdailynews.com/incirlik-base-questionable-in-lack-of-us-support-in-turkeys-syria-op-minister.aspx?pageID=238&nid=108122

[38] Bakan Işık: İncirlik NATO üssü değil, Hürriyet, 06.01.2017, https://www.hurriyet.com.tr/bakan-isik-incirlik-nato-ussu-degil-40328270  

[39] ԻՊ-ին Թուրքիայի չքողարկված աջակցության շուրջ, Հայկ Գաբրիելյան, «Նորավանք» ԳԿՀ, 04.04.2016, https://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=14552&sphrase_id=57828

[40] Türkiye-Çin tatbikatını İran destekledi, NTV, 11.10.2010, https://www.ntv.com.tr/dunya/turkiye-cin-tatbikatini-iran-destekledi,5fwNAdsyzEiAYBcsSBjXMA

[41] Türkiye-Çin ortak tatbikatı, T24, 09.11.2010, https://t24.com.tr/haber/turkiye-cin-ortak-tatbikati,110237

[42] Uzun menzilli füze ihalesini Çin kazandı, Sabah, 27.09.2013, https://www.sabah.com.tr/gundem/2013/09/27/uzun-menzilli-fuze-ihalesini-cin-kazandi

[43] Çin füzeleri alınacak mı?, Sabah, 02.02.2014, https://www.sabah.com.tr/gundem/2014/02/02/cin-fuzeleri-alinacak-mi

[44] Turkey won’t decide on air defense deal before, Burak Bekdil,  Apr. 24, Hürriyet Daily News, 17.02.2015, https://www.hurriyetdailynews.com/turkey-wont-decide-on-air-defense-deal-before-apr-24.aspx?pageID=238&nID=78419&NewsCatID=483

[45] Թուրք-չինական տարաձայնությունների շուրջ, Հայկ Գաբրիելյան,  28.07.2015, https://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=13740&sphrase_id=57585

[46] Совет НАТО поддержал позицию Турции по сбитому Су-24, РБК, 24.11.2015,
https://www.rbc.ru/politics/24/11/2015/5654aa509a794759e338dd29

[47] Ռուս-թուրքական հարաբերություններ. վատթարացումից մինչև հաշտեցում և կարգավորում, Հայկ Գաբրիելյան,  ՄԱՀՀԻ, 07.12.2016, https://aiisa.am/ourexperts/publication/201

[48] Çavuşoğlu: İncirlik Üssü’nü Rusya’ya açabiliriz, Ahaber, 04.07.2016, https://www.ahaber.com.tr/gundem/2016/07/04/cavusoglu-incirlik-ussunu-rusyaya-acabiliriz

[49] Премьер Турции допустил возможность использования Россией базы Инджирлик, Lenta.ru, 20.08.2016, https://lenta.ru/news/2016/08/20/incirlik/

[50] Numan Kurtulmuş: Rusya’nın İncirlik’i kullanması mümkün değil, NTV, 23.08.2016, https://www.ntv.com.tr/turkiye/numan-kurtulmus-rusyanin-incirliki-kullanmasi-mumkun-degil,NsW74Ly93U6mcm4_jJcqwQ?_ref=infinite

[51] США попросили у Турции пояснений о возможности использования Россией базы Инджирлик, Интерфакс, 23.08.2016, https://www.interfax.ru/world/524992  

[52] Key Nato posts go to pro-Russia hardliners in new Turkish purge, The Times, 10.12.2016, https://www.thetimes.co.uk/edition/news/key-nato-posts-go-to-pro-russia-hardliners-in-new-turkish-purge-8x37c92h6

[53] Как турецкие офицеры при НАТО стали просителями политического убежища, DW, 07.12.2016, https://m.dw.com/ru/%D0%BA%D0%B0%D0%BA-%D1%82%D1%83%D1%80%D0%B5%D1%86%D0%BA%D0%B8%D0%B5-%D0%BE%D1%84%D0%B8%D1%86%D0%B5%D1%80%D1%8B-%D0%BF%D1%80%D0%B8-%D0%BD%D0%B0%D1%82%D0%BE-%D1%81%D1%82%D0%B0%D0%BB%D0%B8-%D0%BF%D1%80%D0%BE%D1%81%D0%B8%D1%82%D0%B5%D0%BB%D1%8F%D0%BC%D0%B8-%D0%BF%D0%BE%D0%BB%D0%B8%D1%82%D0%B8%D1%87%D0%B5%D1%81%D0%BA%D0%BE%D0%B3%D0%BE-%D1%83%D0%B1%D0%B5%D0%B6%D0%B8%D1%89%D0%B0/a-36677223

[54] NATO, FETÖ üssü olmuş, Aydınlık, 09.12.2016, https://www.aydinlik.com.tr/turkiye/2016-aralik/nato-feto-ussu-olmus

[55] 99 yıl sonra Mehmetçik Libya’da, Habertürk, 24.03.2011, https://www.haberturk.com/dunya/haber/613691-99-yil-sonra-mehmetcik-libyada

[56] Ливийские повстанцы обвинили Турцию в пассивности НАТО, REGNUM, 09.04.2011, https://regnum.ru/news/polit/1393030.html

[57] Турция спасает ливийских исламистов от натовских бомб…, Warfiles.ru, 07.04.2016, https://warfiles.ru/114352-turciya-spasaet-liviyskih-islamistov-ot-natovskih-bomb.html

[58] Թուրքիան ընդդեմ Սիրիայի, Հայկ Գաբրիելյան,  02.05.2012, https://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6456&sphrase_id=57575

[59] Turkey turns to NATO after Syria downs jet, Reuters, 25.06.2012, https://www.reuters.com/article/us-syria-crisis-idUSBRE85D0IS20120625

[60] NATO demands halt to Syria aggression against Turkey, Reuters, 03.10.2012, https://www.reuters.com/article/us-syria-crisis-alliance-idUSBRE8921F220121003

[61] Akçakale AKP’nin verdiği silahla mı vuruldu?, soL Haber Portalı, 05.10.2012, https://haber.sol.org.tr/devlet-ve-siyaset/akcakale-akpnin-verdigi-silahla-mi-vuruldu-haberi-60493

[62] Kilis’e demir kubbe oluşturulması için hava savunma sistemi, Ihlas Haber Ajansı, 02.10.2016, https://www.iha.com.tr/haber-kilise-demir-kubbe-olusturulmasi-icin-hava-savunma-sistemi-guclendiriliyor-591048/

[63] ABD ve Almanya Türkiye’deki Patriot füzelerini çekiyor, BBC Türkçe, 17.08.2015, https://www.bbc.com/turkce/haberler/2015/08/150817_patriot_fuzeleri_abd_almanya

[64] Turkey calls for rare NATO talks after attacks along Syrian border, CNN, 26.07.2015, https://edition.cnn.com/2015/07/26/middleeast/turkey-nato-talks/index.html

[65] Meclis ‘savaş’ı reddetti, Radikal, 02.03.2003, https://www.radikal.com.tr/politika/meclis-savasi-reddetti-662453/

[66] Турция не разрешила кораблям ВМФ США проход в Грузию, РИА Новости, 15.08.2008, https://ria.ru/osetia_news/20080815/150417691.html

[67] Турция пустила корабли ВМС США в Черное море, Lenta.ru, 21.08.2008, https://lenta.ru/news/2008/08/20/transit/

[68] ВМФ России: Авианосец США «Джордж Буш» не сможет войти в Черное море, ВЗГЛЯД, 04.03.2014, https://www.vz.ru/news/2014/3/4/675566.html

[69]  Թուրքիայի ռազմածովային ուժերի արդիականացման ու ակտիվացման շուրջ, Հայկ Գաբրիելյան, Տարածաշրջանային խնդիրներ / Regional Affairs (1/2015), 01.09.2015, https://allturkey.am/13531/%D5%A9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%BC%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D5%AE%D5%B8%D5%BE%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B8%D6%82%D5%AA%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D6%80%D5%A4%D5%AB%D5%A1/#sthash.WLnrb8B9.dpbs

[70] Турция отказалась направить флот к побережью Крыма, ZN.UA, 04.04.2014, https://zn.ua/UKRAINE/dzhemilev-turciya-otkazalas-napravit-flot-k-poberezhyu-kryma-142568_.html

[71] Թուրքիայի ռազմական ոլորտի բարեփոխումների շուրջ, Հայկ Գաբրիելյան, «Նորավանք» ԳԿՀ, 13.10.2016, https://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=15080&sphrase_id=57591

[72] Turkey coup could threaten country’s Nato membership, John Kerry suggests, The Independent, 18.07.2016, https://www.independent.co.uk/news/world/europe/turkey-coup-could-threaten-countrys-nato-membership-john-kerry-warns-a7142491.html

[73] ‘NATO ile dayanışma içerisinde yolumuza devam edeceğiz’, Anadolu Ajansı, 12.01.2017, https://aa.com.tr/tr/politika/milli-savunma-bakani-isik-nato-ile-ittifak-dayanismasi-icerisinde-yolumuza-devam-edecegiz/725764  

[74] Հայկ Գաբրիելյան, Թուրքիայի «ռազմակայանային» քաղաքականության շուրջ, «Նորավանք» ԳԿՀ, https://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=14840&sphrase_id=57591

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031