JUST DILIJAN IT! ամառային կրթական ծրագրերը 2017 թվականին կղեկավարի Ռուսաստանում Apple ընկերության բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար, կրթության ոլորտում ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիր, հոգեբանական գիտությունների թեկնածու Յուրի Գորվիցը: 2017թ.-ի ամառային ծրագրերի ուղեգրերը հասանելի են հունվարի 16-ից:
«Այս տարի մենք որոշել ենք ամրապնդել մանկական հանգստի կրթական բաղադրիչը: Մենք շատ ուրախ ենք, որ տաղանդավոր փորձագետների ու փորձառու դասավանդողների թիմին միացել են Յուրի Գորվիցը, ով կղեկավարի 2017 թ.-ի ամառային ծրագրերը, և «Գիտության տոն» նորարարական ու ճանաչողական ծրագրերի հիմնադիր և ղեկավար Սերգեյ Կորնեևը, ով կհամակարգի JUST DILIJAN IT! 2017թ.-ի ծրագրերի բնագիտական ուղղությունը»,- հայտարարել է JUST DILIJAN IT! ամառային ծրագրերի կազմակերպիչ հանդիսացող Scholae Mundi հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրեն Նատալյա Պոդոլնայան:
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս JUST DILIJAN IT! ծրագրերը նախատեսված են 10-16 տարեկան երեխաների համար և կանցկացվեն UWC Դիլիջան քոլեջում: Այս տարվա ծրագրերը կկազմակերպվեն հունիսի 7-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում՝ չորս հերթափոխով, որոնցից յուրաքանչյուրը կտևի 14 օր: Ակնկալվում է, որ յուրաքանչյուր հերթափոխում ներգրաված կլինի 100-120 երեխա:
«JUST DILIJAN IT! 2017-ի հիմնական գաղափարը նորը ճանաչելն է՝ ինքդ քո, քո ընկերների, քո երկրի, աշխարհի մասին: Մեր ծրագրերն ուղղված են ազատ, խելացի, ստեղծագործ, նպատակասլաց և բարի մարդկանց ձևավորմանը»,- ասել է Յուրի Գորվիցը:
«Բացահայտի՛ր մարդուն» անվանումը կրող առաջին հերթափոխի շրջանակներում երեխաները կմշակեն մարդու, նրա հոգեբանությանն ու վարքագծի ուսումնասիրությանը վերաբերող թեմաներ, և կփորձեն պատասխանել «Ո՞վ ենք մենք», «Ի՞նչ է անհատը» և «Ինչպե՞ս զարգացնել քո տաղանդները» հարցերին:
«Բացահայտի՛ր մշակույթը» խորագրով երկրորդ հերթափոխի մասնակիցները կուսումնասիրեն, թե քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց ինչ փոփոխություններ է կրել մշակույթը, մասնավորապես, գրականության ու արվեստի, պարերի ու սպորտի օրինակով, ինչպես նաև կփորձեն պատկերացում կազմել մարդկային հնարավորությունների սահմանների մասին:
«Ինչպե՞ս է կառուցված Երկիր մոլորակը», «Ի՞նչ է գիտական մեթոդը», «Ինչպե՞ս ամբողջ աշխարհը վերածել անձնական լաբորատորիայի» հարցերի պատասխանների փնտրտուքը կդառնա երրորդ՝ «Բացահայտի՛ր տիեզերքը» հերթափոխի հիմնական թեման:
Իսկ չորրորդ՝ «Բացահայտի՛ր ապագան» հերթափոխին մասնակցող երեխաները կհնարեն և կյանքի կկոչեն ամենահամարձակ գաղափարները, կսովորեն օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներից, կքննարկեն ժամանակակից աշխարհի արդիական խնդիրները և սեփական քաղաքի, երկրի ու մոլորակի զարգացման հեռանկարները:
Յուրաքանչյուր հերթափոխի ժամանակ երեխաներին հնարավորություն կտրվի ընտրել պարապմունքներ 10 լաբորատորիաներից (ինտելեկտուալ խաղեր, հրատարակչական գործ, համակարգչային տեխնոլոգիաներ, թատրոն, ճարտարապետություն և դիզայն, կինո և լուսանկարչություն, բնական գիտություններ, ռոբոտաշինություն, արհեստներ, սպորտ) որևէ մեկում, որոնք կօգնեն նրանց նախագծային ու թիմային աշխատանքում:
Նախատեսվում է, որ յուրաքանչյուր հերթափոխ կավարտվի հաշվետու միջոցառմամբ՝ լինի դա գաղափարների տոնավաճառ, թե արվեստի նախագծերի ցուցահանդես, թատերական ներկայացում կամ գիտաժողով:
JUST DILIJAN IT! ծրագրերի ավանդական բոնուսը կլինի Դիլիջան ազգային պարկի, Հայաստանի պատմության և մշակույթի հետ երեխաների ծանոթությունը, որը արշավներից ու էքսկուրսիաներից կվերածվի անհավանական արկածների:
«Անցյալ տարի JUST DILIJAN IT! միջազգային ծրագրերը զգալի հաջողություն են գրանցել՝ հետաքրքրությունների շուրջ միավորելով երեխաների տարբեր տարիքային խմբերից և տարբեր երկրներից: Երեխաներից ոմանք ամառային ծրագրերին մասնակցել են տարբեր հիմնադրամների, այդ թվում Scholae Mundi Armenia (SMA) հիմնադրամի տրամադրած դրամաշնորհների միջոցով: Մենք մտադիր ենք այս տարի ևս շարունակել այս ավանդույթը»,- հայտնել է Scholae Mundi հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Խոջիկյանը:
Ուղեգրերի ձեռքբերման հետ կապված տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել JUST DILIJAN IT! կայք:
Մամլո հաղորդագրություն