Հունվարի 13-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանն աշխատանքային այց է կատարել Լեհաստանի Լոձի մարզի Սկիրնևիցե համայնք` համայնքի կազմավորման 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին մասնակցելու նպատակով: Դեսպան Ղազարյանը մասնակցել է այդ առթիվ հրավիրված համայնքային խորհրդի հատուկ նիստին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:
Իր ելույթում դեսպան Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Սկիրնևիցեի համայնքային իշխանություններին` արդյունավետ համագործակցության համար, ինչի արդյունքում 2016 թվականի մարտին հնարավոր դարձավ կազմակերպել «Հայաստանի օրեր» խորագրով միջոցառումները և «Հայաստանի մշակույթը և արվեստը» նկարչական մրցույթը, որի շրջանակներում Գլուխովի տարածաշրջանային քոլեջի մի խումբ ուսանողներ և մանկավարժներ 2016թ․ այցելեցին Հայաստան և հյուրընկալվեցին ՀՀ Վայոց ձորի մարզի տարածաշրջանային քոլեջի կողմից:
Դեսպան Ղազարյանը նշեց նաև, որ 2017 թվականը հոբելյանական է հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների հաստատման և Լեհաստանի հայ համայնքի կազմավորման առումով` ներկաներին հրավիրելով մասնակցել դեսպանության և գործընկեր կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումներին:
Նույն օրը Սկիրնևիցե համայնքի խորհրդի կողմից համայնքի կազմավորման 150-ամյակի առթիվ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը պարգևատրվել է «Վաստակի համար» անվանական մեդալով, որը նրան հանձնեցին Սկիրնևիցեի համայնքի ղեկավար (ստարոստա) Միրոսլավ Բելինան և համայնքային խորհրդի նախագահ Թերեզա Յեդրաշեկը:
Կարդացեք նաև
Տեղեկանք․ «Վաստակի համար» մեդալը Սկիրնևիցեի համայնքի բարձրագույն պարգևներից է, որով պարգևատրվել են նաև ԼՀ Նախագահ Անջեյ Դուդան, ԼՀ Սեյմի պատգամավոր Դորոտա Ռուտկովսկան, համայնքի խորհրդի ներկա և նախկին անդամներ, ղեկավարներ և համայնքի կյանքում նշանակալի դերակատարում ունեցած մի շարք այլ գործիչներ:
ՀՀ ԱԳՆ