Լեռնային Ղարաբաղի հարցը բացառապես Ադրբեջանի ներքին խնդիրը չէ. այդ հարցով գոյություն ունի որոշումների փաթեթ, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում և որոշումներում: Այս մասին իր ամփոփիչ ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը կմիջամտի Ադրբեջանի «ներքին գործերին» , եթե վերջինս փորձի «զտումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղում և այն մաքրել ահաբեկչական և այլ քրեական տարրերից»:
«Դա բացառապես Ադրբեջանի ներքին գործերի խնդիրը չէ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում գոյություն ունի որոշումների ամբողջ փաթեթ, առաջին հերթին այն որոշումները, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հակամարտության ամենաթեժ պահին և պահանջում էին կրակի դադարեցում: Եթե հետաքրքրվում եք, կարող եք նայել արխիվները և տեսնել՝ ինչպես են կրակի անհապաղ դադարեցման մասին այդ պահանջները պահպանվել, ում կողմից են պահպանվել, ում կողմից՝ ոչ»,- ասել է Լավրովը :
Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ ԼՂԻՄ հարակից տարածքներն ազատագրելու պահանջը միշտ էլ եղել է «բայց ոչ երբեք՝ ուժի կիրառմամբ և միայն Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման դեպքում»:
«Սա արձանագրված է այն փաստաթղթերում, որոնք մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) կողմից: Սա ամրագրված է համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահների բազմաթիվ ելույթներում, ինչպես նաև այն հայտարարություններում և փաստաթղթերում, որոնք ընդունվել և ստորագրվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից: Վեճերի խաղաղ կարգավորումն արձանագրված է ոչ բազմանշանակ կերպով»,- ասել է Լավրովը:
Կարդացեք նաև
Նա նաև նշել է, որ 2016թ. ապրիլին տեղի ունեցած արյունալի իրադարձությունները խորը տագնապի տեղիք են տալիս: Հիշեցնելով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ընդունված համաձայնությունները՝ Լավրովը ևս մեկ անգամ նշել է, որ, «հաշվի առնելով փոխադարձ մեղադրանքները, անհրաժեշտ է մշակել միջադեպերի քննության մեխանիզմ, ավելացնել անմիջապես շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թիվը»:
«Միջադեպերի քննության մեխանիզմների անհրաժեշտության մասին խոսք էր գնում դեռ 2011թ., երբ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն ընթանում էր Աստրախանում, և, ցավոք, այնպիսի տարրական բան (իսկ դուք, ենթադրում եմ, անհանգստացած եք, որ նման իրադարձություններ այլևս չկրկնվեն), ինչպիսին է միջադեպերի քննության մեխանիզմը և ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացումը շփման գծում, չի կարողանում կյանքի կոչվել, քանի դեռ բացակայում է համաձայնությունը ԵԱՀԿ-ում: Համաձայնության բացակայության պատճառների մասին նույնպես կարելի է հետաքրքրվել այդ կազմակերպության ներկայացուցիչներից»,- ասել է Լավրովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ