Կյանքը հայ կնոջ հետ՝ newmag-ը զրուցել է հայաստանաբնակ ամերիկացի գործարարի հետ, որը ռիսկի է դիմել ու, ԱՄՆ-ում թողնելով զինվորականի կարիերան, եկել Հայաստանում արարելու ու ապրելու:
Coffee-break-ի ամենաթեժ ժամին քաղաքի ամենաէկոլոգիական սուրճն առաջարկող վայրում ենք: Սուրճի take-away մշակույթը հենց Դեյվիդն է Երևանում զարգացնում. Green bean-ում էկո սուրճ ու հրուշակեղեն են համտեսում հաճախորդները, հիմնականում քաղաքի օտարազգի հյուրերը: Ես սպասում եմ, որ Դեյվը ավարտի զրույցը նրանց հետ:
Բարետես, բանիմաց, բարեհամբույր. արդեն 5 տարի Դեյվիդին հենց այսպես են ճանաչում երևանցիները: Զարմանալի է` ինչպես է եղել, որ ամերիկացի նախկին զինվորականը հիմա Հայաստանում բիզնեսի նորարար գաղափարների հեղինակ է դարձել:Կնոջ պատճառով ու հանուն նրա:
Իրինայի ու Դեյվի հարաբերությունները սկսվեցին Մալթայում. տղան այնտեղ ծառայում էր, աղջիկը` սովորում: Օրինականացրին իրենց կապը ԱՄՆ-ում, որտեղ էլ ծնվեց առաջնեկը: Մի քանի տարի անց կայացրին կյանքի կարևոր որոշումներից մեկը` մշտական բնակություն հաստատել Հայաստանում:
Բարի գալուստ, Հայաստան
Կարդացեք նաև
Մի քանի պատճառ կայր: Ես ԱՄՆ-ում սեփական բիզնես ունեի: 2010-ին կինս սկսեց ասպիրանտուրայի կուրսը Քեմբրիջում: Եկավ Հայաստան` իր գիտական հետազոտությունն անցկացնելու: Այդպես` ես էլ եղա այստեղ: Հետո որոշեցինք միասին տեղափոխվել: Հիմնեցինք մեր սեփական բիզնեսը: Այստեղ ծնվեց մեր երկրորդ երեխան: Աղջիկս 7 ամսական է, տղաս` 7 տարեկան:
Մի´ խոսեք, գործե´ք
Տեղափոխությունը միշտ էլ ռիսկային է: Կապ չունի Հայաստան կլինի, թե ԱՄՆ: Եվ սեփական գործը սկսելն էլ դժվար է ամեն տեղ: Հայաստանն, այո, ռիսկային վայր է ներդրում անելու համար, բայց չեմ կարծում, թե անհնար է ու այդքան վախենալու: Կարևորը մարտահրավերներին պատրաստ լինելն է: Իսկ դրանք կան բոլոր երակներում: Ես հիմա Հայաստանում ամենաաղմկոտ գործարարներից եմ համարվում: Եթե որևէ գործնական հանդիպման ժամանակ որևէ պաշտոնյայի հետ ինչ-որ բան այնպես չի ընթանում կամ խոստումներն ու օրենքները մնում եմ թղթի վրա, ես այդ մասին բարձրաձայն ասում եմ: Ես խոսում եմ իմ խնդիրների մասին` միաժամանակ հավատալով, որ դրանով նպաստում եմ փոփոխություններին ու առաջընթացին: Եթե այս երկիրն իմ տունն է, ապա պետք է հոգ տանեմ դրա մասին: Երբ իմ տանը մի սխալ բան եմ տեսնում, փորձում եմ ուղղել, կարգավորել: Դժվարությունների մասին պետք չէ բարձրագոչ բառեր ասել, այլ պետք է միջոցներ ձեռնարկել` դրանք հաղթահարելու, հարթելու համար: Երիտասարդ դեմոկրատիա, 25 տարվա անկախություն, իշխանական կառավարման խնդիրներ. այդ ամենը բնորոշ են բոլոր զարգացող երկրներին: Նորմալ է դժգոհելը, բայց նորմալ չէ խնդիրները չլուծելը, կամ գոնե չփորձելը: Ես հաճախեմ եմ կառավարության համար ելույթներ ունենում, խոսում կոռուպցիայի մասին, միևնույն ժամանակ լուծման ուղիներ առաջարկում: Սա է ուղին, և երկիրը կհաջողի, եթե ամեն ոք ոչ միայն խոսի, այլ նաև գործի:
Իմ երեխաների Հայաստանը
Տղաս հայկական դպրոցում է սովորում: Սիրում է: Հայերենը մեր տան առաջին լեզուն է, անգլերենը` երկրորդը: Տղաս բասկետբոլի է հաճախում, շախմատի, պարի: Ես չէի կարող Հայաստանից ապահով վայր գտնել երեխաներիս համար: Այդ ամենը անհնար է անել ԱՄՆ-ում: Այնտեղ մենք այնքան զբաղված ենք, օրվա մեծ մասն անցկացնում ենք մեքենա վարելով, ինչ-որ տեղ գնալով: Չես կարող երեխաներիդ ժամանակ տրամադրել: Բացի այդ` այստեղ չեմ անհանգստանում անվտանգության համար: Եթե իմ երեխային մի օր չհասցնեմ ժամանակին դպրոցից վերցնել, ոչինչ չի պատահի, նրան բոլորը գիտեն դպրոցում: Կարող է անգամ ինքնուրույն դպրոցից տուն գալ: Իսկ ԱՄՆ-ում պատկերացնո՞ւմ եք դա: Հայաստանի վատ կողմե՞րը: Աղքատության բարձր ցուցանիշն է: Կոռուպցիան շատ է: Մենաշնորհը ճնշում է: Սոցիալական անարդարությունը մեծ է: Բայց այս ամենով հանդերձ, երբ ինձ ասում են` «Դեյվ, ի՞նչն է քեզ պահում Հայաստանում», ես պատասխանում եմ` իմ երեխաները: Նրանք այստեղ մեծանում են ապահով պայմաններում, ընտանեկան թանկ արժեքներով ու լավ մարդկանցով շրջապատված:
Նյութի մանրամասները կարդացեք newmag.am-ի կայքում