Հարցին, թե պարբերաբար տեղեկություններ են հայտնվում, որ սուպերմարքեթների ներքնահարկերում հատուկ տեխնոլոգիաներով թե’ սննդամթերքի եւ թե’ կենցաղային ապրանքների, որոնց ժամկետները անցնում են, կամ մոտենում են ավարտին, նոր` կեղծ ժամկետներ փակցվում, երբեւէ փորձել ե՞ք ստուգել այդ լուրերի իսկությունը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը պատասխանեց, որ ծառայությունը նման փաստ չունի, որ պիտանելիության ժամկետի փոփոխություններ են իրականացվում եւ, եթե նման փաստ լինի, տրամադրեն ծառայությանը:
Ըստ պարոն Դանիելյանի, դեկտեմբերից սկսած եւ այս պահին էլ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունում ստուգումներ են իրականացվում:
Aravot.am-ի հարցին, թե ահազա՞նգ է եղել, որ ստուգում են, պարոն Դանիելյանը պատասխանեց` ոչ «Ալեքս Գրիգ»-ն է դիմել, որ իրեն ստուգեն:
Պարոն Դանիելյանն ասաց, որ տարվա ընթացքում մեծ քանակությամբ սննդամթերք է ոչնչացվում ծառայության կողմից, որոնց պիտանելիության ժամկետն անցած է լինում:
Կարդացեք նաև
Վահե Դանիելյանն այսօր ասուլիս էր հրավիրել` ներկայացնելու նախատոնական եւ տոնական օրերին ծառայության կողմից իրականացրած աշխատանքները: Տեսչության ղեկավարն ասաց, որ այդ օրերին հիմնականում խախտումները արձանագրվել են կաթնամթերքի եւ տեղական արտադրության հրուշակեղենի ժամկետների հետ կապված:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ