Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքում բակերի բարեկարգման ծրագիրը շարունակելու նպատակով իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ և գույքագրվել է բակային տարածքներում առկա գույքերի իրավական կարգավիճակը:
Նշվել է, որ արդեն իսկ հաշվառվել են բարեկարգման ենթակա բակային բոլոր տարածքները և կազմված է բակերի բարեկարգման 2017թ. ծրագիրը, որն իրականացնելու համար իրավական որևէ խոչընդոտ չկա:
Քաղաքապետը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին տրամադրել գույքագրման արդյունքում առանձնացված, բարեկարգման ենթակա բակերի ցանկը, որի հիման վրա սկսվելու են աշխատանքները։
«2017թ. բակերի բարեկարգման ծրագրի իրականացման հետ կապված մենք իրավական առումով որևէ խոչընդոտ չունենք: Սակայն պետք է հաշվի առնել, որ ծրագիրը շարունակվելու է նաև հաջորդող տարիներին ու, հետևաբար, հաջորդ տարիներին ևս այս ուղղությամբ ծրագրեր կազմելիս պետք է հիմք ընդունենք գույքագրման իրականացված արդյունքները: 2018-2020թթ. անդրադառնալու ենք գույքով ծանրաբեռնված բակերին: Ըստ այդմ, այսօրվանից արդեն պետք է քայլեր ձեռնարկել նաև ապօրինի զբաղեցրած տարածքներն ազատելու ուղղությամբ՝ մեր հետագա ծրագրերը պատշաճ կերպով իրականացնելու համար», – ընդգծել է քաղաքապետը:
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն