Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերա՞զմ, թե՞ պատերազմ եւ խայտառակություն

Հունվար 17,2017 22:00

Դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի կատարած դիվերսիոն ներթափանցման փորձը Տավուշում Հայաստանի առաջ դնում է շատ կարեւոր հարց. ո՞ւր է տանում դեպքերի այսպիսի ընթացքը:

Հայկական «ակտիվում» ունենք երեք զոհ, ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղարի անիմաստ հայտարարություն, որը հիշվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառակապակցությամբ, Մինսկի խմբի «բալանսավորված» հայտարարություն, որտեղ «երկու կողմերին» կոչ են անում ձեռնպահ մնալ բռնի գործողություններից եւ արագացնել հետաքննությունների մեխանիզմի ներդրումը, ինչպես նաեւ վերադարձնել դիվերսանտ ադրբեջանցու դին, եւ մեր «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի անբարո հայտարարությունը, որ «երկու կողմերի ձեռքում է բարդ հարցերի լուծման բանալին»:

Եթե մենք ստիպված ենք մեր զինվորների կյանքերով «արյան հարկ» վճարել «մեծ» քաղաքականությանը, որի ընթացքին հետեւում ենք որպես պասիվ վիճակագիր, ապա դրա մեջ որոշակի անառողջ բան կա: Իհարկե, թող Ադրբեջանն ու ադրբեջանցի ժողովուրդն իր մասով մտահոգվի, որ նույն բանն է անում, եւ դա հիվանդագին է ոչ պակաս, եթե ոչ ավելի, քանզի նախաձեռնողն ինքը՝ Ադրբեջանն է: Սակայն մեր խնդիրն է ոչ թե տրվել ֆատալիզմին, ասելով՝ «իսկ ինչ անի Ադրբեջանը, նա կարող է եւ նրան մնում է միայն կրակել» եւ շարունակել մեր առօրյա գործերը՝ ձեռքի հետ հաշվելով զոհերին, աննորմալն ընդունելով որպես նորմալ, այլ ելքեր փնտրել եւ ելքեր ապահովել: Հակառակ դեպքում պատերազմի եւ խայտառակության միջեւ ընտրելով խայտառակությունը, ինչպես Չերչիլն էր ասում, մենք կստանանք թե՛ մեկը, թե՛ մյուսը:

Գործուն եւ գործնական քաղաքական հետեւությունների փոխարեն մենք շրջանառության մեջ ենք դրել «ազգ-բանակի» նման բովանդակային առումով դատարկ կլիշեներ, որոնք ադեկվատ չեն ներկա իրողություններին, իսկ իրական հետեւությունների մասին նույնիսկ խոսելն է անիմաստ, մանավանդ, երբ քաղաքական դաշտում գրեթե բացակայում է այս հարցի քննարկումը:

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «ազգ-բանակ» հարցին անդրադառնալով՝ բերեց երեք հաջողված օրինակ՝ Մոնղոլական կայսրության, Շվեյցարիայի եւ ժամանակակից Իսրայելի՝ եզրակացնելով, որ Հայաստանի պարագայում նույնիսկ «ողջ տարեկան բյուջեն տրամադրվեր այդ ծրագրի իրականացմանը, դա նույնպես անբավարար կլիներ»:

Պատասխանելով նրա քննադատությանը՝ ՀՀ պաշտպանության նախարարը պարզաբանեց, որ խոսքը ոչ թե պետության ռազմականացման, այլ հասարակության եւ զինված ուժերի սերտ համագործակցության մասին է. «Զինված ուժերը հասարակության հետ ավելի սերտորեն կապելու, զինված ուժերի հնարավորությունները հասարակության եւ պետության առաջընթացի համար օգտագործելու գաղափարախոսություն է»: Եվ ուրիշ ոչինչ: Բանավեճն ավարտվեց եւ գրեթե մոռացվեց:

Սերտորեն կապե՛ք՝ որքան ուզում եք: Ո՞ր հարցն է դա լուծում: Եվ ի՞նչ է դա փոխում: Ալիեւի դեկտեմբերյան դիվերսիան ցույց տվեց, որ ոչինչ: Ավելին, ցույց տվեց, որ եթե անցյալ տարվա ապրիլին Ադրբեջանը փորձում էր էապես ստատուս քվո փոխել Արցախում, բայց Հայաստանի հետ սահմանին գրեթե ոչ մի կրակոց իրեն թույլ չտվեց, ապա դեկտեմբերին նրա ուղերձը Հայաստանին հետեւյալն էր. «Անկախ ձեր ՀԱՊԿ-ից, ռուսների հետ ձեր «դարավոր բարեկամությունից», անկախ ձեր՝ դպրոցական գերազանցիկի ջանասիրությամբ ԵՏՄ առաջ ձեր պարտավորությունների կատարումից՝ անում եւ անելու եմ այն, ինչ ուզում եմ, երբ ուզում եմ, որտեղ ուզում եմ, եւ ինձ բան ասող չի լինի»:
Այժմ Երեւանը պահանջում է, որ միջազգային հանրությունն ավելի հասցեական եւ հետեւողական լինի իր գնահատականներում, իրերը կոչի իրենց անուններով: Կներե՛ք, իսկ դուք միջազգային հանրության ո՞ր հարցն եք լուծում, որպեսզի բարոյական իրավունք ունենաք որեւէ բան պահանջելու: Եթե դուք իրոք պահանջում եք միջադեպերի համար պատասխանատվության մեխանիզմի ներդրում, ապա ինչո՞ւ էիք գնում Սանկտ Պետերբուրգ: Ի՞նչ տվեց այդ Սանկտ Պետերբուրգը, ի՞նչն ավելացրեց Վիեննայի պայմանավորվածություններին: Հասկանալի է, թե ինչու Ալիւեը գնաց. նա դրանով խուսափեց պատասխանատվությունից, եւ այլ տեղից, քան Ռուսաստանից, նա ակնկալիք ունենալ չէ՛ր կարող: Այդ իմաստով, ինչպես Տեր-Պետրոսյանը կասեր, Ալիեւը գործեց ռացիոնալ, որպեսզի ազատի իր ձեռքերը եւ անի այն, ինչ արեց դեկտեմբերին եւ կանի հետագայում, քանի հայկական կողմը հետեւություն չի արել: Իսկ հայկական կողմը մնաց հասցեականություն մուրացողի դերում: Չե՛ք ստանալու: Որովհետեւ ռուսները դա չեն անելու՝ ելնելով իրենց կայսերապաշտական տարածաշրջանային շահերից, իսկ Արեւմուտքը նույնպես չի անելու դա այնքան ժամանակ, քանի Հայաստանը դուրս չի՛ եկել Ռուսաստանի «կույրաղիքի» կարգավիճակից եւ չի՛ գիտակցել, որ դա է սպառնալիքի գլխավոր սպառնալիքը:

Ի վերջո, ի՞նչ անի Արեւմուտքը, երբ հայերի ձեռքը դրեցին Վիեննայի պայմանավորվածությունները, իսկ հայերն այն մսխեցին Սանկտ Պետերբուրգներում, ԵՏՄ-ներում, ՀԱՊԿ-երում: Հիմա երբ փնթփնթում եք Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի վրա՝ տնայնագործական հնդկական կինոյի մակարդակի նամակներ հղելով, փնթփնթում եք Մինսկի խմբի եռանախագահների հայտարարության վրա՝ չտեսնելու տալով, որ դրանցից մեկը Ռուսաստանն է, բայց հրճվում եք Բորդյուժայի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» արտահայտությունից կամ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի՝ «երկու կողմերի ձեռքում» եղած «բանալիներից», չե՞ք մտածում` այդ ե՞րբ է Արեւմուտքը հրաժարվել հասցեականությունից: Եվ արդյո՞ք այդ դեպքում հասցեականության առաջին պահանջը չպետք է հասցեագրված լինի Մոսկվային: Ինքնախաբեության թմբիրի մեջ գտնվող, իր շահերը Մոսկվայի տակ դրած Հայաստանը հասկանալի եւ հետաքրքիր չէ՛ միջազգային հանրությանը:

Ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը մեծածավալ ռազմատեխնիկական բնույթի աշխատանք է կատարել շփման գծում: Այստեղ, անշուշտ, առկա են գործուն եւ գործնական հետեւությունները: Սակայն այլ է ռազմակազմակերպական եւ քաղաքական հետեւությունների պարագան: Դեկտեմբերը ցույց է տալիս, որ այստեղ Հայաստանն անելիք ունի:

Տեր-Պետրոսյանը շրջանցեց Ֆինլանդիայի հաջողված փորձը, երբ սահմանափակ ռեսուրսներով երկիրը հուժկու հակահարված տվեց ռուս զավթիչներին` ժողովրդավարական վարչակարգի, բարձր ինքնակազմակերպման, պահեստազորի բարձր մարտական պատրաստության, հմուտ ռազմական կառավարման եւ մի շարք այլ գործոնների շնորհիվ: Դրա հիմքում ընկած էր «Շյուցկորի» համակարգը՝ Քաղաքացիական գվարդիան, աշխարհազորը, հմուտ արտաքին քաղաքականությունը, հաստատակամությունը եւ անհանդուրժողականությունը զավթիչների նկատմամբ: Ցարական բանակի գեներալ, Ֆինլանդիայի մարշալ Մաններհեյմը հմտորեն համադրեց այդ բոլոր գործոններն ի նպաստ պետական շահերի եւ պատվով դուրս բերեց երկիրը դաժան փորձությունից: 126 հազար զոհ տվեց ստալինյան ԽՍՀՄ-ն այդ անիմաստ պատերազմում, իսկ Ստալինի երազանքը՝ Հելսինկիում ռազմական շքերթով նշել իր ծննդյան օրը, այդպես էլ մնաց երազանք: Ֆինլանդիայի ժողովուրդն ապացուցեց, որ արժանի է եւ զորու ունենալ անկախ եւ ինքնիշխան պետություն, որի ռազմաքաղաքական գործոնի հետ հաշվի էին նստում թե տոտալիտար ռեժիմները՝ նացիստական Գերմանիան եւ բոլշեւիկյան Ռուսաստանը, թե ժողովրդավարական Անգլիան եւ ԱՄՆ-ը:

Ներկայումս ֆիններն ամենազինված եվրոպական ազգերի շարքում են, Ֆինլանդիայում պահպանվել է համընդհանուր զորակոչի համակարգը, եւ այդ ռազմական համակարգն ուղղված է ոչ թե չեզոք Շվեդիայի կամ ՆԱՏՕ-ի անդամ Նորվեգիայի կողմից հնարավոր վտանգներին, որոնք ուղղակի չկան, այլ 1256 կմ սահման ունեցող Ռուսաստանի դեմ, որ հանկարծ նորից գայթակղություն չառաջանա, ինչպես Ուկրաինայի կամ Վրաստանի պարագայում:

Ֆինները, հենվելով պատմական փորձի վրա, միանգամայն ռացիոնալ են հաշվարկել թե՛ իրենց սպառնալիքները, թե՛ դրանց դիմակայելու ուղիները, առանց «դարավոր բարեկամության» կամ «ռազմավարական դաշնակցի», դառնալով աշխարհի ամենաառաջատար եւ զարգացած երկրներից մեկը, ունենալով ընդամենը հինգ միլիոն բնակչություն: Այնտեղ չեն կեղծում ընտրությունները, այնտեղ գրեթե չկա կոռուպցիա: Այնտեղ չկա նավթ եւ գազ, սակայն ռուսների հետ բնականոն հարաբերությունները չեն ենթադրում բոլոր ոլորտների ռուսներին հանձնում, Կիսելյովի կարիքը ֆինները չունեն, իսկ բանակը լիովին համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին, բայց եւ ՆԱՏՕ-ին էլ չեն անդամակցում…

Մինչդեռ հայկական գյուղերը հաճախ անպաշտպան են նույնիսկ գայլերի հարձակումների դեմ: Իսկ դուք ասում եք՝ «ազգ-բանակ», ԵՏՄ, ՀԱՊԿ, Բորդյուժա, Զախարովա, Պուտին, «կոնֆլիկտի բանալիները ռուսների ձեռքում են», «դարավոր բարեկամություն», «հասցեականություն» եւ այլ զարմանահրաշ բաներ…

 

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Հ.Գ. Ծանոթացեք մարշալ Կարլ Մաններհեյմի հուշերին, դա փոքր ազգի, պետական մտածողության, անվտանգության ռացիոնալ քաղաքականության ուղղակի անվճար վարպետության դաս է:

«Առավոտ»

17.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031