Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է Գեւորգ Սաֆարյանը իր մյուս այտը դեմ տվել իրեն հայհոյող ոստիկանին. Աստվածաշնչից մեջբերումներ՝ դատին (Տեսանյութ)

Հունվար 16,2017 17:02

Ինչպես տեղեկացրել ենք,  այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տոնածառի հայտնի գործով դատական նիստին «Նոր Հայաստան» միավորման անդամ, քաղաքացիական ակտիվիստ, ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանը պաշտպանական ճառով հանդես եկավ:

Սաֆարյանի ճառից հետո մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը հանդես եկավ ռեպլիկով: Հիշեցենք, որ նա Գեւորգ Սաֆարյանի համար պահանջել էր 2.5 տարի ազատազրկում:

Հիշեցնենք, որ 2015-ի դեկտեմբերի 31-ին շարժման անդամները այլընտրանքային տոնածառ էին փորձել տեղադրել Ազատության հրապարակում, ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ միջադեպ էր եղել: Գեւորգ Սաֆարյանը կալանավորվել էր՝ ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, կապիտան Գեղամ Խաչատրյանին հարվածելու եւ վնասվածք պատճառելու մեղադրանքով:

Մեղադրող դատախազն ասաց, որ ոստիկանների ներկայացրած տեսագրություններում հայհոյանքները լսելի են, իսկ պաշտպանական կողմի ներկայացրած տեսագրությունները մոնտաժված են: Նա հերքեց, որ ոստիկանները հայհոյել են:

Գեւորգ Սաֆարյանն իր ճառում հիշեցրել էր, որ Գեղամ Խաչատրյանն իր ցուցմունքում խոստովանել էր, որ տեսագրությունում հայհոյողը ինքն է: Մեղադրող դատախազն արդարացրեց ոստիկանին՝ ասելով, թե դատարանում այդ պոռթկումը մի ընդունեք, որ դա բացարձակ ճշմարտություն է:

Նիստերից մեկում Գեւորգ Սաֆարյանն ասել էր, որ ոստիկաններն անձամբ իր նկատմամբ ունեն գրեթե ատելություն, իսկ Գեղամ Խաչատրյանի կողմից կա հատուկ վատ վերաբերմունք: Իր պաշտպանական ճառում նա մեջբերեց Գեղամ Խաչատրյան ֆեյսբուքյան էջի գրառումները, որտեղ իրենց անվանել էր կապիկներ: Մեղադրող դատախազն անդրադառնալով դրան՝ ասաց, որ Գեղամ Խաչատրյանը կապիկներ ասելով իրեն նկատի չի ունեցել. «Գեղամ Խաչատրյանը չի ասել, որ իր նկատմամբ թշնամանք կամ հատուկ վերաբերմունք ունի: Թե նախկինում ֆեյսբուքում ինչպես են հարաբերվել, ով ինչ է գրել, ինչ է պատասխանել եւ մյուսը ինչպես է հակադարձել, բայց երբ Գեւորգ Սաֆարյանը հայտարարում է, որ տուժողը խրոխտ Հուլիոս Կեսարի կեցվածքով է հայտարարում, հարց է առաջանում՝ եթե այդ անձնավորությունը ամբաստանյալի հասցեին ժամանակ առ ժամանակ տվել է վիրավորանքներ, ապա աստվածաշնչյան կանոնից ելնելով՝ մյուս կողմը երեւի մյուս ա՞յտն է դեմ արել, որ նորից հայհոյեր»:

Դահլիճում ծիծաղ առաջացավ: Ռեպլիկներ հնչեցին դատախազին, թե՝ խճճվել եք, էլ մի շարունակեք:

Ընդհանրապես դատախազի ողջ ելույթի ընթացքում դահլիճից անընդհատ ռեպլիկներ էին հնչում, թե «ամո՜թ , լավ էլի, մի՛ խոսա գոնե»: Դատավորը ռեպլիկ անող կանանցից մեկին դուրս հրավիրեց: Կինն արդարացավ, թե «ախր չեմ դիմանում, ձեր ներվերը ո՞նց է դիմանում»: Դատավորը նաեւ զգուշացրեց դահլիճում ակտիվ մյուս կանանց:

Ըստ դատախազի, Գեւորգ Սաֆարյանին առաջադրված մեղադրանքը հիմնավոր է, ուստի նա պնդեց մեղադրանքը:

Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն իր ճառում ասաց, որ Գեւորգ Սաֆարյանը քաղբանտարկյալ է, իշխանությունները դրա համար հալածում են նրան, չեն ընդունում, իշխանությունների համար գլխացավանք առաջացնող քաղաքական գործիչ է. «Բնականաբար, Գեւորգ Սաֆարյանին պետք է որեւէ պատրվակով առանձնացնեին եւ նրա գործունեությունը սահմանափակեին»:

Այն, որ մեղադրող դատախազն անդրադարձավ հենց Գեղամ Խաչատրյանի հայհոյելուն, ուրախացրել էր պաշտպանին: Նրա խոսքերով՝ վերջապես իրավապահ մարմինները հասկացան, որ հայհոյելու հանգամանքը շատ կարեւոր հանգամանք է. «Ոստիկանին վայել չի ՀՀ քաղաքացիներին ամանորյա գիշերը այդպիսի հայհոյանքներ հղել եւ դա ձեւակերպել՝ որպես ծառայողական պարտականությունների կատարում»:

Ըստ նրա, վերջապես ընդունվեց համակարգի կողմից, որ ոստիկանության գումարտակի հրամանատարը չի կարող նման կեցվածք ունենալ եւ մանկահասակ աղջիկների, կանանց ներկայությամբ հայհոյել:

Ինչ վերաբերում է դատախազի մեջբերած աստվածաշնչյան կանոնին, պաշտպանն իր զարմանքը հայտնեց, թե ինչո՞ւ չի կարող հայ քրիստոնյա քաղաքացին աստվածաշնչյան կանոնին ենթարկվել, ինչո՞ւ են այդքան վատ կարծիքի մեր քաղաքացիների մասին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031