Նախկինում Իջեւան քաղաքի շուկայի մոտ, ավտոմեքենաների եւ հետիոտների տեղաշարժը կանոնակարգված չէր, ինչի հետեւանքով միջպետական ավտոճանապարհի այդ հատվածում հաճախ խցանումներ էին առաջանում:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի նախաձեռնությամբ Իջեւանի շուկայի դիմաց մեքենաների երթեւեկն ապահովելու համար արգելապատնեշ տեղադրվեց, ինչը նվազեցրեց խցանումները: Սակայն հետիոտների անցման համար նախատեսված տեղով բնակիչները մեկ-մեկ հատելով միջպետական ճանապարհը՝ խոչընդոտներ են ստեղծում մեքենաների երթեւեկի համար:
Տարեմուտից առաջ Տավուշի մարզպետի ասուլիսի ժամանակ մարզի ղեկավարին հարցրինք՝ հնարավոր չէ՞ այդ տեղում լուսաֆոր տեղադրել, որպեսզի հետիոտների կողմից փողոցի հատումը կանոնակարգված լինի:
Կարդացեք նաև
Մարզպետն ասաց, որ նախագծային-նախահաշվային աշխատանքներ են կատարվել, որպեսզի տվյալ հատվածում 2017 թվականի ընթացքում հետիոտների ստորգետնյա կամ վերգետնյա անցում կառուցվի: Ճանապարհը համապատասխանում է չափանիշներին, որպեսզի արգելապատնեշի երկարությունը ավելացվի:
Հովիկ Աբովյանն ասաց, որ հետիոտների եւ մեքենաների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով նախատեսվում է երկարացնել արգելապատնեշը եւ հետիոտնի վերգետնյա անցում կառուցել, կամ կառուցել հետիոտների ստորգետնյա անցում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ