Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության պաշտոնյաները հանիրավի մեղադրվել են իրենց լիազորություններն անցնելու մեջ

Հունվար 17,2017 10:31

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Արևհատ Շ.-ի կողմից կատարած սուտ մատնության դեպքով հարուցված քրեական գործը, որով վերջինս ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցներին հանիրավի մեղադրել է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:

Դեռևս նախորդ տարի բանկային փաստաթուղթ կեղծելու համար քննչական մարմնի կողմից մեղադրանք էր  առաջադրվել Արևհատ Շ.-ին:  Վերջինս, սակայն, որպես մեղադրյալ լրացուցիչ ցուցմունք էր տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ Արա Ա.-ն և նույն բաժանմունքի պետ Արամ Վ.-ն իրենից բացատրություն վերցնելիս ուղղորդել են, որ ընդունի, իբր, իր կողմից չկատարած բանկային փաստաթուղթ կեղծելու հանգամանքը: Ըստ Արևհատ Շ.-ի՝ ոստիկանները հավաստիացրել են, որ այդ կերպ գործի ընթացքը հօգուտ իրեն կլուծվի, ուստի ինքը համաձայնվել է և բացատրությունը գրել նրանց թելադրանքով: Թեպետ Արևհատ Շ.-ն նախապես նախազգուշացված է եղել սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, այդուհանդերձ, նույնաբովանդակ կեղծ ցուցմունք է տվել նաև ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Ծառայությունում իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Արևհատ Շ.-ի հայտնած տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, այսինքն` վերջինս հետաքննություն կատարող անձանց անհիմն մեղադրել էր ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ: Ըստ այդմ` հիշյալ դեպքով հարուցված գործը կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Արևհատ Շ.-ի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ, որն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,  քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031