Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՒՄ-ի շուկայի տարածքում միսն առայժմ փոշոտ փողոցում ու բաց է վաճառվում (Տեսանյութ)

Հունվար 16,2017 13:55

ԳՈՒՄ-ի շուկայի հարակից տարածքում մսի վաճառքը տարիներ ի վեր կազմակերպվում է հակահիգիենիկ եւ հակասանիտարական պայմաններում, սակայն Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այդ հարցն այդպես էլ չի կարողանում կարգավորել: Այս տնտեսվարողները տարիներ ի վեր եկամուտներ են ստանում, սակայն ոչ մի սանիտարական պայման չեն ստեղծում. միսն այստեղ վաճառվում է բաց, փողոցի աղբի ու փոշու պայմաններում:

Aravot.am-ն այսօր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանից հետաքրքրվեց, թե, ի վերջո, երբ է լուծվելու ԳՈՒՄ-ի շուկայի տարածքի մսի վաճառակետերի խնդիրը: Պարոն Դանիելյանն ասաց, որ հանդիպում են ունեցել մսի վաճառքով զբաղվող տնտեսվարողների հետ եւ հանձնարարականներ տվել` մսի վաճառքը համապատասխանեցնել պահանջվող նորմերին: Հունվարի 15-ից սկսած ծառայության պատասխանատուները պետք է այցելեն մսավաճառներին, ստուգելու՝ տնտեսվարողներն արդյոք կատարո՞ւմ են ծառայության պահանջը:


Վահե Դանիելյանի խոսքերով, այն մսի վաճառքի կետերը, որոնք չեն կատարի փոփոխությունները, նրանց գործունեությունը կդադարեցվի: «Արդեն իսկ շինարարական աշխատանքներ են իրականացվում Խորենացի փողոցում»:

Մանրամասները` տեսանյութում

Այսօր արդեն հունվարի 16-ն է եւ Aravot.am-ն այցելեց ԳՈՒՄ-ի շուկայի տարածք` տեսնելու, թե մսի վաճառքով զբաղվող տնտեսվարողները որքանո՞վ են կատարել ծառայության պահանջը:

Մի շարք վաճառակետեր, առայժմ, ինչպես որ կազմակերպում էին իրենց առեւտուրը մինչ այդ, այդպես էլ շարունակում են: Այս պահին էլ միսն այստեղ վաճառվում է բաց, փողոցի եզրին եւ գետնից մեկ մետր էլ չէր կազմում այն սեղանների բարձրությունը, որի վրա վաճառվում է միսը: Որոշ մսավաճառներ անգամ գետնին դրած կշեռքով էին միսը կշռում:
Կային վաճառակետեր, որոնք արդեն իսկ պատշաճ պայմաններն ապահովել էին եւ միսը վաճառում էին քաղաքակիրթ պայմաններում:

Մեր այն հարցին, թե ինչպիսի պայմաններ են առաջադրվել մսի բիզնեսով զբաղվող տնտեսվարողներին, Վահե Դանիելյանն ասաց, որ իրենք պահանջել են, որպեսզի բաց պայմաններով միսն այլեւս չվաճառվի, ներսում սառնարաններում միսը վաճառվի, մշտական հոսող տաք եւ սառը ջուր ու սանիտարահիգիենիկ նորմալ վիճակ լինի:
Տեսչության պետը նաեւ ասաց, որ ծառայությունը միջնորդել է, որպեսզի Երեւանի քաղաքապետարանի եւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի աջակցությամբ ջրահեռացման հարցերն այդ տարածքում կազմակերպվեն եւ համապատասխան շինթույլտվությունների հետ կապված գործընթացը հեշտացվի, որպեսզի նրանք հնարավորինս շուտ կարողանան շինարարություններն իրականացնել:

Վահե Դանիելյանն այսօր ծառայությունում ասուլիս էր հրավիրել` ներկայացնելու նախատոնական եւ տոնական օրերին իրականացրած աշխատանքները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031