Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Միլիցու» գործառույթը

Հունվար 17,2017 10:15

70-ականների կեսերին ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը հանդիպել էր համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Դասախոսներից մեկը բողոքեց պետական մարմիններում համատարած կաշառակերությունից (ի գիտություն նրանց, ովքեր «դրախտի» մասին հիշողություններ ունեն): Հանրապետության ղեկավարի պատասխանը հետեւյալն էր. «Է՜, մի տվեք»: Դա ինձ հիշեցնում է ներկայիս իշխանությունների, մասնավորապես, վարչապետի` նմանատիպ հարցերի մշտական պատասխանը` «Փաստեր ունեք, ասեք», կամ` «Դեպքեր գիտեք, դիմեք իրավապահներին»:

Երկու դեպքում էլ համակարգային խնդրի լուծման ողջ պատասխանատվությունը դրվում է քաղաքացու վրա: Դարձյալ կոնկրետ դեպք պատմեմ` կոմունիստական անցյալից: Տառապում էի ատամնացավից, բժիշկն ասաց` գնա ատամդ նկարի: Մտա համապատասխան պոլիկլինիկա, եւ ինձ ցույց տվեցին ատամիս ռենտգենն անելու այնպիսի երկար ճանապարհ, որ դա կտեւեր առնվազն երեք օր: Խոսակցությունը կտեւեր եւս կես ժամ, եթե չասեի կախարդական նախադասությունը` «ես շնորհակալ կլինեմ», որից հետո խնդիրը շատ արագ լուծվեց` 5 ռուբլով: Համակարգային լուծումն այստեղ պարզ է` ձեւեր չթափել, իբր, բժշկությունն անվճար է, պոլիկլինիկայի պատին փակցնել գնացուցակը եւ հիվանդներին ուղղորդել դեպի դրամարկղ:

Այսօր այս խնդիրը եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե սկզբունքորեն լուծված է: Իսկ եթե հիմա ինձ պետք է, որ «կադաստրն» ինձ սեփականության վկայական տա, կամ` ապրանք եմ ցանկանում մաքսազերծել: Պայքարեմ օրինական ճանապարհո՞վ, բողոքեմ, որ ինձնից կաշա՞ռք են ուզում: Բայց ինչո՞ւ եք ցանկանում ինձնից «միլիցա» սարքել, երբ կան պետական մարմիններ, որոնք ունեն «միլիցու» գործառույթը: Եվ դարձյալ` ամեն մի կադաստրի պետի կողքին ոստիկան չես կանգնեցնի` մանավանդ, որ այդ ոստիկանին էլ կարելի է կաշառել: Պետք է այնպես անել, որ նա տարբերակ չունենա կաշառք վերցնելու:
Լրագրողներին, որքան հասկացա վարչապետի ասուլիսի լուսաբանումներից, այդ համակարգային հարցերն առանձնապես չեն հետաքրքրում: Նրանց հետաքրքրում է, թե ով, երբ, որ պահից կդառնա վարչապետ կամ կդադարի զբաղեցնել այդ պաշտոնը: Կամ, լավագույն դեպքում, ով նախընտրական որ ցուցակում է հայտնվելու: Այդ թեմայով համացանցում մի քանի տասնյակ հրապարակումներ կան` այնպիսի տարաշխարհիկ վարկածներով, որ մտածում ես` գուցե ավելի լավ է` Նապոլեոնի մասին հանելուկո՞վ զբաղվեն: Համենայնդեպս, այդ վարկածներն ու հանելուկը իմացաբանական նշանակությամբ հավասարազոր են:

…Իսկ «բռնել-չբռնելու» մասին հարցերին իշխանությունը շատ պարզ պատասխաններ ունի. «Փաստեր ունեք, դիմեք իրավապահներին»:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Սակայն հաւանական է որ կան նաեւ կացություներ ուր քաղաքացին կաշառքը տալիս է ոչ թէ որովհետեւ ճառ չունի, այլ որովհետեւ ինք այդպէս է ուզում, իրեն համար նախընտրելի եւ ձեռընտու է այդ:

    Ամենահեշտ օրինակը ճամբու անվտանգության օրէնքի խախտման պարագաներն են, երբ կաշառքի գումարը նվազ է քան թէ տուգանքը, կամ դատական վիճարկման տաղտուկը: Նոյնանման օրինակների պակասը չկայ: Երբեմն նաեւ նպատակը իրոք ժամանակ շահիլն է, եւ ոչ թէ վերեւի հիվանդ ատամի հրատապ պարագային, այլ առիթներով երբ, նորմալ ընթացքով, մի քանի օր կամ նոյնիսկ շաբաթներ սպասելը հնարաւոր է, սակայն սիրահոժար կաշառքը ծառայում է քաղաքացիին անհամբերությունը դարմանելու:

    Հարկաւոր է նաեւ ուսումնասիրել թէ, եթէ չլինի որեւէ կաշառք, ի՞նչ են դառնալու նյութի առարկա ծառայությունների սակերը… Այդտեղ եւս, թվաբանականօրէն, թերեւս քաղաքացին ինք նախընտրելու է կաշառքով գործել… Թէ ոչ, կարելի է պատկերացնել վիճակ մը երբ, կաշառքի դրության անհետացման որպէս հետեւանք, տեղի ունենան… բողոքի ցոյցեր, այս կամ այն բանի գիներու բարձրացման դրդապատճառով: Որովհետեւ չի բավէր որ կաշառք լինի, պիտի որ ամէն բան նաեւ ձրի լինի:

    Դեռ չխօսեցանք այն քաղաքացիների մասին որ ընտրության ժամանակ իրենց քվեն կը վաճառեն, հետո ալ հաւանաբար դրամով – կամ այլ անհատական շահագրգռությամբ – փողոց կ’իջնեն իշխանափոխություն պահանջելու համար:

    Այդ երկրում եթէ արծաթէ ափսէի վրայ մարդուս կառավարական պաշտօն հրամցնէին, եթէ խելք ունի, կը մերժէ: Մեր ժողովուրդը հատկապէս անկառավարելի է: (Հենց այդ պատճառով ալ պաշտօնի վրայ են մեծ թիւով անատակ անձեր…)

  2. Ruben says:

    «Փաստեր ունեք, դիմեք իրավապահներին»:
    Իրավապահներին վերաբերվող փաստեր ունեք, դիմեք դատախազին:
    Դատախազին վերաբերվող փաստեր ունեք, դիմեք դատավորին:
    Դատավորին վերաբերվող փաստեր ունեք, դիմեք նախագահին:
    Նախագահին վերաբերվող փաստեր ունեք, դիմեք Պուտինին:
    Եթե դա էլ չօգնի՝ խաչ քաշեք վրեքդ:
    Դա էլ չօգնի՝ փախեք սփյուռք:
    Կամ էլ…

  3. Լավատես says:

    Ասենք թե մեր նախագահը խելքը թռցրել է ու որոշել է հասարակ քաղաքացու կենսակերպով ապրել՝ նախապես մանրամասն զգուշացնելով իր անվտանգության աշխատակիցներին, սրանք էլ բոլոր այն աշխատողներին, որոնք պետք է նախագահին սպասարկեն, թե ո՞ւր եւ ինչ է պատրաստվում անել։ Բնական է, այդ սպասարկող պետական համակարգը կաշխատի լավագույնս սպասարկել նախագահին, դե նախագահս էլ այդ վերաբերմունքը պետք է դարձնի հստակ աշխատող Օրենք պետական սպասարկողի համար՝ այն պետական սպասարկողը, ով հասարակ քաղաքացուն որպես Նախագահի չսպասարկեց, դրան քմկին տան ու դուրս շպրտեն պետական պաշտոնից։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031