«Դա իրավապահ մարմինների լուծելիք հարցն է: Եթե նա պնդում է, որ էլի ինչ-որ խնդիրներ կան, գուցե լրացուցիչ հանգամանքնե՞ր ներկայացվեն քննչական ծառայությանը: Դա արդեն մեր իրավասությունից դուրս է, խոսքը հանցագործության մասին է»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վահան Բադասյանի՝ Մովսես Հակոբյանին հասցեագրված չարաշահումների մասին ահազանգին՝ ասաց ՊՆ բարեվարքութան եւ կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանը:
Թե արդյո՞ք ՊՆ գնումների գործընթացում կոռուպցիոն ռիսկերը բացառված են, Ալիկ Ավետիսյանի խոսքով՝ առհասարակ, աշխարհում չկա մի տեղ, որտեղ որեւէ բան կարող է ամբողջությամբ բացառված լինել. «Առավել եւս մի ոլորտում, որտեղ կարող են լինել հետաքրքրություններ: ՊՆ-ում տեխնիկական հնարավորությունների զարգացման եւ վերահսկողության մեծացման միջոցով արված աշխատանքները միտված են նրան, որ կոռուպցիոն ռիսկերը հասցված լինեն նվազագույնի»:
Մեր զրուցակիցը նաեւ հիշեցրեց, որ ՊՆ-ն արդեն ունի թեժ գծի հնարավորություն, եւ յուրաքանչյուրը կարող է ահազանգել կոռուպցիոն դրսեւորումների մասին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ