«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն ամփոփում է 2016 թվականը: Ըստ նրա, Հայաստանում
տեղի ունեցած կարեւորագույն իրադարձությունները ապրիլյան քառօրյա պատերազմն էր ու դրան հետեւած՝ հուլիս- օգոստոսին «Սասնա ծռերի» գործողությունը, դրան հաջորդած վարչապետի փոփոխությունը, նոր տնտեսական քաղաքականության մշակման գործընթացը:
«Անցած տարին բոլոր առումներով ծանր տարի էր Հայաստանի համար, բայց կարողացանք դիմակայել այդ մարտահրավերներին, 2017-ի նկատմամբ ավելի լավատեսորեն եմ տրամադրված, որովհետեւ ձեւավորվել է մտավոր պոտենցիալ, որը որոշակի քայլեր է իրականացնում»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց պարոն Հարությունյանը:
Նա չբացառեց՝ այս տարի նոր սրացումներ կլինեն հայ -ադրբեջանական հարթությունում, ըստ նրա, սրացումները Ալիեւի երկակի քաղաքականության արդյունք են:
Կարդացեք նաև
Ըստ նրա, ապրիլյան ընտրություններից առաջ նոր համախմբումներ են լինում կուսակցությունների միջեւ, բայց սկզբունքորեն շատ բան չի փոխվելու դրանից հետո. «Ամեն ինչ առայժմ խոսում է այն մասին, որ ՀՀԿ-ն մեծամասնություն կլինի խորհրդարանում: Ծառուկյանի գործոնն առկա է լինելու ընտրություններում, թե ինչ ձեւով, չեմ կարող ասել»:
Ըստ նրա, ընդդիմադիր ուժերը որեւէ լուրջ հարցադրում առաջ չեն քաշում, բացի հայտարարություններից, որ սխալ մարդիկ են կառավարման համակարգում, ըստ նրա, ընդդիմադիր ուժերը պետք է ոչ միայն առաջարկեն, այլեւ գործ անեն. «Չկան կայացած կուսակցություններ, կայացած է ՀՅԴ-ն, որն այսօր շատ ցածր վարկանիշ ունի…գուցե խորհրդարանական համակարգը նպաստի կայացած կուսակցությունների ձեւավորմանը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ