Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տատյանա Վալովայա. ԵԱՏՄ-ն մեկուսացած չէ

Հունվար 16,2017 15:46

2016-ը բարդ տարի էր, բայց այնուհանդերձ, տեսանելի էին հուսադրող տնտեսական ազդակներ: Այս կարծիքին է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ Տատյանա Վալովայան: Այսօր «Սպուտնիկ-Արմենիա» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում տիկին Վալովայան նկատեց` 2016-ի արդյունքներն ավելի հուսադրող են, քան 2015-ինն էր: ԵԱՏՄ-ում 0,2 տոկոսով աճել են արդյունաբերական արտադրանքի ծավալները:

Բանախոսի հավաստմամբ, ԵԱՏՄ շուկայում այժմ ավելի հաճախ են նկատվում, այսպես կոչված, տեղական արտադրության ապրանքներ, որոնք ավելի որակյալ են: Հայաստանի մասով այս ցուցանիշը կազմում է մոտ 7 տոկոս: ԵԱՏՄ-ում գյուղատնտեսության ոլորտում նկատելի դրական աճեր կան: Երկու անգամ կրճատվել են ինֆլյացիոն երեւույթները`հասնելով 6 տոկոսի, իսկ դա արդեն, ըստ Տատյանա Վալովայայի, դրական հարթակ է ստեղծում հետագա տնտեսական զարգացումների համար:

Հայաստանից արտահանումը ԵԱՏՄ երկրներ 156 տոկոս է կազմել: Արտահանման հիմնական շուկան եղել է ՌԴ-ն: Տատյանա Վալովայան վստահեցնում է, որ 2016-ին ակտիվ աշխատանք է տարվել նաեւ արտասահմանյան գործընկերների հետ: Օրինակ, Սինգապուրի եւ Կամբոջայի հետ են փոխգործակցության պայմանագրեր ստորագրվել:

Բանախոսը վստահեցնում է`ակտիվ համագործակցություն կա նաեւ ամերիկացի եւ եվրոպացի գործարարների հետ: ԵԱՏՄ-ում ուշադիր հետեւում են միջազգային քաղաքական զարգացումներին, մասնավորաբար, ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո սպասվող փոփոխություններին, հուսով են, որ դրական ազդակներ կլինեն:

Անկախ ամեն ինչից, Տատյանա Վալովայան հայտարարում է`ԵԱՏՄ-ն մեկուսացած կառույց չէ, ակտիվ գործակցությունների մեջ է ամերիկացի եւ եվրոպացի գործարարների հետ: Եվրոպացի գործարարներն, ի դեպ, ըստ նրա, վերջերս հարց են բարձրացրել Եվրոպական եւ եվրասիական հանձնաժողովների փոխգործակցության, քանի որ դրա բացակայությունը բացասական է ազդում իրենց բիզնես-շահերի վրա:

Տատյանա Վալովայան ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ միջազգային վարկանիշային աղյուսակներում ԵԱՏՄ անդամ երկրները դրական արդյունքներ են գրանցել: Դա բացատրում է ներքին օրենսդրության բարելավմամբ`ԵԱՏՄ շրջանակներում հարմար փոխգործակցության համար:

Այն, որ Բելառուսի նախագահը չմասնակցեց անցած տարեվերջին, Սանկտ-Պետերբուրգում կայացած ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների հանդիպմանը եւ չվավերացրեց ընդհանուր Մաքսային օրենսգիրքը, բանախոսը հոգ չի համարում: Նա համաձայն չէր բելառուս լրագրողի դիտարկմանը, որ Բելառուսի իշխանությունները համարում են, թե այն սահմանափակում է իրենց երկրի հնարավորությունները: «Ես նման պաշտոնական տեսակետ չեմ լսել: Ավելին, Բելառուսի նախագահը հրամանագիր է ստորագրել`դրական գնահատելով այդ օրենսգիրքը եւ հանձնարարական է տվել ուսումնասիրել այն ներկայացնել ստորագրման: Յուրաքանչյուրի իրավունքն է կրկին ուսումնասիրել փաստաթղթերը: Մենք հույս ունենք, որ դրական արդյունքներ կլինեն եւ 2017 հուլիսի 1-ից այն կմտնի գործողության մեջ, ինչպես եւ սպասվում էր»,- ասաց Տատյանա Վալովայան:

Տատյանա Վալովայան նորմալ է համարում եւ ինչ-որ տեղ նաեւ կիսում է ՀՀ նախագահի այն տեսակետը, որ դեռ սպասողական վիճակում ենք: Նման տեսակետ նախագահ Սարգսյանը հայտնել էր անցած տարեվերջին`Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Այն, որ եւ 2015-ին եւ 2016-ին ԵԱՏՄ անդամ երկրներում եւ միության միջեւ փոխադարձ առեւտրի ծավալները նվազել են, Տատյանա Վալովայան այսպես է բացատրում`ժամանակաշրջանը բարդ է, սպասելիքներն էլ միշտ ավելի շատ են լինում:

Միաժամանակ, նա օրինակ է բերում` արտահանման մոտ 30 տոկոսը Հայաստանը ԵԱՏՄ երկրներ է արտահանել. «Հայաստանն իրականում դրական արդյունքներ ստացել է, ակնհայտ է, որ հայ գործարարները հասկացել են, թե ի՞նչ է ԵԱՏՄ-ն եւ ինչպե՞ս պետք է աշխատել այդ շուկայում: Արդյունքներ դեռ կլինեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031