Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արամ Ա կաթողիկոսի շուտլիկությունը մեծ սխալ էր». Գևորգ Յազըճյան

Հունվար 16,2017 13:40

Հալեպում հայերի արհեստանոցների մեծ մասը գողացված ու թալանված է, մի շարք հայկական կառույցներ՝ ավերված:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պատմաբան Գևորգ Յազըճյանը փաստեց՝ թեև անցյալ տարեվերջին Արևելյան Հալեպի հարցը ռազմական լուծում գտավ, սակայն դա չի նշանակում, որ պատերազմն ավարտված է: Ըստ պատմաբանի՝ Սիրիայում հարյուրավոր ջոկատներ կան, որ կարող են վտանգել փխրուն զինադադարը:

Անդրադառնալով Աստանայում սկսված բանակցություններին՝ պարոն Յազըճյանը նկատեց, որ դրանցում տարբեր խաղացողներ կան, սակայն քրդերին Թուրքիայի պահանջով դուրս են մղել բանակցային սեղանից, մինչդեռ այսօր անհնար է քրդական գործոնը Սիրիայում ստորադասել, քանի որ քրդերը լուրջ դերակատարություն ունեն Հալեպի որոշ թաղամասերում:

Անդրադառնալով հայկական կառույցների և Հալեպի հայերին պատկանող արհեստանոցների փլուզմանը՝ պարոն Յազըճյանը կարծիք հայտնեց, որ այդ հարցում պետք է լինի համահայկական մտահոգություն. «Դա չի երևում, միայն կարկատաններ են, ամեն կառույց ինչ-որ բաներ է նախաձեռնում: Մյուս կողմից նախ պետք է որոշել՝ արժե՞ առհասարակ Հալեպի գաղութը պահել այնպես, ինչպես կար, թե՝ ոչ: Մենք պետք է նախ որոշենք՝ մեզ համար ի՞նչ կարևորություն ունեն այդ երկրները. դրանք հյուրընկալ երկրներ են, թե՞ մենք պետք է մնանք այնտեղ մինչև վերջ»:

Անդրադառնալով Արամ Ա Կաթողիկոսի՝ Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի հետ հանդիպմանը՝  պատմաբանը դա շուտլիկություն որակեց ու պատճառաբանեց. «Դա մեծ սխալ էր, ինչը սիրիացի սունի արաբ փախստականների շրջանում վրդովմունք է առաջացրել, որ հայերը դիրքորոշվել են Ասադի կողքին: Իհարկե, հայերը միշտ էլ եղել են վարչակարգի կողքին, բայց պետք է պահպանել դրական չեզոքությունը, ինչը լիբանանահայությունը քաղաքացիական պատերազմում դրսևորեց: Սա դիվանագիտական սխալ էր, ինչը չէի սպասում Կաթողիկոսից: Հայերի շրջանում ևս այդ այցը վրդովմունք առաջացրեց»:

Ըստ Գևորգ Յազըճյանի՝ ճիշտ կլիներ, որ Արամ Ա կաթողիկոսն իր հետ վերցներ նաև ուղեկից եկեղեցիներից որևէ մեկի ղեկավարին, որ չերևար այնպես, թե միայն հայերն են, կամ ըստ պատմաբանի՝ կարելի էր մեկ ամիս հետո գնալ, երբ կրքերը խաղաղված կլինեին: Այդ այցը պարոն Յազըճյանը համարում է վերևներին քծնելու, շողոքորթելու դրսևորում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031