Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ ընտրություններում, մականունավոր գործարարների մրցակցություն է լինելու»

Հունվար 16,2017 22:22

Ապրիլի երկուսին նախատեսված ԱԺ ընտրություններում, քաղաքագետ Արմեն Բադալյանի վերլուծությամբ, մականունավոր գործարարների մրցակցություն է լինելու:

«Առաջ նրանք գումար էին բաժանում իրենց ընտրատարածքներում, հիմա ընտրատարածքները մեծացել են եւ մեկը մյուսի ընտրատարածքում էլ պետք է գումար բաժանի, դա խնդիր է ստեղծում: Հիմա այս մրցակցությունն է գնալու նրանց միջեւ»,- Aravot.am-ին ասաց քաղաքագետը.

«Բայց ամենակարեւոր հարցը սա է՝ գործարարը գնում է ԱԺ՝ որ ինչ անի, նախարար դառնալու երաշխիք չունի, որովհետեւ վարչապետը նախարարներ բերեց ուրիշ մարդկանց, գնում է աշխատավարձի՞ համար, գործարար կա, որ ամսական ավելի շատ եկամուտ ունի, քան՝ պատգամավորը, այնպես էլ, չէ, որ պատգամավոր են դառնում բիզնեսի անվտանգության համար, որովհետեւ մեր աչքի առջեւ գոնե երկու գործարարի բիզնեսները վարի տվեցին. մեկը ֆուտբոլի դաշտ էր, մյուսը՝ գարեջրի գործարան, երկուսն էլ պատգամավոր էին»,- ասաց քաղաքագետը:

Նա մեկ առ մեկ վերլուծեց քաղաքական ուժերի քարոզարշավային մեկնարկը: Ըստ նրա, ՀԱԿ-ի քարոզարշավը սկսել է տարեվերջի համագումարով, եւ քարոզարշավի հիմքում ղարաբաղյան ծրագիրն է. «Որոշակի կետերի հետ համաձայն չեմ, որ ԼՂ հարցն է խանգարում ՀՀ տնտեսական զարգացմանը, այո՛, ինչ-որ չափով խանգարում է, բայց արտագաղթը պատճառաբանել դրանով, համաձայն չեմ, որովհետեւ կա սոցիալտնտեսական պայմաններ, ի վերջո, Արցախը չէ մեղավոր, որ այստեղ մենաշնորհներ կան, ներդրողները մանր ու միջին վերանում են»:

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների «Ելք» Դաշինքին՝ պարոն Բադալյանը քննադատությունը սկսեց նախ անունից. «Ի դեպ, անունը՝ «Ելք», անտրամաբանական է, ուղղություն ցույց չտվող է, փաստորեն, այդ Դաշինքը դարձավ տեխնիկական Դաշինք»:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ըստ քաղաքագետի, սպասում են Գագիկ Ծառուկյանին, որովհետեւ. «Գագիկ Ծառուկյանի հետ ԲՀԿ-ն այլ բարգավաճ է, իսկ առանց Գագիկ Ծառուկյանի՝ այլ բարգավաճ:

Մյուս ուժերն էլ դեռ բանակցում են: Սա նորմալ երեւույթ չէ էլի, երբ փետրվարի վեցին պետք է փաստաթղթերը ներկայացնես, բայց դեռ բանակցում ես: «Ժառանգությունն» ընդհանրապես անորոշ է, մեկը մի տեղ է գնում, մեկն ուրիշ տեղ է ուզում գնալ, մեկը ընդհանրապես չի մասնակցում, մեկն առանձին է մասնակցում: Երբ կուսակցության ղեկավարը ամիսներով բացակայում է հանրապետությունից, այդ կուսակցության վիճակն այսպիսին է լինում»:

Պարոն Բադալյանը չի կարծում, որ եթե Ծառուկյանը չվերադառնա քաղաքականություն, նախկին ՊՆ նախարարը դաշտում խոշոր ֆիգուր կլինի. «Նրա գործոնը խիստ գերագնահատված է, հենց նրան պաշտոնից հանեցին, անմիջապես գրեց՝ ես մտնելու եմ քաղաքականություն: Դա, մեղմ ասած, գրագետ արտահայտություն չէր, որովհետեւ նա 2008-ից եղել է ՊՆ նախարար, իսկ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, նա քաղաքականություն է իրականացրել, եղել է քաղաքականության մեջ, նա քաղաքական իշխող ուժի քաղաքականությունն է իրականացրել ՊՆ ոլորտում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031