Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թալիշի կորցրած դիրքերը նույնիսկ 1 վաշտ չի պաշտպանել, մեր 50 հոգու դեմ 12 վաշտ են հանել». Գեւորգ Սաֆարյան

Հունվար 16,2017 16:23

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տոնածառի հայտնի գործով դատական նիստին «Նոր Հայաստան» միավորման անդամ, քաղաքացիական ակտիվիստ, ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանը պաշտպանական ճառով հանդես եկավ:

Հիշեցնենք, որ 2015-ի դեկտեմբերի 31-ին շարժման անդամները այլընտրանքային տոնածառ էին փորձել տեղադրել Ազատության հրապարակում, ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ միջադեպ էր եղել: Գեւորգ Սաֆարյանը կալանավորվել էր՝ ոստիկան Գեղամ Խաչատրյանին հարվածելու եւ վնասվածք պատճառելու մեղադրանքով:

Իր ճառում Գեւորգ Սաֆարյանը մատնացույց արեց, որ վկաների, ոստիկանների ցուցմունքներն իրար հակասում են: Նա նշեց, որ վկաներից մեկը դատարանում պարզ հայտարարեց, որ ինքը իր գլխի հետ խնդիրներ ունի: Իսկ մարդ, որը գլխի հետ խնդիրներ ունի, չի կարող իր ցուցմունքն արժանահավատ լինել. «Անվտանգության աշխատակից Արմեն Վարդանյանն ասաց, որ երբ հայհոյանքի ձայները լսեցինք, գտնվում էինք անվտանգության սենյակի մեջտեղում, մյուս աշխատակիցն ասաց, որ մենք բոլորս տարբեր վայրերում էինք գտնվում, իսկ Արմեն Վարդանյանը առաջին հարկում էր: Ցուցմունքները համեմատում ենք, տեսնում ենք, որ այս մարդիկ տալիս են լրիվ իրար հակասող ցուցմունքներ: Հայհոյանքի ձայները լսելու հետ կապված վկաների ցուցմունքներում նույնպես կան բազմաթիվ հակասություններ: Ոստիկաններից մեկն ասում է, որ Գեղամ Խաչատրյանի հոնքի վնասվածքը չեմ տեսել, որովհետեւ հոնքի վերեւն էր, գտնվում էր գլխարկի տակ: Բա եթե գլխարկի տակ էր, գլխարկն էլ մինչեւ հոնքերը քաշած, Վահագն Ղազարյանը ո՞նց է տեսել վնասվածքը գլխարկի տակից»:

Գեւորգ Սաֆարյանը վիճարկեց նաեւ, որ ոստիկաններն իրենց ծառայողական պարտականություններն են կատարել: Նա մեջբերեց ոստիկանների ցուցմունքներից, ըստ որի, ոստիկաններից մեկը, որը տեսագրության մեջ պարզ երեւում է ինչպես է ոտքով հարվածում քաղաքացիներին, ասում է, թե իրեն հետեւից մեկը հարվածել է, շրջվել է ու ինքն էլ է դրա համար հարվածել. «Հարցնում ենք՝ բա որ հետեւից էին խփել, ի՞նչ իմացար ով է խփել, պատասխանեց, որ դեմս ով դուրս եկավ՝ խփեցի»: Ըստ Գեւորգ Սաֆարյանի, սա նույնպես խոսում է այն մասին, որ ոստիկանները դուրս են եղել իրենց ծառայողական պարտականություններից, եթե իրենց դեմը ով դուրս է գալիս՝ խփում են:

Նա հիշեցրեց, որ ոստիկանները ուժի պետք է դիմեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում, երբ որեւէ այլ միջոց չունեն. «Երբ ոստիկանը դահլիճում Հուլիոս Կեսարի հպարտ կեցվածքով հայտարարում է, որ ես հայհոյել եմ Գեւորգ Սաֆարյանին, ակնհայտ է, որ ոստիկանը դուրս է եկել իր ծառայողական պարտականություններից»:

Սաֆարյանը հիշեցրեց՝ «Ոստիկանության 4-րդ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում անվանել էր ինձ կապիկներ, հայհոյանքներ էր գրել, երբ հարցնում են՝ ինչի ես գրել, ասեց՝ ասեք, որ լավ եմ գրել: Հպարտացավ դատարանի դահլիճում, ասաց, որ լավ է գրել, որ քաղաքացուն հայհոյել է: Դրանից հետո հայտարարում են, որ ես ունեմ բացասական վերաբերմունք Գեղամ Խաչատրյանի նկատմամբ, այլ ոչ թե հակառակը»:

Գեւորգ Սաֆարյանն ընդգծեց մեղադրող դատախազի խոսքերը, որ Սաֆարյանը վտանգավոր է հասարակության համար: Նա հորդորեց հասարակությանը հարցնել՝ ինքը վտանգավո՞ր է, թե՞ ոչ. «3 պատգամավորի երաշխավորագիր կա, բոլոր ազդակները կան հասարակությունից, որ ինձ վտանգավոր չեն համարում»: Ըստ Գեւորգ Սաֆարյանի, ոստիկան Գեղամ Խաչատրյանն է վտանգավոր հանրության համար:

Նա հիշեցրեց, որ իր տաբատի վրա հետեւի գրպանի մոտ եղել է ոստիկանի կոշիկի հետքեր: Սա, Գեւորգ Սաֆարյանի խոսքերով՝ ցույց է տալիս, որ ոստիկանները փողոցային կռվի են դուրս եկել, ոչ թե կատարել են իրենց ծառայողական պարտականությունը՝ քաղաքացուն հարվածելով հետեւից:

Ըստ Գեւորգ Սաֆարյանի, իրենց հավաքը նախապես պլանավորած են եղել բիրտ ուժերով ցրել, տոնածառը կոտրել են: Իրենց 50 հոգի խաղաղ ցուցարարների դեմ ոստիկանները հանել են 12 վաշտ. «Թալիշի կորցրած դիրքերը նույնիսկ 1 վաշտ չի պաշտպանել, մեր 50 հոգու դեմ 12 վաշտ են հանել»:

Գեւորգ Սաֆարյանն իր ճառն ավարտեց այսպես, որ իր տեղում՝ ամբաստանյալի աթոռին պետք է նստած լինի ոստիկան Գեղամ Խաչատրյանը, ոչ թե ինքը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կեցցես Գեվորգ Սաֆարյան; ձեր տեղում այսօր ձեզ կալանավորողներն ու հրաման տվողները պետք է լինին

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031