Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ պարագային, թերեւս այդքան աղմկայարոյց Հիւսիսային Պողոտայի դատարկ շէնքերը դառնային բնակեցուած

Հունվար 16,2017 11:31

«Եւ արդ սկսցուք,

 ուստի արժան է սկսանել»

Եղիշէ

 Պիտի խոստովանեմ, որ դժուարանում եմ որոշել, թէ որտեղից սկսեմ։ Ամէն տարի Երեւան հասնելուն պէս, առաջին հերթին փորձում ենք նշմարել մեր բացակայութեան ընթացքին եղած փոփոխութիւնները, չնայած ամբողջ տարին հետեւել ենք, մամուլի ու լրատուամիջոցների օգնութեամբ, եղած հնարաւոր երեւոյթներին, բայց բնականաբար, աչքով տեսածը աւելի համոզիչ է, քան հեռուից նշմարուածը, որ նետուած մի հայեացք է կիսաբաց պատուհանից։ Մենք լաւ հասկանում եւ գնահատում ենք, հանդիսատես ու մասնակից լինելու միջեւ եղած էական տարբերութիւնը եւ մեր մտորումները մնում են համապատասխան մեր ունեցած դիրքին։

Չնայած մեծ շուքով նշուող անկախութեան 25-ամեակը, մենք բոլորս պիտի քաջութիւնն ու տրամաբանութիւնը ունենանք ընդունելու, որ այսօրուայ դրութեամբ Հայաստանի վիճակը, դեռ չի անցել ցաւալի միջակութիւնից այն կողմ։ Այդ հանգամանքը նշում ենք ի ցաւօք սրտի, քանի որ այն հեռու է եւ շատ հեռու մեր երազած երկիրը դառնալուց եւ նա, ոչ մէկ բնագաւառում սպասուած ցատկը չունեցաւ։ Զանց չառնելով նախկինի համեմատ եղած առկայ տարբերութիւնները, նա չկարողացաւ բեռնաթափուել նախորդ նողկալի համակարգից մնացած, մեզ համար անհամապատասխան աւանդոյթներից։ Սառնասրտօրէն դատելու պարագային անհնար է չնկատել, որ դեռեւս նախկին վարչակարգին նմանուող շատ բան է մնացել եւ ապրում ենք՝ ինչ-որ տեսակի շարունակութիւն ։

Ճիշտ է ասուած, թէ Երեւանը երեխայի է նմանւում, որ աճում ու փոփոխւում է ամէն օր, բայց միշտ չէ, որ այդ երեւոյթը կատարւում է մեր երազած ցանկութիւնների ու երկրի անհրաժեշտ պահանջների համեմատ։ Չմոռանանք ընդգծել նաեւ, որ մեր արտայայտած կարծիքները չեն կարող որպէս պահանջ կամ յաւակնութիւն գնահատուել, այլ միայն հանդիսատեսի նշումներ։

Որպէս օրինակ, երկրում ճարտարապետների ու քաղաքաշինարարների մի հսկայ բազմութեան ներկայութեանը, յաճախ է լինում, որ կամայականութիւնների ու անհրապոյր անհամար կառոյցների ենք հանդիպում, ինչ-որ քաղաքը լիակատար անտէր լինելու տպաւորութիւն է թողնում։ Մենք որեւէ մէկին դատապարտելու կամ դաս տալու նպատակն ու յաւակնութիւնը չունենք եւ ի զօրու եւս չենք, բայց այդ բնագաւառի պատասխանատուների սխալ ընտրութիւնը անժխտելի է։

Մեզ հետաքրքրողն ու անհանգստացնողը միայն շէնքերն ու փողոցները չեն, իրենց անհամար խորթ ու բորդ մայթերով, այլեւ, առաւելապէս ու հիմնականում՝ բնակիչները, որոնց հետ շփուելու եւ յաճախ բարեկամական յարաբերութիւններ հաստատելու առիթն եւ հաճոյքն ենք ունենում։ Ինչպէս իրաւացիօրէն արտայայտուել են մի շարք մտաւորականներ, որեւէ երկրի կամ քաղաքի գեղեցկութիւնը, ոչ միայն բնութիւնն է տարբեր կառոյցներով, այլ այդ բոլորին հմայք տուող բնակչութիւնը։ Այս սահմանումը առանձնապէս ճիշտ ու տեղին է մեր երկրի ու այնտեղ ապրող մեր ցեղակիցների նկատմամբ, որ աւանդական իրենց հիւրասիրութեամբ, բարեսրտութեամբ ու երբեմն անմեղ պարզամտութիւններով կարող են միջազգային չափանիշներով առաջնակարգ տեղ ունենալ։

Հպարտանալու տեղ ունե՞նք արդեօք, երբ տեղեկանում ենք, մամուլի հաղորդումներով, որ միջազգային պատկան մարմինների պաշտօնական տուեալների համաձայն, Հայաստանի տնտեսական վարկանիշը 153 պետութիւնների ցանկում, 99-րդն է, երբ մեր անմիջական հարեւաններինը՝ (Վր-ան, Ադր.) 120-րդ եւ 128-րդ, մինչդեռ Էստոնիան, որ Հայաստանից շատ աւելի փոքր է, չունի՝ նաւթ ածուխ եւ դոլարներով միլիարդատեր նախկին նախագահներ ու վարչապետներ, համեստօրէն գրաւում է 18-րդ տեղը։ Կարծեմ այստեղ, կրկնապատիկ խորհելու, գնահատելու եւ սովորելու դեռ շատ բան կայ մեր ապագայ գործավարների համար։ Մեր կարծիքով էստոնացիների յաջողութեան գաղտնիքը կառավարման համակարգի առողջութեան արդիւնք է, որտեղ ըստ երեւոյթին, կարեւոր պաշտօնների նշանակումները կամայական կամ վճառովի չեն։

Պիտի համարձակուեմ մեր երկիրը, միւսների համեմատ, որակել հակասութիւնների երկիր, գիտակցելով, որ թերեւս ինձ է այդպէս թուում, կամ ես եմ խստապահանջ։ Բայց ինչո՞ւ։

Բոլորը, առանց բացառութեան, բողոքում են տնտեսական ու ընկերային (սոցիալական) ցածր մակարդակի առկայութեամբ, որ ըստ բնոյթի կատարելապէս սխալ չի կարող նկատուել, բայց միեւնոյն ժամանակ ճաշարաններն ու համերգասրահները լեցուն են, իսկ փողոցների երթեւեկութիւնը յագեցուած ու խճողուած է աշխարհի ամէն տեսակի մեծ ու փոքր, թանկ ու էժան մեքենաներով։ Երեւի, սա միակ երկիրն է, ուր տեսնում ենք երթեւեկութեան երկու համակարգի՝ աջ կամ ձախ կողմում տեղաւորուած ղեկով մեքենաներ, որ արգիլուած է ընդհանրապէս։ Բայց մեզ մօտ, այն նոյնիսկ ուշադրութեան չի արժանանում։

Այսօր, երբ մեր երդուեալ թշնամիները, որ նոյնիսկ իրենց ատելութիւնը քողարկելու ջանք չեն թափում եւ պատրաստուում են հայկական սահմանին բարձր պատ կառուցելու, որի նպատակը եւս չհասկացանք, երեւանեան շուկան լեցուն է թուրքական անորակ ապրանքով։ Անընդունա՞կ ենք մենք նոյն արտադրութիւնը ինքներս կազմակերպել՝ աշխատատեղեր ստեղծելով։ Պաշտօնական տուալներով (պետական դրամատուն) այս տարույ ընթացքին 10 միլլիարդ դոլարի արտահոսք է եղել Հայաստանից։ Որտեղի՞ց այդքան գումար եւ ո՞ւմ միջոցով։ Երկրում արձանագրուած են 5 միլիարդատէր, 300 միլիոնատէր եւ 200 000 չքաւոր ընտանիք։

Հպարտանալու տեղ կա՞յ արդեօք, երբ հայ գործարարները ցուցադրում են մարմարապատ «չաֆչաֆլը» հինգ աստղանոց հիւրանոցների տեսարանները լողաւազաններով եւ տարբեր յարմարութիւններով (սա որպէս օրինակ միւսների կողքին) կամ երեւանեան դատարկ բնակարանների շինութիւնները ամենուրեք, մինչդեռ այդ գումարները կարելի պիտի լիներ աւելի խելամտութեամբ ներդնել տնտեսութեան մէջ՝ միեւնոյն կամ առաւալ շահաբերութեամբ։

Կարելի՞ է, այսօրուայ Երեւանը, նրա կեանքի մակարդակը եւ բնակչութեան պահանջները համեմատել յիսունականներում եղածի հետ։ Մեր կարծիքով անհամեմատելի է, քանզի առկայ է դէպի լաւ մակարդակի դրական փոփոխութիւնը։ Իհարկէ, այդ չի նշանակում, որ բողոքելու տեղ չկայ ու լռելեայն պիտի ընդունենք ամէն ինչ, որ ներկայացնում են իշխանութիւնները։ Պիտի աւելացնեմ, որ եղած փոփոխութինները տեղական բնոյթ չեն կրում եւ յատուկ են համաշխարհային մակարդակով եղած շարժումին։

Բոլոր մեր հանդիպումների ընթացքին, անխուսափելի է արտագաղթի թեման, բայց այն բացակայ էր՝ ապրիլեան տժգոյն օրերին, երբ կամաւորների թիւը, երկիրը պաշտպանելու ձգտումով գերազանցում էր պահանջին։ Անմարսելի է, նաեւ այն զգացումը կամ տպաւորութիւնը, որ ունենում ենք զանազան հանդիպումների ու զրոյցների ընթացքին, թէ հայը ատելութեամբ է լեցուած իր երկրի ու իր ինքնութեան նկատմամբ։ Յաճախ եմ լսել «Ամաչում եմ հայ լինելուց» արտայայտութիւնը, որ իմ գնահատմամբ պահի եւ մանր դժգոհութիւնների հետ կապուած խօսք պիտի լինի, որովհետեւ նոյն անձը իր յուսահատ վիճակով, երբ ընկնում է օտար մի երկիր, գրեթէ առանց բացառութեան արթնանում է թմբիրից ու զբաղւում դպրոցի, եկեղեցւոյ խնդիրներով, երգի ու պարի խմբակներ կազմելով եւ ինքնութեան պահպանման զանազան հարցերով։

Ըստ երեւոյթին յանցաւոր պարագաներ կան համակարգում, որ դժուար է առարկայացնել ու նշել, կամ պարզօրէն, հասարակական բուրգի գագաթին, յաճախ նստում են անարժանները։ Ինչպէս ուշադրութեան չարժանացնել այն կարեւոր հանգամանքը, որ աշխարհի տարբեր անկիւններում զանազան պայմաններում ու դժուարութիւններով, դարերից ի վեր ստեղծուել են ու ապրում են, հայրենիքից դուրս, այնպիսի հայկական օջախներ ինչպիսին են Թիֆլիսի Հաւլաբարը եւ Սոլոլակը, Պոլսոյ Գաթը Գիւղ, Շիշլի եւ Սկիւտար թաղերը (դժուար է բոլորը յիշել), պարսկական Նոր Ջուղան, լեհական Լւով քաղաքի հայկական եկեղեցին իր համայնքով, միջին արեւելքում Հալէպի, Բեյրութի ու Եգիպտոսի հայ գաղութները իրենց հայեցի ապրելակերպով ու մշակոյթի պահպանման բարձր մակարդակով, Ֆրանսայի՝ Ալֆորվիլ, Դէսին։ Բոմոն աւաններով որոնցից իւրաքանչիւրը մի փոքրիկ Հայաստան է իր հայանպաստ կառոյցներով, ինչպէս նաեւ բազում նորաստեղծ համայնքներ ի սփիւռս աշխարհի՝ որպէս հետեւանք նոր արտագաղթին։

Այս օրերին հաճոյքով տեղեկացանք երիտասարդ Հայկ Նազարեանի մասին, որ ծնուել է Կալիֆոռնիոյ Գլենդել քաղաքում եւ ինչպէս ինքն է ասում «որքան ապրել եմ այդ Բաբելոնում, այնքան սիրտս ավելի է ձգտել իմ հայրերի երկրին՝ Հայաստանին»։ Հետեւելով, մանկավարժութեան «California State University Northridge», դասընթացներին, ձեռք է բերել ֆիզիկայի մասնագէտի վկայական եւ դասաւանդել իր իսկ ուսանած համալսարանում։ Նա ինքնուս տիրապետել է հայերէնին եւ ի վերջոյ, որոշել է տեղափախուել ու բնակութիւն հաստատել Երեւանում՝ պատճառաբանելով, որ ԱՄՆ անհարազատ եւ օտար միջավայր է հայեցի ապրելու համար՝ գիտակցելով եւ հաստատելով, որ հայրենիքի հանդեպ իր սէրը անպայմանական է։

Երանի, այս գովելի դէպքը վարակիչ լինէր միւսների համար ու շատ-շատերը վարակուէին այդ «ախտով», ձեռնարկելով երազելի վերադարձը դէպի սեփական օրրան։

Այդ պարագային, թերեւս այդքան աղմկայարոյց Հիւսիսային Պողոտայի դատարկ շէնքերը դառնային բնակեցուած։

Սա՛ Հյաստանն է ու վե՛րջ։

Ռուբեն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

Փակագիծ.

«Շատերին է բնորոշ՝

դատել խելացի,

բայց վարուել անհեթեթ»։

Ա. Ֆրանս

Վերջապէս, որոշուել է Նագոռնի Կարաբախը «ԱՐՑԱԽ» վերակոչել։

Մերոնք ուշ են հասկանում, բայց երբ արդէն հասկացել են դառնում են անխոցելի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031