Այսօր Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ Թումոյի և ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ ծրագրի առաջին գործնական հանդիպումը:
Այս համագործակցությունը հայկական բանակի զինծառայողներին հնարավորություն կտա ծառայության ընթացքում ուսանել Թումոյի կրթական ծրագրով։ Զինվորները ձեռք կբերեն հմտություններ համակարգչային ծրագրավորման, ռոբոտաշինության, համակարգչային գրաֆիկայի և թվային երաժշտության ստեղծման ոլորտներում՝ այցելելով կենտրոններ շաբաթը երկու օր 18 ամիսների ընթացքում:
Հանդիպման արդյունքում քննարկվեցին ծրագրի իրականացման մանրամասները և ընտրվեց նախագծի մեկնարկի օրը՝ փետրվարի 20-ը: Ծրագրի պիլոտային տարբերակը կմեկնարկի Թումո կենտրոնների մոտակայքում գտնվող զորամասերի զինվորների համար և սկզբնական տարբերակում կտևի 8 ամիս: Ծրագիրը հարմարեցված կլինի տարբեր կրթական աստիճանի և մասնագիտական կողմնորոշման զինվորների համար: Նախատեսված է գալիք տարիների ընթացքում ծրագիրն ընդարձակել և հասանելի դարձնել Հայաստանի բոլոր ժամկետային զինծառայողների համար:
Կարդացեք նաև
Բանակում ծառայելը հաճախ ենթադրում է դադար երիտասարդ տղամարդու մասնագիտական աճի ճանապարհին՝ դպրոցը ավարտելուց հետո համալսարանական կրթության կամ աշխատանքի անցնելու փուլում: Սակայն բանակային պայմանները երիտասարդների համար նաև յուրահատուկ կրթական միջավայր են ստեղծում, որտեղ նվիրված ծառայության և շեղող հանգամանքների բացակայության պայմանները կարող են ուսումը հատկապես արդյունավետ դարձնել: Թումոյի ճկուն և կիրառական կրթական ծրագրի առաքելությունն է լրացնել ֆորմալ կրթությունը։ Ստեղծարարություն զարգացնող և տեխնոլոգիաների ոլորտում վարպետացնող ինտենսիվ դասընթացներ առաջարկելով՝ մենք հույս ունենք նպաստելու բանակում ծառայող հայ երիտասարդների մրցունակության բարձրացմանը թե՛ ծառայության ընթացքում, և թե՛ զորացրվելուց հետո։ Թումոյի ծրագիրը կօգնի բացահայտել երիտասարդների ներուժը, ովքեր այլ դեպքում կարող էին չունենալ հնարավորություն գտնելու և զարգացնելու իրենց հետաքրքրությունները՝ ֆորմալ կրթական համակարգից դուրս։
«Մենք շատ ուրախ ենք, որ հնարավորություն ունենք Թումոյի ուսումնական ծրագիրը հասցնել այս երիտասարդներին», – նշում է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազեանը, – «Այն ուսանողները, ովքեր Թումո են հաճախել նախքան զինծառայությունը, կկարողանան շարունակել իրենց Թումո փարձառությունը՝ միաժամանակ ծառայելով առաջնագծում: Իսկ ինչը ավելի կարևոր է՝ այն զինծառայողները, ովքեր նախկինում հնարավորություն չեն ունեցել Թումոյի ուսանողներ դառնալու, այժմ կկարողանան ձեռք բերել 21-րդ դարի հմտություններ ու բացահայտել նոր հորիզոններ իրենց անձնային զարգացման համար: Համոզված եմ՝ նրանցից շատերը նոր ոգեշնչում կգտնեն քաղաքացիական կյանքում իրենց ապագա կրթության և կարիերայի կառուցման համար»:
ԹՈՒՄՈ հաղորդակցման թիմ