Սրբագրե՛ք մեր դպրոցական դասագրքերը, պատասխա՛ն տվեք աշակերտին
«Ու թնդում է Թըմբուկ բերդը Էն աղմուկից խընդության…»: Թումանյանի անմահ պոեմի այս ճչացող տառասխալը (147 էջ) միակը չէ հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանի գրականության դասագրքում:
Ո՜ւր է թե միակը լիներ. հայ քնարերգության նմուշների աղճատումները, ցավոք, սովորական բան են այս ձեռնարկում: Եվ խոսքը լոկ սրբագրական վրիպակների մասին չէ, այլ հիմնականում այնպիսի աղճատումների, որոնք ուսուցչին զրկում են ուշիմ աշակերտի (իսկ այդպիսիք մեր դպրոցներում քիչ չեն) հարցին որևէ խելամիտ բացատրություն տալու հնարավորությունից, ավելին` արժեզրկում են դասագիրքը՝ իբրև գիտելիքի աղբյուր, խունացնում հայ քնարերգության ողջ հմայքը:
Այսպես. նույն դասագրքի 142 էջում՝ «Թմկաբերդի առումը» պոեմի նախերգանքում, «Անեծք նրա չար գործքին»-ը վերջին բառը, որը ուժեղ հանգ է կազմել «Թե մուրազով սիրած կին» տողի «կին» բառի հետ, դարձել է «Անեծք նրա չար գործին». գրաբարյան ք-ն, որ այնպես տաղանդով է գործածել մեծն Թումանյանը, այս դասագրքում պարզապես… ջնջված է:
Կարդացեք նաև
«Հայրենիքիս հետ» բանաստեղծության մեջ Թումանյանը «Աստված» բառը մեծատառով է գրել, դասագրքում (162 էջ) այն, չգիտես ինչու, դարձել է փոքրատառ:
Նույն՝ իմիջիայլոց վերաբերմունքից զերծ չի մնացել նաև մեր գրականության մյուս հսկան՝ Ավետիք Իսահակյանը: 170 էջում («Ռավեննայում») կարդում ենք՝ «Դար է եկել… Աչքն է դիպել», բայց երկրորդ տան մեջ՝ «Սուրն էր բեկվել» Այս «հանճարեղ» փոփոխության իմաստն ու նպատակը որևէ մեկը կարո՞ղ է բացատրել:
Կամ, ասենք, Դանիել Վարուժանի «Ձոնի» վերաբերյալ աշակերտը հարցնում է՝ ինչո՛ւ առաջին տան մեջ «գրչով» բառը գրված է առանց ը-ի, հաջորդ երեք տներում՝ ը-ով: Ես՝ ուսուցիչս, պատասխան չունեմ, գուցե դասագիրքը կազմողնե՞րն ունեն:
Եվ, ընդհանրապես, արևմտահայ բանաստեղծներն այս խեղճուկրակ գրքում գիտական բարեխղճության առումով այնպես հպանցիկ, այնքան իմիջիայլոց, են ներկայացված, որ… այստեղ են ասել՝ մարդ չգիտի՝ խնդա՞, թե՞ լա…
Բացենք Մեծարենցի էջերը. հանրահայտ «Երազ օրեր» քանթիլենը, որ Ռոբերտ Ամիրխանյանի երաժշտության շնորհիվ դարձել է սիրված երգ: Երկրորդ քառատողում «լանջքիս տակ»-ը ինչ-որ մեկի «թեթև ձեռքով» դարձել է «լանջիքիս տակ»՝ աղճատելով թե՛ իմաստ, թե՛ տաղաչափություն:
Հաջորդ էջում (211) հայտնի «Սիրերգ»-ում վրիպակ է՝ «Համբույր՝ լույսեն, որ չոր դիս կծաղկի»:
Մեկ էջ այն կողմ՝ «Աքասիաներու շուքին տակ». այստեղ էլ հակառակն է. առաջին տողում ավելացվել է ը. «Ծաղիկներեն հովը թերթերը կթափե». այնպիսի տպավորություն է, որ գիրքը կազմողները գաղափար չունեն բանաստեղծական ոտքի, չափի, ռիթմի ու հանգի, արևմտահայերենի մասին… Կամ էլ՝ թքած ունեն այդ գիրքը բացողների ու կարդացողների վրա, ուր մնաց՝ սովորեցնելու նպատակ:
Եվս մի վրիպակ՝ 215 էջում՝ «Ձմրան պարզ գիշեր»-ի 20-րդ տողում. «Եվ համբույրն անաց…»` «անանց»-ի փոխարեն:
Ցավն այն է, որ այս կիսատպռատությունը դպրոցական դասագրքից դուրս է գալիս և լցվում նաև պետական ավարտական ու միասնական առաջադրանքների շտեմարաններ՝ ևս մեկ անգամ արհամարհական վերաբերմունք դրսևորելով մեր նոր սերնդի ազգային, գեղարվեստական ու գեղագիտական դաստիարակության հանդեպ:
Բերեմ ընդամենը մի քանի օրինակ այդ նախաքննական «Շտեմարաններից». «Հետևյալ բանաստեղծական ժողովածուներից» բառերով սկսվող հարցադրման տակ թվարկվածների շարքում դուք կկարդաք Գրիգոր Զոհրապի նորավեպերի ժողովածուներից մեկի վերնագիրը. Թումանյանի «Ինչքա՜ն ենք մենք խաղացել, Իրար սիրել ու ծեծել»-ի երկրորդ տողը դարձած կլինի «Իրար ծեծել ու սիրել», թումանյանական մեկ այլ՝ «մոտով-ոտով» հանգը դարձված կլինի «մոտով-ոտքով», Հ. Սահյանի «ուլունք էր դառնումը»՝ «հուլունք էր դառնում»: Կարող եք հարցի հանդիպել, որը վերաբերում է «Ծաղկած փշալարեր»… ոչ վիպակին, այլ վիպակի… խմբագրական նախաբանին… և այլն և այլն:
Վերադառնանք, սակայն, դպրոցական դասագրքին. 229 էջ, Տերյան, «Երկիր Նաիրի». կարդում ենք բանաստեղծի հոգու ոգեզրկված, շեշտազրկված ճիչը՝ «Ցոլա՛, ցնորք Նաիրի»: Եվ ես դասագիրքը «երկնողներին» եմ փոխանցում իմ գրականասեր աշակերտուհու հիասթափված ռեպլիկը. «Այնքան էլ տագնապ չկա այս տողում, ի՞նչ է, Տերյանը չէ՞ր կարող շեշտել կոչականը»: Պատասխանում եմ 14-ամյա հայ աղջնակին՝ Տերյանը շեշտել է, այն էլ ինչպե՜ս է շեշտել. բացե՛ք, թերթե՛ք տասնամյակների ընթացքում լույս տեսած նրա ցանկացած ժողովածուն, տեսե՛ք այդ շեշտը, զգացե՛ք, վերապրե՛ք հայրենիքի ճակատագրով տառապող բանաստեղծի հոգու տագնապը: Պարզապես ձեր դասագիրքը կազմողները կա՛մ ժամանակ չեն ունեցել այն դնելու, կամ էլ ձեզ ու Տերյանին այդքանին են արժանի համարել. հիմար չեք, ախր՝ կհասկանաք: Նույն ոճով էլ «օ՜» ձայնարկության բացականչական նշանն անհետացել է Ե. Չարենցի «Մեռած պոետին»-ում (223 էջ):
Մի դասագրքի համար շատ չէ՞ այսքան աղավաղումը: Անկեղծորեն ասացե՛ք, խնդրեմ, մի՞թե այսպես են նոր սերնդին մատուցում իր իսկ դասական պոեզիան, այդպե՞ս են արժևորում նրա աներկբայելի արժանիքները՝ բովանդակությունը, իմաստնությունը, մեղեդայնությունը, անթերի ձևն ու հղկվածությունը…
Ո՞ւր մնաց սերունդ դաստիարակելու բարձր առաքելությունը, որին ի սկզբանե կոչված է գրականությունը:
Այս «թեթև» վերաբերմունքը, ցավոք, արդեն սողոսկել է նաև ավելի ցածր դասարանների համար կազմվող դասագրքերը: Դրանցից մեկում Հովհաննես Շիրազի հռետորական բացականչությունը՝ «Բայց նա՛ է հայ, Ով հովազի արնախում երախումն էլ Իր մայրենի լեզվով խոսի», կորցրել է տրամաբանական շեշտը և դարձել սովորական, պատմողական նախադասություն. «Բայց նա հայ է, Ով հովազի…»:
Կամ՝ համեմատաբար հաջողված 6-րդ դասարանի դասագրքի 170 էջում Պարույր Սևակի «էրեբունի-Երևան» անթերի հմտությամբ կերտված բանաստեղծության երրորդ տան մեջ բաց է թողնված մի ամբողջ բառ՝ «Հին է սերը (մեր) ձիգ դարերիդ պես»:
Դիմում եմ գիրքը կազմողներին. փորձե՛ք, խնդրում եմ, ձայնակցել Էդգար Հովհաննիսյանի շնորհիվ երաժշտական քանդակի վերածված այս հրաշալի երգին, որի անտեսված այս մի հատիկ բառ-վանկը և՛ իմաստն է մկրատել, և՛ ռիթմը:
Մեջդ ակամա հարց է արթնանում. արդյոք այս ոճով կազմված դասագրքերը սերտողների՞ց չի ծնվում մեր նորօրյա կիսկատար «բանաստեղծների» ստվար բանակը, «բանաստեղծներ», որոնց կարդալիս ամոթից կարմրում ես:
Եվ, ընդհանրապես, գուցե հենց այսպե՞ս ենք անում, որ մեր շուրջը համատարած միջակություն է տիրում, ասես մի աներևույթ չար ձեռքով խեղդվել է հայի տաղանդի գենը…): Սակայն աղավաղումներից ո՞ր մեկը թվես. 9-րդ դասարանի գրականության դասագրքում էլ կարդում ենք, որ Սասունցի Դավիթը իր ձիու «զավակին» (իմա՛՝ գավակին) մի «խորոտ աղջիկ» է բերում…
Մի լավ խոսք ունի մեր ժողովուրդը՝ «գլխառադ անել»: Սրտի ցավով այս դարձվածքը պիտի վերագրեմ դպրոցական այս տխրատեսք դասագրքին և հորդորեմ մեր գրականության հերթական ձեռնարկի հերթական հեղինակներին. զգո՛ւյշ եղեք, երբ ձեր գրիչն ու հայացքը մոտեցնում եք մեր դասականներին:
Զարմիկ Սարգսյան
«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի ուսուցիչ, ՀՀ և ԽՍՀՄ ժուռնալիստների միությունների անդամ