Այն որ 2015 թվականին ՀՀ-ից երկու միլիոն, իսկ Վրաստանից երեսուն միլիոն շիշ գինի է արտահանվել ՌԴ, ոչ թե քաղաքական, այլ զուտ բիզնեսի խնդիր է: Համենայնդեպս, այդպես է բացատրում ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը: Այսօր, «Պոստ-սկրիպտում» մամուլի ակումբում ի պատասխան հայաստանցի լրագրողների հարցի, պարոն Լեպյոխինը հավաստիացրեց`անցած մեկ տարվա ընթացքում օրենսդրական բազան այնպես է կարգավորվել, որ ասենք տասը տարի հետո 60 միլիոն շիշ գինի կարտահանվի ՌԴ, վրացականը` դեռ 30 միլիոն: Ներկայումս, թվային այս անհամաչափությունն, այն պարագայում, երբ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, Վրաստանը`ոչ, պարոն Լեպյոխինը համարում է բիզնեսի խնդիր: Ասում է, հավանաբար, հայկական ապրանքատեսակներն այդչափ ճանաչված չեն ռուսաստանյան շուկայում, կամ վրացական ընկերություններն ավելի հին ու սերտ կապեր ունեն:
Առհասարակ, բանախոսը կարծում է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի պայմանագիրը վավերացրեց եւ այն մտավ գործողության մեջ ոչ բարենպաստ շրջանում` համաշխարհային շուկայում նավթի ցածր գներ, ՌԴ-ի դեմ արեւմտյան պատժամիջոցների կիրառում, ռուսական ռուբլու անկում եւ այլն: Բայց այս, ըստ նրա, «իրավիճակային ֆոնը», չի կարող անդրադառնալ ԵԱՏՄ-ի զարգացման հեռանկարի վրա:
«2015-ին ԵԱՏՄ տարածքում տեսանելի արդյունքներ չեն կարող լինել հենց նշյալ պատճառներով: Բայց ապագայի մասով` հեռանկարներ կան»,- ասաց նա` հավելելով, որ մասնագետները տեսնում են արդյունքներ`տասնյակ փաստաթղթեր են վավերացվել, նորմատիվային բազան է համապատասխանեցվում, բայց գլոբալ, հանրության համար տեսանելի արդյունքներ մեկ տարվա ընթացքում չեն կարող լինել:
Պարոն Լեպյոխինը Հայաստանի մասով մեկ կարեւոր դրվագ է առանձնացնում` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահը Հայաստանի ներկայացուցիչն է, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բանախոսն ասում է`մասնագետները բարձր են գնահատում այս նշանակումը, հատկապես միասնական արժույթի ստեղծման մասով, թեպետ իր վարչապետության ընթացքում պարոն Սարգսյանը թերահավատ էր ԵԱՏՄ-ի գոյության եւ գործունեության մասով, մանավանդ՝ դրան Հայաստանի անդամակցության, քանի որ ընդհանուր սահմաններ չկան: Միասնական արժույթին անցնելու ծրագիրը, հիշեցնենք, նախատեսված է 2025 թվականին:
Կարդացեք նաև
ԵԱՏՄ ինստիտուտի տնօրենը բավական լավատես է: Մանավանդ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո, երբ աշխարհը նոր իրողությունների առջեւ է կանգնած: Դոնալդ Թրամփի տեսլականը եւ մոտեցումը, ինչը համընկնում է բազմավեկտոր աշխարհի գոյությանը, պարոն Լեպյոխինի համոզմամբ, դրական ազդակներ է տալու, այդ թվում նաեւ ԵԱՏՄ-ի հետագա զարգացման համար:
Նա կարծում է, որ Հայաստանին հատուկ խանգարող հանգամանքներ`ԵԱՏՄ-ում զարգանալու համար, չկան:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ