Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ առողջական խնդիրներ ունեցող երկու զինծառայող ազատվել է զինվորական ծառայությունից

Հունվար 16,2017 11:19

Ավելի քան մեկ տարի առաջ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ Է. Ք.-ը և հայտնել, որ որդին՝ զինծառայող Գ. Ք.-ը, ունենալով զինծառայության հետ անհամատեղելի մի շարք հիվանդություններ, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումներով ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը և գտնվում է ծառայության մեջ: Գ. Ք.-ն ունեցած գանգատների պատճառով պարբերաբար հետազոտվել է, ստացել տարբեր՝ զինծառայության հետ անհամատեղելի ախտորոշումներ:

Ավելին՝ զորակոչման պահին գտնվել է տենդի մեջ, նույնիսկ անհրաժեշտ պատվաստումներ չի ստացել դրա պատճառով, սակայն տենդի իրական պատճառները հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել, չնայած, որ նման պայմաններում, համաձայն ՀՀ ՊՆ թիվ 410-13 հրամանի, զորակոչիկին պետք է 6-ամսյա ժամկետով տարկետում տրամադրվեր: Զինծառայությանը՝ զորակոչիկի պիտանիության հարցը վերանայելու վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2015 թ. սեպտեմբերից ՀՀ Պաշտպանության նախարարությանը ներկայացված գրություններին ի պատասխան՝ Նախարարությունից նախ հայտնել են, որ զինծառայողը պետք է ներկայացվի առաջիկա ԿՌԲՀ նիստին, ապա նաև նշել են, որ հետազոտությունները շարունակվում են:

Ընդ որում՝ երկրորդ պատասխանն ստացվել է Կազմակերպության կողմից նույն հարցով երկրորդ գրությունն ավելի քան մեկ ամիս անց ուղարկելուց հետո միայն: Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից շարունակաբար երկարաձգվել է զինծառայողի բուժումը, ցուցում է տրվել ֆիզծանրաբեռնվածությունից ազատելու մասին, սակայն այդուհանդերձ հետազոտությունների արդյունքում վերջինս ՀՀ ՊՆ 410 հրամանի 30 Գ, 28 Բ, 48 Դ հոդվածների առկայությամբ զինծառայությանը պիտանի է ճանաչվել: Եվ վերջապես, 2016 թ. դեկտեմբերի 19-ին ԿՌԲ Հանձնաժողովը որոշել է, որ «Գ. Ք.-ն պիտանի չէ ծառայության համար խաղաղ ժամանակ, պիտանի է սահմանափակումով պատերազմական ժամանակ՝ համաձայն ՀՀ ՊՆ 410 հրամանի 11 Բ, 20 Գ, 28 Բ, 48 Դ, 26 Դ, 7 Գ, 10 Գ հոդվածների»:

Հետաքրքիր է, որ որոշմամբ հստակ նշված է՝ հիվանդությունը ձեռք է բերվել ծառայության ընթացքում: Մինչդեռ ավելի քան մեկ տարի իրականացված փորձաքննություններից և ոչ մեկի արդյունքում նման որոշում չի կայացվել և անհասկանալիորեն ձգձգվել է զինծառայության պիտանիության հարցի վերջնական լուծումը: Մեկ այլ զինծառայողի՝ ԼՂՀ ՊԲ զինծառայող Կ. Հ.-ի իրավունքների պաշտպանության նպատակով 2016 թ. հոկտեմբերի 5-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել զինծառայողի մայրը՝ Ալավերդի քաղաքի բնակիչ Զ. Է.-ը: Վերջինս հայտնել է, որ որդին զինված ուժեր է զորակոչվել առողջական խնդիրներով և զորակոչից ընդամենը 3 օր անց տեղափոխվել է հոսպիտալ, հետագայում ծառայության ողջ ընթացքում պարբերաբար բժշկական օգնության կարիք է ունեցել, հայտնվել է անգամ վերակենդանացման բաժանմունքում՝ չնայած նրան, որ անընդհատ հավաստիացրել են, որ Կ. Հ.-ը պատշաճ բժշկական օգնություն է ստանում:

Ծնողի փոխանցմամբ՝ ստեղծված իրավիճակը բացասաբար է ազդել որդու ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ հոգեբանական ու մտավոր վիճակի վրա: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ Կ. Հ.-ին բժշկական զննության ենթարկելու և անհրաժեշտության դեպքում զինծառայությունից ազատելու հարցով ՀՀ Պաշտպանության նախարարություն ներկայացված երեք գրություններին ի պատասխան՝ նախ տեղեկացրել են, որ զինծառայողը կենթարկվի խորացված հետազոտության, իսկ արդեն 2017թ. ծնողի փոխանցմամբ՝ զորակոչվելուց մոտ 10 ամիս անց որոշում է կայացվել զինվորական ծառայությունից նրան ազատելու մասին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031