Երեւանի ավագանու անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն Aravot.am-ի հետ զրույցում հիմնավորեց «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալու որոշումը:
«Ես «Ժառանգությանն» անդամակցել եմ որպես արեւմտամետ արժեքներ ունեցող եւ ՀՀ-ն այդ ուղղությամբ տանող քաղաքական ուժի: Այսօր եւ մեկ տարի առաջ էլ «Ժառանգության» քննարկումներն այնպիսի քաղաքական ուժերի հետ են եղել, որ լուրջ կասկածի տակ է դրվել արեւմտամետ գիծը: Ես ուղղակի ինձ անհամատեղելի եմ համարում այդ ուղղության՝ ռուսական ուղղության հետ»,-մեզ հետ զրույցում ասաց տիկին Բախշյանը:
Նա ընդգծեց, որ «Ժառանգությունն» այժմ բանակցում է, օրինակ, Վարդան Օսկանյանի եւ Սեյրան Օհանյանի հետ: «Նրանք ռուսական ուղղություն կրող մարդիկ են, հատկապես Սեյրան Օհանյանը: Ես այդ ուղղվածությունը չեմ ուզում ինձ վրա ընդունել, նրանց հետ «ոտք գցել» էլ չեմ ուզում: Եթե «Ժառանգությունը» գնում է այդ ուղղությամբ, ես չեմ գալիս եւ չեմ ուզում որեւէ կուսակցության անդամ լինել»,-եզրափակեց Անահիտ Բախշյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ