Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե 20 տարի նստած եմ եղել…». քննվում է Վ. Սիրադեղյանի գործով ցմահ ազատազրկման դատապարտվածի բողոքը

Հունվար 16,2017 17:39

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր հետաձգվել է սպանությունների, զինված բանդայի կազմավորման համար ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի պաշտպանի բողոքի քննությունը՝ դատախազի ներկա չլինելու պատճառով:

Հիշեցնենք, որ նա ցմահ ազատազրկման է դատապարտվել ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գործի շրջանակում:

Տեր-Սահակյանի պաշտպան, փաստաբան Էմին Բեգլարյանն Aravot.am-ին մանրամասներ հայտնեց բողոքի բովանդակության հետ կապված: «Որպեսզի Տեր-Սահակյանը վաղաժամկետ պայմանական ազատվի, պետք է ունենա «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դրական եզրակացությունը: Նա դիմել է ՔԿՀ-ի պետին, որպեսզի վերջինս այդ հարցի հետ կապված միջնորդագիր ներկայացնի դատարանին: Միջնորդագիրը ներկայացվում է այն դեպքում, երբ դատապարտյալը որոշակի չափորոշիչներին համապատասխան վարքագիծ է դրսեւորում պատիժը կրելու ընթացքում: Արմեն Տեր-Սահակյանի դիմումը ՔԿՀ պետը, տվյալ դեպքում՝ հանձնաժողովը, ոչ թե մերժել են, այլ մեկ տարով հետաձգել՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ է դատապարտյալի հետ անցկացնել սոցիալական-հոգեբանական-իրավական բնույթի աշխատանքներ»,-ասաց Էմին Բեգլարյանը:

Նա ընդգծեց, որ տվյալ դեպքում խոսքն այն դատապարտյալի մասին է, որն արդեն քսան տարի է՝ պատիժ է կրում. «Եթե ՔԿՀ-ն քսան տարում չի հասցրել այդ աշխատանքները կատարել, ապա ինչպե՞ս է հիմնավորում, որ դա կհասցնի կատարել մեկ տարում, որից չորս ամիսն արդեն իսկ անցել է: Մենք էլ ՔԿՀ-ի՝ Տեր-Սահակյանի դիմումը հետաձգելու մասին որոշումը բողոքարկել ենք Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որը մերժել է մեր բողոքը: Հիմա էլ այդ մերժումն ենք բողոքարկում»:

Թե ինչպիսին է գործընթացի շուրջ Արմեն Տեր-Սահակյանի կարծիքը, պաշտպանի փոխանցմամբ՝ նա էլ է նույնը պնդում՝ ասելով. «Եթե քսան տարի նստած եմ եղել…եթե քսան տարում այդ աշխատանքները չեք իրականացրել, ո՞րն էր պատճառը»: Ըստ Էմին Բեգլարյանի, սպառիչ պատասխան չի տրվում այդ հարցին:

Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 3-ին, ժամը 15:00-ին, Վերաքննիչ քրեական դատարանում:

Հավելենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող Արմեն Տեր-Սահակյանը դադարեցրել է հացադուլը. առողջական խնդիրներ ունի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031