ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ տարադրամի փոխանակման ժամանակ խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքում գործող տարադրամի փոխանակման կետերից մեկում գումար փոխանակելու ժամանակ տղամարդուց խաբեությամբ վերցրել է հավելյալ 100 ԱՄՆ դոլար և չարաշահելով վերջինիս վստահությունը` հեռացել՝ պատճառելով զգալի չափի գույքային վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում տեղակայված տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։
Կարդացեք նաև
Տեսանյութում երևում է, թե ինչպես է մի կին տղամարդուց վերցնում 100 ԱՄՆ դոլար արժողությամբ թղթադրամը և արագ հեռանում փոխանակման կետից:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված կարճ, սև մազերով միջին տարիքի կնոջը հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են լուսանկարում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե