ՀՀԿ Շիրակի մարզի վարկանիշային ցուցակը գրեթե պատրաստ է, արդեն իսկ հայտնի են այն 15 անձինք, որոնք առաջադրվելու են այս տեղանքից: Վարկանիշային ցուցակով կառաջադրվեն Շիրակի նախկին մարզպետ, նախագահի վերահսկողական ծառայության պետ, գեներալ Ֆելիքս Ցոլակյանը, որն, ի դեպ, իր ուսերին է վերցրել կազմակերպչական բազմաթիվ հարցեր. ՀՀԿ ցուցակը կազմելը վստահվել է նրան, ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, պատգամավոր Արման Սահակյանը, նախկին ԲՀԿ-ական, Գյումրիից ընտրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:
Ցուցակում կան նաեւ Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանի, ինչպես նաեւ Սամվել Բալասանյանի կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի անունները: Նշենք, որ վերջինս դեռ մեկ ամիս առաջ նախընտրական շտաբ է բացել իրենց տան մոտ:
ՀՀԿ վարկանիշային ցուցակով կառաջադրվեն նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ֆարզադյանը, Շիրակի ԳԳՄ տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Վահան Գասպարյանը, «Շիրակի ջրմուղկոյուղու» օրերս աշխատանքից ազատված տնօրեն Վարդան Մարտիրոսյանը:
Ցուցակում հնարավոր են փոփոխություններ, օրինակ՝ չի բացառվում, որ Վարդան Մարտիրոսյանը պաշտոնը լքելուն զուգահեռ հեռացվի նաեւ ցուցակից: Վերջին հաշվով գազի, լույսի, ջրի մարդկանց ցուցակ ընդգրկելու իմաստը ձայներ ապահովելն է: Նախնական ցուցակում կա նաեւ Արթիկի նախկին քաղաքապետ Խաչատուր Վարագյանի անունը:
Կարդացեք նաև
Նշենք, որ ըստ մեր տեղեկությունների, ՀՀԿ-ում որոշակի տարաձայնություններ ու վիճաբանություներ եղել են այս կամ այն թեկնածուի առաջադրման հետ կապված, մասնավորապես Շիրակի մարզի ՀՀԿ կառույցում դեմ են եղել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի՝ Չինաստանում կրթված կրտսեր որդու առաջադրմանը:: Փողատեր ու արտերկրյա կրթություն ունեցող երիտասարդի առաջադրումը կարծես խառնում է խաղաքարտերը: Բանը հասել է նրան, որ անգամ առաջարկել են բացարձակապես ճանաչում չունեցող որդու փոխարեն առաջադրվի հենց հայրը:
Նշենք նաեւ, որ ըստ որոշ տեղեկությունների, որոշակի լարվածություն արդեն իսկ նկատելի է ՀՀԿ վարկանիշային ցուցակով առաջադրվողների միջեւ , օրինակ՝ Արման Սահակյանի ու Սամվել Բալասանյանի ընտանիքի, Արման Սահակյանի ու Մարտուն Գրիգորյանի, Ֆելիքս Ցոլակյանի ու Սամվել Բալասանյանի ընտանիքի: Առաջադրվողները շատ են, սակայն նրանցից շատ քչերն են գնալու խորհրդարան, առնվազն 3-4-ը, հետեւաբար կա ներքին պայքար կուսակիցների միջեւ:
Ընտրական նոր օրենսգրքով ակամա լարվածություն է ստեղծվում կուսակիցների ու թիմակիցների միջեւ, միմյանց դեմ են դուրս գալիս անգամ մոտ ընկերները: Օրինակ՝ որպես բազմաթիվ աշխատակիցներ ունեցող, մեծ կառույցի ղեկավարի՝ ՀՀԿ վարկանիշային ցուցակով հարկադրել են իր թեկնածությունն առաջադրի նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ֆարզադյանին, որը, սակայն, մտերիմ է Սուքիաս Ավետիսյանի հետ:
ՀՀԿ-ականները, ըստ մեր տեղեկությունների, բավական երկար փնտրտուքների մեջ են եղել կին թեկնածուների առաջադրման հետ կապված: Ինչպես հայտնի է՝ Ընտրական նոր օրենսգրքով, յուրաքանչյուր չորրորդ թեկնածուն կին պետք է լինի: ՀՀԿ-ն Շիրակի մարզում այս պահին ունի երեք կին թեկնածու, նրանցից մեկը Ջեմմա Հարությունյանն է, որը վերջերս է ընտրվել Ամասիայի խոշորացված համայնքների գյուղապետ, բավական մեծ լծակներ ունի ի շնորհիվ ամուսնու՝ «Աշոցքի-Ճանշինի» տնօրեն Մարսել Կարապետյանի: Ի դեպ, վերջինիս եղբայրները մեծ ունեցվածքի տեր մարդիկ են, Շիրակի մարզում բավական թանկ գներով կաթնամթերք վաճառող «Բանդիվան» կաթնամթերքի գործարանը Կարապետյան ընտանիքին է պատկանում, եղբայրներից մեկն էլ Երեւանի «Անի» հյուրանոցի սեփականատերն է:
ՀՀԿ-ում շիրակցի կանանց մուտքը խորհրդարան բացառում են, սակայն ընտրել են այնպիսի անձանց, որոնք կկարողանան ձայն բերել կուսակցությանը: ՀՀԿ վարկանիշային ցուցակի հաջորդ կին թեկնածուն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնացյանի դուստրն է՝ Ազգանուշ Մնացյանը, որը Ազատանի մանկապարտեզի տնօրենն է, նրա ամուսինը ֆերմեր է: Նրանք նույնպես մեծ ծանոթություններ ունեն: Երրորդ կին թեկնածուն Գյումրու թիվ 11 դպրոցի անգլերենի ուսուցչուհի Լուսյա Կարապետյանն է, որը մեծ ծանոթություններ ունի աշակերտների ծնողների շրջանակում:
Շիրակի մարզի ՀՀԿ կառույցից իրենց նախնական ցուցակի հետ կապված մեր տեղեկությունները հաստատեցին, սակայն խոստացան այս թեմայով պարզաբանումներ տալ հաջորդ շաբաթ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ