Լրահոս
Օրվա լրահոսը

Նույնասեռականները որոշել են ամուսնանալ, որ գյուղում վատը չխոսեն իրենց մասին. պատմություններ և հետազոտություն

Հունվար 17,2017 13:25

ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականության, իրավունքի խախտումների ամենաբարձր տոկոսը գրանցվել է ուժային կառույցներում:

«Մեդիա կենտրոնում» ներկայացվեց «ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականությունը և իրավունքի խախտումները Հայաստանում» նոր սոցիոլոգիական հետազոտությունը: Նշված ձևաչափով առաջին անգամ է կատարվում հետազոտություն:

Լրագրող-հետազոտող Նանե Բագրատունին, մանրամասնելով արձանագրված արդյունքները, նշեց. «Նույնասեռականների նկատմամբ բռնությունների և խտրականության կիրառման հարցում առաջին տեղում ուժային կառույցներն են, հետո ընտանիքն ու ժամանցի վայրերը: ՀՀ-ում ամենից քիչ լեսբուհիներն ու բիսեքսուալներն են ենթարկվում բռնության, քանի որ մեր հասարակությունը կանանց մտերմությանը նորմալ է վերաբերվում, եթե ցուցադրական բաներ չկան»:

Նանե Բագրատունին փաստեց, որ ՀՀ-ում ԼԳՏՊ համայնքի յուրաքանչյուր ներկայացուցիչ ծնվում ու մեծանում է անհանդուրժողական միջավայրում:

Անդրադառնալով ուժային կառույցներում նշված խմբին պատկանող անձանց նկատմամբ գրանցված բռնություններին՝ հետազոտողն ասաց. «Կան տարբեր դրսևորումներ՝ սեռական, ֆիզիկական բռնություններ, ծեծ, ատելության խոսք, անհանդուրժողականություն: Օրինակ, երբ բանակում հայտնի է դառնում, որ անձը նույնասեռական է, նա ենթարկվում է հոգեբանական ճնշումների, մեկուսացվում է, էլ չեմ խոսում սեռական բռնությունների մասին: Դեպքեր են պատմել, որ մեղմ պահվածքի պատճառով երիտասարդին ենթարկել են սեռական բռնության՝ վստահ լինելով, որ նա նույնասեռական է, բայց իրականում՝ ոչ, մինչդեռ իրական նույնասեռականը թաքցրել իր նույնասեռականությունը և ծառայել բանակում: Նման դեպքերում սեռական բռնության ենթարկվելուց հետո երիտասարդը կարծում է, թե ինքն արդեն դարձել նույնասեռական, ինչը երբեմն ավարտվում է ինքնասպանությամբ»:

Բռնությունների բարձր տոկոս է գրանցվել նաև ընտանիքներում. «Բռնությունները կիրառվում են արական սեռի ներկայացուցիչների նկատմամբ ծնողների կողմից: Հաճախ նրանք լքում են ընտանիքը և զրկվում ծնողների հետ շփումից, ինչի հետևանքով ևս հոգեբանական խնդիրներ են առաջանում, և անձն արտագաղթում է»:

Նանե Բագրատունին նշեց, որ հետազոտությունները ցույց են տալիս, որ պետական մարմիններում ևս եղել են բռնություններ նույնասեռականների նկատմամբ: Նանե Բագրատունին պատմեց, որ հարցմանը մասնակցած որոշ նույնասեռականներ պատմել են, թե որոշել են ամուսնանալ. «Մի նույնասեռական ասաց, որ հանուն ծնողների որոշել է ամուսնանալ, երեխաներ ունենալ, որպեսզի գյուղում իրենց մասին վատը չխոսեն, սակայն պնդեց, թե շարունակելու է ունենալ իր ծածուկ կյանքը»:

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի մարդու իրավունքների և շահերի պաշտպանության ծրագրերի համակարգող Նարե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մեկ այլ զեկույց էլ պատրաստել են մամուլում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականության, ատելության խոսքի, բռնության կոչի և այլ արատավոր դրսևորումների վերաբերյալ. «30 հրապարակումներից առանձնացրել ենք 10-ը, որտեղ կային բռնության կոչեր, անձի պատիվն ու արժանապատվությունը վարկաբեկող դրսևորումներ: Առանձնացրել ենք նաև Լևոն Մարտիրոսյանի ելույթը, որտեղ նա հայտարարում է՝ «ես դեմ եմ գեյ պարադներին», ինչով, ոչ համարժեք ձևով է ներկայացնում համայնքի պատկերը: «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումը ևս հայտնվել է զեկույցում»:

Նարե Հովհաննիսյանը մտահոգություն հայտնեց, որ հաճախ նման խտրական վերաբերմունք են դրսևորում հենց իրավապաշտպանները:

Ամփոփելով Նարե Հովհաննիսյանը նշեց. «Մարդկանց մեջ կա իրենցից որևէ հատկանիշով տարբերվող մարդու նկատմամբ վախ, ու այս առումով հաճախ մարդիկ ինքնապաշտպանական դիրք են գրավում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031