Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեյրան Օհանյանի ազատագրած 800 հազար հեկտարն ինչո՞ւ աչք չեք կոխում». Ամարասի Արթուր

Հունվար 16,2017 17:55

«Ամարաս» ՀԿ-ի հիմնադիր, Արցախյան պատերազմի վետերան Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր) հայտարարեց, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ինչ ձևաչափով հանդես գա ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, իրենք աջակցելու են նրան: Պարոն Ալեքսանյանը տեղեկացրեց, որ ընտրություններին որպես կուսակցություն չեն մասնակցելու, այլ մնալու են որպես հասարակական կազմակերպություն:

Սեյրան Օհանյանի հասցեին հնչող քննադատություններին ի պատասխան «Հայելի» ակումբում պարոն Ալեքսանյանը վրդովվեց, թե այլևս չեն պատրաստվում հարձակումները հանդուրժել. «Ես, Սեյրան Օհանյանը կամ մեր զինակիցները նախկին պաշտպանության նախարարության աշխատողներ ենք եղել, ծառայության ենք եղել, բայց դա չի նշանակում, որ անընդհատ ձեր հարձակումը պետք է հանդուրժել: Մեր մոտեցումն այժմ պաշտպանողական չէ, մենք մտել ենք դաշտ, որ հարձակվենք, նոր բարձունքներ նվաճենք հանուն ազգի: Ինչ բացթողումներ եղել են, եղել են, դա չեմ ուզում մատի փաթաթան դարձնենք: Պետք է առաջ գնանք»:

Մարտի 1-ը Սեյրան Օհանյանի անվան հետ կապելը պարոն Ալեքսանյանը ևս ճիշտ չի համարում. «Էվոլյուցիան առանց մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի չի կարող լինել: Իհարկե, ցավալի է, որ նման դեպքեր են տեղի ունեցել, բայց առանց նման բաների առաջ գնալ չենք կարող, դա փորձություն է մեզ համար: Ուստի փորձառու մարդիկ պետք է մեջտեղ գան, որ կարողանանք առաջ գնալ: Հերիք է, մի քիչ էլ դուք զիջող եղեք, ձեռք բռնեք: Մենք դրա համար ենք ուզում համախմբել ազգը: Եթե վատ գաղափար ենք առաջարկում, թքեք մեր երեսին, եթե լավն է, ձեռք տվեք, միասին առաջին գնանք»:

Ի պատասխան որպես քննադատական երևույթ լրագրողները կրկին օրինակ բերեցին Սեյրան Օհանյանին և հարց բարձրացրին` ինչո՞ւ իշխանության մեջ գտնվելով` նա չէր մատնանշում թերությունները, ու միայն պաշտոնը թողելուց հետո է նման քննադատությամբ հանդես գալիս: Ամարասի Արթուրն արձագանքեց. «Որպես նախկինում պետական աշխատող` մի բան ասեմ. զինվորը երբեք հրաման չկատարել չի կարող, որ օրը չկատարեց, դուռը կբացեն կճանապարհեն: Երկրորդը, եթե այդքան Սեյրան Օհանյանի անցյալով հետաքրքրված եք, ապա ինչո՞ւ չեք հիշեցնում, որ նույն Սեյրան Օհանյանը 1992-94-ին շտաբի պետն է եղել Ղարաբաղի, ու ինչ որ գրավել ենք, ինքն է կազմակերպել, մշակել, ութ հարյուր հազար հեկտարը, որ ազատագրել է, ինչո՞ւ աչք չեք կոխում»: Պարոն Ալեքսանյանը, դիմելով լրագրողներին, նշեց, թե «կարո՞ղ եք` իրենից անբասիր մեկին առաջարկեք»:

«Միացյալ Հայաստան» շարժման անդամ, Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը հայտարարեց, թե Սեյրան Օհանյանը դուրս է եկել համակարգից, քանի որ ունեցել է անհամաձայնություն. «Եթե Սեյրան Օհանյանն ընդուներ համակարգում իր ծառայության արդյունավետությունը, գտներ, որ կարելի է այդպես շարունակել, դուրս չէր գա: Դուրս գալն ու այլընտրանք առաջարկելը ցույց է տալիս, որ նրա դուրս գալը կապված էր անհամաձայնության հետ, որ նա համաձայն չէր մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի հետ»:

Բանախոսներն ամեն կերպ փորձեցին արդարացնել Սեյրան Օհանյանին` պնդելով, թե «հայկական բանակը հաղթել է, Սեյրան Օհանյանն այդ հաղթողներից մեկն է»: Հարցին` ունե՞ն տեղեկություններ, որ Սեյրան Օհանյանն ինքն է դուրս եկել համակարգից, այլ ոչ թե նրան հեռացրել են ու այն դիտարկմանը, թե արդյոք պատահակա՞ն էր այն, որ նրան պաշտպանության նախարար նշանակեցին հենց 2008-ի մարտի 1-ից հետո, գուցե կրակի հրամանը կատարելու համա՞ր, պարոն Ալեքսանյանն արձագանքեց. «Այդ ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը պատրաստվում էր նախագահական ընտրությունների, հետևաբար իրեն պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինող միակ մարդը Սեյրան Օհանյանն էր»:

Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին` պարոն Ալեքսանյանը տեղեկացրեց, որ բացի Դաշնակցությունից և ՀՀԿ-ից բոլոր ուժերն էլ իրենց հետ համագործակցում են. «Սիրով ուզում են, որ մեր ծրագրային դրույթները ներառեն իրենց ընդհանուր ծրագրերի մեջ»: Հարցին հնարավո՞ր է ընդգրկվեն այս կամ այն ուժի նախընտրական ցուցակում, պարոն Ալեքսանյանը նշեց, թե չի կարծում, որ ցուցակում ընդգրկվեն: Պարոն Արշակյանն էլ կես կատակ կես լուրջ ասաց, թե «լավ առաջարկություն լինի, կընդգրկվենք ցուցակում»:

Դիտարկմանը, թե համացանցում Սեյրան Օհանյանի կինն է տանում նրա քարոզչությունը, արդյոք դա չի՞ վնասի նրա վարկանիշին, պարոն Ալեքսանյանն արձագանքեց, թե տեղյակ չէ, նման հարցերով տեղեկությունների չեն տիրապետում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031