ՆՏՎ-ի նախաձեռնած «Ты – супер!» շոուի պատանի մասնակիցները շուտով կմեկնեն Մոսկվա, իսկ Sputnik Արմենիան կաջակցի նրանց:
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի, Sputnik. Sputnik տեղեկատվական գործակալությունը և ռադիոն «Ты — супер!» տաղանդների շոուի միջազգային տեղեկատվական գործընկերոջ կարգավիճակում կաջակցի նախագծի հայաստանցի մասնակիցներին՝ Սաբինա Մանվելյանին և Անգելինա Պապիկյանին, որոնք ընտրվել են ՆՏՎ-ի նախնական քասթինգների ընթացքում: ՆՏՎ-ի «Ты — супер!» նախագիծը ինքնադրսևորվելու հնարավորություն է տալիս տաղանդավոր երեխաներին. Շոուին կարող են մասնակցել մանկատների, ինտերնատների սաներն ու որդեգրած երեխաները:
Տաղանդների շոուի ընթացքում Sputnik-ն իր ռեսուրսներում հնարավորություն կտա ընթերցողներին և ռադիոլսողներին հետևել մրցույթի մասնակիցների հաջողություններին առցանց օրագրերի ձևաչափով և շոուի ուղիղ հեռարձակման միջոցով:
Գործակալության՝ սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում բոլոր ցանկացողները կարող են իրենց քվեարկել մրցույթի այն մասնակցի օգտին, որին հավանել են: Հայաստանի մասնակցիներն առաջիկայում կմեկնեն Մոսկվա, նրանց կուղեկցեն պաշտոնական ներկայացուցիչները՝ մանկավարժները, խնամակալները: Նախագծի պրոդյուսերի խոսքով՝ մասնակիցների մեծ մասի համար սա երկրի սահմաններից դուրս առաջին ճանապարհորդություն կլինի:
Նախագծի շրջանակում մասնակիցների հետ կաշխատեն պրոֆեսիոնալ մանկավարժներն ու երաժշտական պրոդյուսերը, ամբողջ շոուի ընթացքում երեխաները կկարողանան շարունակել ուսուցումը դպրոցական ծրագրով: «Ты — супер!» մրցույթն իրագործվում է Ռուսաստանի կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: ԱՊՀ և Բալթյան տարածքի երաժշտական տաղանդները կժամանեն 9 երկրից, որոնց թվում են նաև Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան, Ղազախստանը, Ղրղըզստանը և Էստոնիան: Նախագծի հաղորդավարը կլինի Վադիմ Տակմենյովը: «Ты-супер!» մրցույթի պրեմիերան նախատեսված է փետրվարի 18-ին: