Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է արձագանքել Սերժ Սարգսյանը Ամարասի Արթուրի առաջարկին

Հունվար 16,2017 14:11

«Միացյալ Հայաստան» շարժման առաջարկին՝ ստեղծել ԱԺ վերին պալատ, սատարում են Սերժ Թանկյանը, Հարութ Սասունյանը, Ալբերտ Բոյաջյանը, Սոֆի Թուֆենկյանը և սփյուռքի այլ հայտնիներ:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը «Ամարաս» ՀԿ-ի հիմնադիր, Արցախյան պատերազմի վետերան Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր), անդրադառնալով իրենց շարժմանը՝ «Միացյալ Հայաստանին», նշեց, որ իրենք կուսակցություն չեն, այլ իրենց ընկալում են որպես հասարակական կազմակերպություն, որի նպատակը ազգի համախմբումն է և երկրի, պետականության հզորացումը: ԱԺ-ում վերին պալատ ստեղծելու գաղափարը, ըստ պարոն Ալեքսանյանի, իրենցը չէ, դրա մասին արտահայտվել է նաև ՀՀ նախագահը, սփյուռքի նախարարը, կուսակցությունների ծրագրերում այդ մասին կա, բայց  ոչ մեկը նման շարժում չի ծավալել:

Մանրամասնելով՝ Արթուր Ալեքսանյանը նշեց. «Առաջարկն է այն, որ ԱԺ-ում ստեղծվի վերին պալատ, որտեղ համամասնորեն ներկայացվեն ոչ հայաստանաբնակ համայնքներից պատգամավորներ: Մենք առաջարկում ենք, որ աշխարհով ի սփյուռ հայերի համայնքներում ստեղծվեն հզոր ուժեր, որտեղ հնարավոր լինի ընտրել պատգամավորներ, որոնք կներկայացվեն մեր խորհրդարանի վերին պալատում:

Պարոն Ալեքսանյանը շեշտեց, որ սփյուռքը միանշանակ իրենց հետ է. «Անգամ հայտնել են, որ եթե գա պահը, որ մենք պետք է մեր սահմանադրությունը փոխենք, բոլոր ծախսերը պատրաստ են իրենք հոգալ»:

Անդրադառնալով այս առաջարկին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկմանը, պարոն Ալեքսանյանը նշեց. «Ընդառաջեց, լսեց, ողջունեց, բայց ասաց, եթե նախաձեռնել եք, ձեր գործն է, ստացվեց, լավ կլինի, կողջունեմ, եթե ոչ՝ դա ձեր խնդիրն է»:

«Միացյալ Հայաստան» շարժման անդամ Ազատ Արշակյանը վստահեցրեց, որ ԱԺ վերին պալատի ստեղծման շնորհիվ ՀՀ-ն ավելի ժողովրդավարական կդառնա. «Սա մեկ օրվա գործ չէ, մենք այդքան ռոմանտիկ չենք: Դրա համար ժամանակ է պետք: ՀՀ ներքին հարցերով կզբաղվի այսօրվա խորհրդարանը, իսկ համահայկական հարցերով պատասխանատվություն կկրի վերին պալատը»:

Ըստ պարոն Արշակյանի՝ սահմանադրական բարեփոխումներն անպայման պետք են, ինչի ահազանգն է նաև Վանաձորի ճգնաժամը: Ըստ նրա՝ ԱԺ ընտրություններից հետո էլ ավելի լուրջ խնդիրներ կունենանք: Նա վստահեցրեց, որ այժմ ընտրությունների մասին օրենքը հակասահմանադրական է, իսկ մայիսին ունենալու ենք հակասահմանադրական խորհրդարան:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031