Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Սաֆարյանի պաշտպանական ճառը՝ դատարանում (Ֆոտոշարք)

Հունվար 16,2017 16:11

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տոնածառի հայտնի գործով դատական նիստին «Նոր Հայաստան» միավորման անդամ, քաղաքացիական ակտիվիստ, ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանը պաշտպանական ճառով հանդես եկավ:

Հիշեցնենք, որ 2015-ի դեկտեմբերի 31-ին շարժման անդամները այլընտրանքային տոնածառ էին փորձել տեղադրել Ազատության հրապարակում, ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ միջադեպ էր եղել: Գեւորգ Սաֆարյանը կալանավորվել էր՝ ոստիկան Գեղամ Խաչատրյանին հարվածելու եւ վնասվածք պատճառելու մեղադրանքով:

Գեւորգ Սաֆարյանն ասաց, որ երբ համեմատում ենք ոստիկանների ցուցմունքները տեսաձանագրության հետ, պարզ է դառնում, որ կան լուրջ հակասություններ. «Ոստիկաններն ասում են, որ մեզ մոտեցել են, ասել են՝ «Շնորհավոր ձեր Նոր տարին», տեսնում ենք, որ նրանք տվել են հորինված ցուցմունքներ, չեն շնորհավորել մեր Նոր տարին: Ցուցմունքներում նրանք ասում են, որ փորձել են տեսնել՝ տոնածառի հանդերձանքի տակ կա՞ն արգելված առարկաներ, թե՞ ոչ: Արթուր Հեքիմյանը հետագայում դատարանում փոխեց իր ցուցմունքը, ասաց՝ մենք չենք պահանջել, որ բացեն հանդերձանքը: Մյուս ոստիկանը՝ Պավել Գաբրիելյանն ասում է, որ պահանջել ենք: Հակասում են երկու ոստիկանների ցուցմունքները»:

Գեւորգ Սաֆարյանը մի քանի օրինակներ նշեց, որտեղ ոստիկանների ցուցմունքները հակասում են իրար. «Տալիս են ակնհայտ սուտ ցուցմունքներ»:

Նա նշեց, որ Վարդան Ապրեսյանը, Գեղամ Խաչատրյանը, Վահագն Ղազարյանը ցուցմունքներ տվեցին, որ Սաֆարյանը հարվածել է Գեղամ Խաչատրյանին, Գեղամ Խաչատրյանի հոնքը պատռված էր, աչքը կարմրած էր, ուռած: Գեւորգ Սաֆարյանն ասաց, որ տեսագրությունների մեջ ուղիղ դեմ դիմաց կադրեր կան, Գեղամ Խաչատրյանի աչքը կարմրած չէր, ուռած չէր, վնասված չէր: Վահագն Ղազարյանն էլ ասում էր աչքը կարմրած էր, ուռած էր, փուչիկ էր տվել: Սա նույնպես, ըստ Գեւորգ Սաֆարյանի, կեղծ ցուցմունք է, որովհետեւ տեսագրության մեջ ոչ փուչիկ կար, ոչ մի բան էլ չկար:

Իր ճառում Գեւորգ Սաֆարյանն անդրադարձավ նաեւ վկաների տված ցուցմունքներին՝ հարվածի վերաբերյալ. «Պավել Գաբրիելյանն ասում էր, որ երբ հարվածը տեղի ունեցավ, Գեղամ Խաչատրյանն ու ես եղել ենք կանգնած, ոստիկաններից մի քանիսն ասել են՝ Գեղամ Խաչատրյանը կռացած է եղել: Լեւոն Մզրոխյանն էլ ասաց, որ երբ Գեւորգ Սաֆարյանը բռունցքով հարվածեց Գեղամ Խաչատրյանին, Հովհաննես Ղազարյանը գետնից վեր էր կացել, մինչդեռ այդ դրվագը լրիվ այլ ժամանակահատվածում է եղել: Սա ապացուցում է, որ իրականում այս ոստիկաները չեն տեսել որեւէ հարված եւ չեն էլ կարող տեսնել, որովհետեւ ես չեմ հարվածել: Հարվածի դրվագը տարբեր ոստիկաններ բացարձակ այլ կերպ են ներկայացնում…Վկաների մի մասը պնդել են, որ միջադեպից հետո ես չեմ եղել Ազատության հրապարակում, մինչդեռ պարզ ես երեւում եմ տեսագրությունների մեջ՝ տասնյակ ոստիկաների աչքի առաջ: Այսքանից հետո ասում են, թե միջադեպից հետո ես չեմ եղել այնտեղ: Երբ վկաներին հարցրել են դատարանում հարվածողի եւ հարված ստացողի տարիքը, նրանք ասել են՝ մոտ 30 տարեկան կլիներ: Ընդ որում, ասել են, որ դեմքը չենք տեսել: Սաֆարյանի խոսքերով՝ «Երբ հարցրեցինք՝ եթե դեմքը չեք տեսել, ինչպե՞ս իմացաք, որ մոտ 30 տարեկան կլինի, վկաներից մեկն ասել է՝ քննիչը հուշեց: Այսինքն, ակնհայտ է, որ քննիչի գրած, տված ցուցմունքներն են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031