Էլազըղում (պատմական Խարբերդ) գտնվող հայկական Սուրբ Գևորգ վանական համալիրը անմխիթար վիճակում է: Թուրքական «Evrensel.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Էլազըղի Շահինքայա գյուղում գտնվող համալիրի բոլոր կառույցներն ավերվել են: Ներկայումս կանգուն է միայն մի կիսավեր եկեղեցի, որի սյուները ճաքել են, իսկ կառույցի ներսն ուղղակի տակնուվրա է արված:
6-րդ դարի այս վանական համալիրը նախկինում ունեցել է իր եկեղեցին, բաղնիքը, որբանոցը, գերեզմանատունը: Այն զբաղեցրել է գյուղի վերին հատվածում գտնվող բավական ընդարձակ մի տարածք: Սուրբ Գևորգ համալիրն իր կառուցման օրից հարյուրավոր սաներ է ունեցել: Իսկ Հայոց ցեղասպանությունից հետո երկար ժամանակ ապաստան է տվել այստեղ եկող գաղթականների անվերջ հոսքին:
«Միություն և առաջադիմություն» (İttihat ve Terakki) կուսակցության ժամանակաշրջանում վանական համալիրը հանձնվել է Բիթլիսից եկած զինվոր Սադըք Էքրեմին: Էքրեմն ու իր զինվորները անխնա փորփրել են համալիրի տարածքը՝ գանձեր գտնելու հույսով: Տեղացիների խոսքով՝ վանական համալիրը տարբեր ժամանակներում պարբերաբար ենթարկվել է գանձախույզների հարձակումներին, ինչի հետևանքով անխնա ավերվել է:
Գյուղի բնակիչների վկայությամբ՝ մինչև 1990-ական թվականները եկեղեցու պատերին եղել են հսկա խաչեր և մի ձիավորի պատկեր, որոնք այնուհետև անհայտ անձանց կողմից առանց պատճառի քանդվել, ոչնչացվել են:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.am-ի կայքում