ՀՀ ԿԳՆ նախարարությունը դասերը վերսկսելուն պես, պայմանավորված եղանակային ոչ բարենպաստ պայմաններով, առաջարկեց դպրոցների աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ մտցնել: Ըստ անհրաժեշտության, դասերը սկսել առավոտյան ժամը 10.00-ից` 30 րոպե տևողությամբ դասաժամերով:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության, կրթության բաժնի պետ Գարիկ Տոնոյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ թե՛ մարզպետարանը, թե՛ մարզային ենթակայության տակ գտնվող 150 դպրոցների տնօրենները տեղյակ են նախարարի հրամանի մասին, սակայն մինչ օրս ոչ մի դպրոցում չի առաջացել դասերն ուշ սկսելու կամ դասաժամերը կրճատելու անհրաժեշտություն:
«Հունվարի 9-ից մինչեւ այս պահը ջեռուցման հետ կապված դպրոցներում խնդիրներ չենք ունեցել: Գաղտնիք չէ, որ այսօր ոչ բոլոր դպրոցներն են լոկալ ջեռուցում իրականացվում: Կան դպրոցներ, որտեղ սանհանգույցներում եւ միջանցքներում նշված ռեժիմին մոտ է +16-ից +17 աստիճան: Իսկ դասարաններում ջերմաստիճանը +18-ից +20 աստիճան է: Այս պահի դրությամբ մենք դասերն ուշ սկսելու անհրաժեշտություն չունենք: Նաեւ բնությունն է մեզ օգնություն ցուցաբերում»:
Կարդացեք նաև
Մարզային ենթակայության տակ գտնվող 150 դպրոցներից 63-ը ջեռուցումն իրականացնում են ջեռուցման լոկալ համակարգով (կաթսայատուն կամ փոքր հզորությամբ ջեռուցման կաթսաներ), 47-ը՝ գազի վառարաններով, 22-ը՝ վառելափայտով, 16 դպրոց՝ էլեկտրաէներգիայով, իսկ 2 դպրոց ջեռուցվում է հեղուկ վառելիքի միջոցով:
Իսկ ինչ վերաբերում է դպրոցներում բացակայությունների թվին, Գարիկ Տոնոյանը հավաստիացրեց, որ դրանց թիվը գնալով նվազում է. «Նախորդ կիսամյակում բացակայությունները հիմնականում պայմանավորված էին սուր վարակիչ հիվանդություններով: Համեմատած առաջին կիսամյակի վերջին քառորդի ընթացքի, այս պահին բացակայությունների հետ կապված մենք ահազանգ չունենք դպրոցներից»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ